15 խորհուրդ Կոլբա Ջոբսից և ֆրիլանսերների համայնքից՝ օնլայն աշխատանքներում հաջողության հասնելու համար

Կարևոր է իմանալ

1. Սկսեք փոքր քայլերից

Ֆրիլանս աշխատանք անել կարելի է սկսել ֆրիլանս հարթակներոմ գրանցվելով։ Իմացեք, որ սկզբնական շրջանում պետք կլինի բավականաչափ շատ ժամանակ տրամադրել հարթակի կանոնները սովորելու, նրանում կողմնորոշվելու համար։ Եղեք ակտիվ, սկզբում դիմեք փոքրիկ առաջադրանքների/նախագծերի (օրինակ՝ տվյալների մուտքագրում), որպեսզի հնարավորինս շատ լավ արձագանք հավաքեք։ «Կօգնի նաև մասնագիտական հավաստագրերի ձեռք բերումը, քանի որ շատ գործատուներ ուշադրություն են դարձնում նաև հավաստագրերին», նշում է փորձառու ֆրիլանսեր Մարինա Խեչումյանը։

 

2. Ի սկզբանե ճիշտ տվյալներով սկսեք

Ֆրիլանս հարթակներում, ինչպես նաև վճարային համակարգերում գրանցվելիս ուշադրություն դարձրեք, որ ձեր անուն ազգանունը և այլ անձնական տվյալների գրելաձևը նույնությամբ կրկնի անձնագրինը: Հակառակ դեպքում վճարումներ ստանալիս մեծ խնդիրների առաջ կկանգնեք։

 

3. Ստեղծեք ձեր սեփական բրենդը

Ստեղծեք «գործնական» պրոֆիլ/էջ կամ բլոգ և կիսվեք ձեր ոլորտի նորություններով, օգտակար նյութերով։ Այդ բովանդակությունը կարող է դառնալ ձեր մարքեթինգային գործիքներից մեկը, իսկ պատվիրատուները կհասկանան, որ դուք մշտապես հետևում եք ոլորտին և դրա մասնագետն եք։

 

Որպես ֆրիլանսեր ձեզ ավելի լավ դիրքավորելու, անձնային բրենդի և ձեր ծառայություններն ավելի լավ ներկայացնելու համար ստեղծեք ձեր անձնական վեբ կայքը։ Անկախ նրանից, թե ինչ մասնագետ եք, կարող եք վեբ կայքի միջոցով պատմել ձեր ծառայությունների, նախորդ պատվիրատուների մասին և տեղադրել արդեն արված աշխատանքների պորտֆոլիոն։ Ուսումնասիրեք Ucraft, Wix կամ Squarespace հարթակները։ Դրանք թույլ են տալիս կայքեր ստեղծել առանց ծրագրավորման կամ դիզայնի գիտելիքների։

Ժամանակ հատկացրեք և աշխատեք ձեր LinkedIn պրոֆիլի վրա։ Հարթակի միջոցով շատ աշխատանքի առաջարկություններ են արվում։ 

Երբեմն արժե ներկայանալ որպես անհատ խորհրդատու/կոնսուլտանտ՝ ֆրիլանսերի փոխարեն։ Այն ձեզ ավելի շահավետ «կբրենդավորի» որոշ պատվիրատուների մոտ։

 

4. Նեղ մասնագիտացում ձեռք բերեք որևէ ոլորտում

Փորձեք մասնագիտանալ և խորանալ մեկ կոնկրետ նեղ ոլորտում, դարձեք դրա լավագույն մասնագետը և այդպես ներկայացեք պոտենցիալ հաճախորդներին։ Ոչ թե ուղղակի դիզայներ, այլ՝ տուրիստական ընկերությունների կայքերի դիզայներ։ Ոչ թե SMM, այլ օրինակ՝ նորաձևության ոլորտի SMM մասնագետ։ Ոչ թե քոնթենթ գրող, այլ՝ բժշկական թեմաներով բլոգային քոնթենթի մասնագետ։

 

5. Հավաքեք պատվիրատուների արձագանքը և խնդրեք բնութագրեր

Պատվիրատուների հետ հաջող նախագծի իրականացման վերջում ֆրիլանսերները կարող են արձագանք և բնութագիր խնդրել իրենց աշխատանքի վերաբերյալ։ Նման կարծիքները խիստ անհրաժեշտ են որոշ ֆրիլանս հարթակներում։ Կարծիքները կարելի է նաև տեղադրել անձնական վեբ կայքում և գեղեցիկ կազմված պրոֆեսիոնալ գնառաջարկների մեջ։ 

 

6. Հավաքեք պորտֆոլիո

Ձեր համակարգչում (կամ Dropbox/Google Drive) հատուկ թղթապանակ առանձնացրեք, որտեղ կհավաքեք ձեր իրագործած նախագծերի «պորտֆոլիոն»։ Այն շատ պետք կգա նոր պատվիրատուներին ներկայանալիս։ Տեսաարտադրանք ստեղծողները կարող են կազմել ծաղկաքաղ տեսահոլովակ։ 

 

7. Որոշեք, թե ինչ սկզբունքով եք վճարվելու

Փորձեք խուսափել ըստ աշխատած ժամանակի վճարվելու (ժամավճար) տարբերակից և նախընտրեք գնառաջարկ անել ըստ նախագծի։ 

Ֆրիլանս աշխատանքի մեջ շատ բաներ «ետնաբեմում» են տեղի ունենում և պատվիրատուն չի կարող տեսնել, թե որքան նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, քանի մտագրոհներ, քանի փորձնական տարբերակներ են ստեղծվում մինչև վերջնականը։ Ըստ նախագծի գնառաջարկը նշանակում է որ աշխատանքը դիտարկում եք որպես ավարտուն նախագիծ, պատվիրատուի հետ միասին գծելով դրա ամբողջական շրջանակը, ապա դրան գին և ժամանակացույց եք կցում։ Այստեղ գնահատվում է նախագծի ամբողջական արժեքը և պատվիրատուն գիտի, թե որքան գումար է նախատեսում։ Բացի այդ, կազատվեք նաև ժամահաշվարկ անելուց։ Սա, իհարկե, վերաբերում է ոչ բոլոր տեսակի աշխատանքներին։

 

8. Լավ ուսումնասիրեք պատվիրատուին և առաջադրանքի նախագիծը, պարզեք դրա բյուջեն

Որևէ ֆրիլանս առաջադրանքի դիմելուց առաջ ուսումնասիրեք առաջադրանքի նախագիծը, առաջադրանքի շրջանակը, վերջնական արդյունքները և միշտ հարցրեք բյուջեի մասին։ Այդ տեղեկատվությունը կարող է չտրամադրեն, իսկ եթե տրամադրեն՝ ավելի հեշտ կլինի ձեր աշխատանքի առաջարկն ու գնառաջարկն անելը:

 

9. Իմացեք ձեր աշխատանքի գինը և գնահատեք ժամանակը

Հեռավար աշխատողների/ֆրիլանսերների մոտ, հատկապես երբ նրանք դեռ բավարար փորձառու չեն հեռավար հաղորդակցման մեջ, երբեմն լինում են պահեր, երբ գործընկերները/հաճախորդները սկսում են ավելի շատ պահանջել, քան նախատեսված էր նախնական պայմանավորվածությամբ, կամ էլ ուղղակի, առանց պայմաններ հստակեցնելու, սկսում են ինչ-որ աշխատանքներ հանձնարարել։ Ինչպե՞ս վարվել։ Օգտվեք այս հուշաթերթից և իմացեք, թե որ արտահայտություններ են դիտվում տեղին՝ պայմանները հստակեցնելու համար։ 

 

10. Շատ մի աշխատեք, աշխատեք խելացի կերպով (Work Smarter, not Harder)

«Պետք չէ շատ աշխատել, այլ պետք է լավ աշխատել: Լավ աշխատելու համար պետք է լավ հանգտանալ: Իսկ լավ հանգստանալու համար էլ՝ լավ աշխատել», ասում է ֆրիլանս ուսուցիչ Անի Վարդանյանը: Երբեմն արժե իրականություն դարձնել ֆրիլանսի շուրջ տարածված միֆերից մեկը՝ մեկնել այլ երկիր, օրինակ մի չքնաղ ծովափ և ժամանակավորապես այնտեղից աշխատել։ Եթե դեռ նման ֆինանսական հնարավորություն չունեք՝ թող սա դառնա խելացի աշխատելու համար ձեր մոտիվացիաներից մեկը։

 

11. Մի փոքր հավելյալ ուշադրություն հաճախորդներին

Շնորհավորեք ձեր մշտական պատվիրատուներին՝ տոների և ծննդյան կապակցությամբ։ Ուղարկեք հետաքրքիր բացիկներ։ 

Աշխատեք առաջադրանքի հանձնման ժամկետը սահմանել այնպես, որ ակնկալվածից մի փոքր ավելի շուտ վերջացնեք և հաճելիորեն զարմացրեք մշտական ուշացումներից հոգնած պատվիրատուներին։ Երբեմն կարող եք նաև նրանց սպասելիքները գերազանցել՝ մի փոքր հավելյալ ջանք գործադրելով։ Այդպիսով կապահովեք ձեր մշտական համագործակցությունը և կստանաք այնպիսի արձագանքներ և բնութագրեր, որոնց շնորհիվ ձեր պատվիրատուները ձեզ խորհուրդ կտան ուրիշներին։ 

 

12. Դարձեք քովորքինգ համայնքի անդամ

Ֆրիլանսերի կյանքը կարող է երբեմն միայնակ թվալ։ Քովորքինգը ոչ միայն հարմար աշխատավայր է, այլ նաև համայնք, որը կարող է ազատել միայնության զգացումից, օգնել գտնել նոր գործընկերներ կամ պատվիրատու/հաճախորդներ։ Երևանում մի քանի հետաքրքիր քովորքինգներ կան, օրինակ՝ Impact Hub, 256 Hub, COWO։

 

13. Զգուշացեք խարդախության զոհ դառնալուց

Պետք է զերծ մնալ անհասկանալի, վստահություն չներշնչող հարթակների կամ պատվիրատուների հետ աշխատելուց։ «Ավելի զգոն եղեք, երբ աշխատում եք պատվիրատուի հետ ոչ ֆորմալ հարթակում՝ պահանջելով նրանից աշխատանքի հստակեցում և պայմանագրի առկայություն», զգուշացնում է ֆրիլանս հետազոտող Նելլի Մինասյանը։

 

14. Անդադար սովորեք, կատարելագործեք ձեր հմտություններն ու գիտելիքները 

«Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս ներդրեք բոլոր ջանքերը, հնարավորինս լավ ու պարտաճանաչ աշխատեք ցանկացած պատվերի վրա։ Յուրաքանչյուր պատվեր վերցնելիս առաջնորդվեք ոչ միայն վճարի չափով, այլ նաև այն փաստով, թե ինչ նոր գիտելիքներ ու հմտություններ կտա ձեզ այն», խորհուրդ է տալիս ֆրիլանս թարգմանիչ Անի Անանյանը։ 

 

15. Իմացեք, թե ինչ հմտությունների կարիք ունեք ֆրիլանսում հաջողելու համար

Կոլբա Ջոբսը խոսել է բազմաթիվ ֆրիլանսերների և հեռավար աշխատողների հետ և առանձնացրել այն «փափուկ հմտությունների», անձնային հատկանիշների և պայմանների շրջանակը, որոնք օգնում են առավել հաջողակ լինել հեռավար ձևաչափի աշխատանքներում։ 

  • Արդյո՞ք ունեք հարմարավետ և տրամադրող աշխատանքային տարածք, կարողանո՞ւմ եք ճիշտ պլանավորել ձեր ժամանակը և բաշխել աշխատանքը։ 
  • Ո՞րն է ձեր մոտիվացիայի աղբյուրը, պատրա՞ստ եք աշխատել ընդունված աշխատանքային ժամերից դուրս։ 
  • Ինչպե՞ս կգնահատեք դիմացինին լսելու ձեր կարողությունը, արդյո՞ք բավարար համբերատար եք, կարողանում եք դիմացինին հասկանալ, բացահայտել իր կարիքները առանց դեմ-առ-դեմ շփման։ 
  • Կարո՞ղ եք աշխատել տարբեր ազգերի, մտածելակերպի մարդկանց հետ։ 
  • Պատրա՞ստ եք պահանջվածից մի փոքր ավելին անել, գերազանցել սպասելիքները, որպեսզի պատվիրատուները դառնան մշտական և իրենց ընկերներին էլ խորհուրդ տան աշխատել ձեզ հետ։ 
  • Կարողանո՞ւմ եք արդյոք ճիշտ ներկայացնել ձեզ, վաճառել ձեր անձնային բրենդը։ 
  • Արդյո՞ք ստացվում է բավարար ճկունություն ցուցաբերել, աշխատել անորոշության պայմաններում, և զուգահեռ աշխատել մի քանի նախագծի վրա։ Ունե՞ք ինքնուրույն սովորելու կարողություն և ձգտում։ 
  • Կարողանո՞ւմ եք ինքնուրույն գտնել ձեր հարցերի պատասխանները և անհրաժեշտ տեղեկատվությունը առանց ուրիշներին դիմելու։ 
  • Ունե՞ք բավարար գիտելիքներ թվային գործիների և աշխատանքային մեթոդների մասին (օրինակ սքրամ շրջանակ և ճկուն մեթոդաբանություն)։ 
  • Կարողանո՞ւմ եք գլուխ հանել պայմանագրերի և հարկային թեմաներին վերաբերող թղթաբանությունից, ստեղծել հաշիվներ և գնահատել աշխատանքի ծավալները և ֆինանսական ծախսերը։

Հուսանք այս հարցերը մտածելու տեղիք տվեցին։ Իսկ թե ինչպես կարող եք գնահատել ձեր հմտությունները և իմանալ, թե ինչը բարելավելու կարիք ունեք՝ կարող եք պարզել մեր հմտությունների կողմնացույց գործիքի միջոցով։