Հեռավար, ֆրիլանս թե՞ աշխատանք տնից․ ի՞նչ պետք է իմանալ

Կարևոր է իմանալՀեռավարՖրիլանս

Հեռավար աշխատանքի, ֆրիլանսի և տնից աշխատանքի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան։ Շատերը չեն հասկանում դրանց տարբերությունները, և այս օրերին, երբ շատերը տնից են աշխատում ու շատերն էլ մտածում են հեռավար աշխատանքի անցնելու մասին, մտածեցինք ձեզ պատմել աշխատանքի կազմակերպման այս տարբերակների մասին և տալ որոշ պատասխաններ։ 

Հեռավար աշխատանքի, ֆրիլանսի և տնից աշխատանքի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան։ Շատերը չեն հասկանում դրանց տարբերությունները, և այս օրերին, երբ շատերը տնից են աշխատում ու շատերն էլ մտածում են հեռավար աշխատանքի անցնելու մասին, մտածեցինք ձեզ պատմել աշխատանքի կազմակերպման այս տարբերակների մասին և տալ որոշ պատասխաններ։ 

Աշխատանք տնից 

Մինչև COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը տնից աշխատանքը (անգլերեն ասում են work from home, տարածված է WFH հապավումը, նաև անվանում են telework, telecommuting) հասանելի էր միայն որոշ ընկերությունների որոշակի հաստիքների աշխատակիցներին՝ այն էլ սահմանափակ ժամանակահատվածի համար։ Ընդհանուր միտումը գնում էր նրան, որ ավելի ու ավելի շատ ընկերություններ են սկսում թույլատրել տնից աշխատել՝ աշխատակիցների կյանքի որոշ հանգամանքներից ելնելով, կամ ուղղակի գրասենյակի վերանորոգման պատճառով։

Համավարակը ստիպեց, որ ԱՄՆ-ում աշխատողների ⅔-ն անցնեն տնից կամ հեռավար աշխատանքի (Հայաստանի վիճակագրության մասին, ցավոք, տվյալներ դեռ  չունենք)։ Սա բացահայտեց, թե իրականում որքան աշխատանքներ կարող են արվել հեռավար, տնից, նույնիսկ երեխաների ներկայությամբ։ Աշխատողները կարող են դիմադրել գրասենյակ վերադառնալու կոչերին այն բանից հետո, երբ արդեն վայելել են աշխատավայր հասնելու համար ծախսած ժամանակը (վառելիքը, գումարը) խնայելը և իրենց տնային հագուստը փոխելու կարիքը չլինելու ճոխությունը։

Արեգն աշխատում է Հայաստանի ՏՏ ընկերություններից մեկում, ինչպես շատերն այս օրերին՝ տնից։ Իր խոսքով, հիմնական դժվարությունները, երեխաների աղմուկից բացի, ժամեր շարունակ միևնույն տեղում մնալն է՝ բոլոր հանդիպումները (տեսա-)զանգերով են, հաճախ առանց ընդմիջումների։ Աշխատանքն ավելի լարված է և պրոդուկտիվ։
Առավոտյան աշխատանքն սկսում է այսպես՝ հագնվում, մի բաժակ սուրճ է վերցնում, ընտանիքին հրաժեշտ տալիս ու դուրս է գնում «աշխատանքի»։ Իրականում, մի կես ժամ բակում քայլում է, մտքերը հավաքում, այնուհետև գալիս է տուն և նստում հյուրասենյակի սեղանի շուրջ, որը դարձել է իր գրասենյակը։ Շատ կուզենա վերադառնալ գրասենյակ աշխատելու, սակայն ոչ թե մշտական, այլ ազատ ընտրությամբ։

Facebook և Google ընկերությունները աշխատակիցների մեծ մասին թույլատրելու են մինչև 2020 տարվա վերջ աշխատել տնից։ Ֆեյսբուքը նաև հավելյալ բոնուսներ է վճարել իր աշխատակիցներին, տնից աշխատելու ժամանակ երեխաների խնամքի հարցը լուծելու համար։

Կանխատեսումներ են արվում, որ համավարակից հետո տնից աշխատողների թիվն ավելանալու է։ Օրինակ, Twitter ընկերությունը հայտարարել է, որ իր աշխատակիցները կարող են ընդմիշտ աշխատել տնից։ Սակայն, ոչ բոլոր ընկերություններն են հակված նման առաջարկ անելու, նույնիսկ եթե աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս։ Ղեկավարների մտահոգություններից է այն, որ տնից աշխատողը կարող է շատ գլուխ պահել։ Որոշ գործատուներ փորձում են վերահսկել տնից աշխատողների տեղաշարժումները և համակարգչի աշխատանքը որոշակի ծրագրերի միջոցով, ինչը շատ դժգոհություններ է առաջացնում։ Հեռավար աշխատակիցներ ունեցող ղեկավարն իհարկե պետք է պատրաստ լինի այնպես կազմակերպել աշխատանքը, որ աշխատակցի արդյունավետությունը չտուժի, առանց նրա ամեն քայլը հետևելու։ Պետք է ապահովվեն ծրագրերի հասանելիությունը և անվտանգության անհրաժեշտ կարգավորումները։

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՏՆԻՑ

Աշխատավայրը՝ առավելապես տուն

Ժամանակահատվածը՝ սովորաբար ժամանակավոր պայմանվորվածություն է, հետո պետք է լինում գրասենյակ հաճախել, թեկուզ միայն շաբաթվա որոշակի օրերի, ժամերի

Աշխատաժամերը՝ հիմնականում ըստ ֆիքսված գրաֆիկի 9-18, 10-19

Առավելություններ՝ հարազատ միջավայր, ճանապարհի վրա ժամանակի խնայողություն

Թերություններ՝ ավելի ինտենսիվ աշխատանք, ոչ այնքան հարմար աշխատատեղ, շեղող ընտանիքի անդամներ

Հարմար է՝ աշխատավայրից հեռու ապրողներին, տանը աշխատանքի համար հարմար պայմաններ ունեցողներին (առանձին սենյակ, արագ ինտերնետ)

Հեռավար աշխատանք

Հեռավար աշխատողը ընկերության հիմնական աշխակիցներից մեկն է, ով սակայն, չի աշխատում ընկերության գրասենյակում։ Նա կարող է գտնվել ուրիշ քաղաքում, երկրում, կարող է աշխատել տնից կամ այլ հարմար վայրից։ Հեռավար աշխատակիցը սովորաբար ունի նույն առավելություններն ինչ գրասենյակում աշխատող իր գործընկերը՝ մշտական պայմանագիր, ապահովագրություն, արձակուրդի օրեր, սոցիալական փաթեթներ և այլն։ 

Հեռավար աշխատողները տնտեսապես ավելի շահավետ են գործատուների համար, քանի որ չեն զբաղեցնում գրասենյակային տարածք, և ընկերությունները հնարավորություն ունեն ընտրել աշխատակիցների առավել լայն շրջանակից՝ գտնելով իրենց ամենահարմար տարբերակը աշխարհի ցանկացած կետից, սահմանափակված չլինելով իրենց մոտակա տարածքով։ Ապացուցված է, որ հեռավար աշխատողներն ավելի գոհ են լինում իրենց աշխատանքով և ավելի քիչ են հակված դուրս գալու նման աշխատանքից։

Լիլիթն աշխատում է մի նորաստեղծ ամերիկյան ընկերությունում որպես վաճառքի գծով մենեջեր։ Նա կազմում է ընկերության համար պոտենցիալ հաճախորդ ընկերությունների ցանկեր և նրանց ուղարկում է վաճառքի նամակներ։ Գտնվելով երեխայի խնամքի արձակուրդում, սա շատ հարմար տարբերակ է իր համար՝ աշխատել իրեն հարմար ժամերին և ունենալ որոշակի եկամուտ։ Նա ունի երկարաժամկետ պայմանագիր և գործատուն սահմանել է որոշակի մինիմալ ժամերի երաշխավորված վճար (retainer), որոնցից ավել աշխատելու համար նա հավելյալ վճարվում է՝ ըստ ժամերի։ Որպես հեռավար աշխատակից, Լիլիթը նաև ունի իր օգնությամբ կատարված վաճառքներից որոշ տոկոս։

Որքան զարգանում են տեխնոլոգիաները, այնքան պակասում է գրասենյակից կապված լինելու կարիքը։ Դյուրակիր համակարգիչները, ինտերնետի տարածումը և հասանելիությունը, նախագծերի կառավարման, թիմային հաղորդակցության ծրագրերը, ամպային տեխնոլոգիաները (երբ աշխատանքի համար անհրաժեշտ ֆայլերը կարող են հասանելի լինել ցանկացած վայրից ու «ֆիզիկապես» չեն գտնվում կոնկրետ համակարգչի վրա), այս ամենը հնարավոր է դարձնում այնպիսի հաստիքների հեռավար աշխատանքը, որոնք որպես այդպիսին երկար ժամանակ չեն դիտարկվել։ Օրինակ շատերը պատկերացնում են, որ ծրագրավորողը կարող է աշխատել հեռավար, իսկ գործառնական տնօրե՞նը: 

Upwork-ի կանխատեսումով (նույնիսկ մինչ COVID-19), մինչև 2028 թվականը ընկերությունների բաժինների 73% կունենան հեռավար կամ ֆրիլանս աշխատակիցներ։

 

ՀԵՌԱՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Աշխատավայրը՝ կարող է լինել ամենուր՝ տուն, քովորքինգ, սրճարան

Աշխատաժամերը՝ կարող է լինել ըստ ֆիքսված գրաֆիկի 9-18, 10-19, կամ ազատ

Ժամանակահատվածը՝ սովորաբար մշտապես հեռավար

Առավելություններ՝ ժամանակը տնօրինելու ազատություն, հնարավորություն աշխատելու այլ երկրներում հիմնված ընկերությունների հետ

Թերություններ՝ որոշ դեպքերում կոլեգաների հետ անձնական շփման պակաս

Աշխատանքի բոնուս՝ ունի նույն առավելությունները ինչ գրասենյակում աշխատողները՝ գործատուն վճարում է հարկերը (կախված երկրներից), տրամադրում է որոշակի սոցիալական փաթեթ՝ բոնուսներ, ապահովագրություն և այլն, նաև գործատուն կարող է վճարել անհրաժեշտ քովորքինգի տարածքի, համակարգչի, ծրագրային ապահովման և այլ հարմարությունների համար։

 

Ֆրիլանս աշխատանք

Ֆրիլանս աշխատանքն առավելապես նախագծային է։ Այն սովորաբար ունենում է կոնկրետ վերջնական արդյունքի նկարագիր, վճարվում է հենց այդ արդյունքի համար՝ գործարքային։ Ֆրիլանսերը կարող է ընտրել իր ունակություններին, ժամանակին ու նախասիրություններին համապատասխան նախագծեր, կարող է այնքան գործ վերցնել, որ գիշերները չքնի, բայց նաև կարող է իրեն թույլ տալ որոշ ժամանակ ընդհանրապես չաշխատել։ Ֆրիլանսերն ինքնազբաղված է (self-employed), կարող է աշխատել մի քանի հաճախորդի համար, վճարվել ըստ աշխատած ժամերի, գրված տեքստի/կոդի տողերի, թարգմանված բառերի համար և այլն։ Ֆրիլանսերները պատասխանատու են իրենց հարկային վճարումների համար և չունեն այն առավելությունները, որն ունեն ընկերության հիմնական աշխատակիցները՝ սոցիալական փաթեթներ, բոնուսներ և այլն։ Ֆրիլանսերներ կարող են լինել ծրագրավորողներ, դիզայներներ, լուսանկարիչներ, գրողներ, մարքեթինգի մասնագետներ, թարգմանիչներ և շատ այլ մասնագետներ։

Արևիկը դիզայներ է։ Արդեն չորս տարի է աշխատում է ֆրիլանս տարբերակով, աշխատանքը գտնում է առցանց հարթակներում։ Յուրաքանչյուր նախագծի համար նախապես որոշված է որոշակի բյուջե և տրված են որոշակի պահանջներ վերջնական արդյունքի համար։ Ժամանակի հետ արդեն սովորել է ճիշտ հաղորդակցվել պատվիրատուների հետ և արդեն գիտի ինչ է ակնկալվում իրենից։ Արդեն սովորել է աշխատանքային ռեժիմին, ազատությանը ու չի պատկերացնում իրեն ֆիքսված ժամերով մշտական աշխատանքի վերադառնալիս։

Ըստ մի ուսումնասիրության, երբ խիստ կարիք կա՝ ֆրիլանսերների 25%-ը կարող է աշխատանք գտնել 1 օրում։ Ֆրիլանսերների միայն 5%-ն է, որ միայն մի հմտության վրա հիմնված աշխատանք է կատարում։ Ըստ վիճակագրության՝ ֆրիլանսերների 95%-ը այնպիսի աշխատանքներ է վերցնում, որ իրենցից պահանջվում է սովորել նոր հմտություններ և համապատասխանել նոր պահանջների։

Ինչո՞ւ են ընկերությունները նախընտրում աշխատել ֆրիլանսերների հետ։ Շատ տարբեր դեպքեր են լինում, օրինակ երբ ինչ-որ աշխատակցի անհրաժեշտություն լինում է միայն ժամանակ առ ժամանակ և իմաստ չունի հաստիքային աշխատող պահել, օրինակ՝ լոգոյի դիզայնը կամ տարեկան հաշվետվության պատրաստումը։ Ֆրիլանսերների համար ընկերությունը ավելի քիչ ծախսեր է անում՝ ապահովագրություն և այլ առավելություններ չի տրամադրվում։ Որոշ դեպքերում ընկերության համար շատ շահավետ է լինում իր համար շատ թանկ ռեսուրսի (շատ փորձառու ու «թանկ» մի մասնագետի) ներգրավումը իր գործունեության մեջ ֆրիլանս տարբերակով։

ՖՐԻԼԱՆՍ ԱՇԽԱՏԱՆՔ

Աշխատավայրը՝ տուն, քովորքինգ, սրճարան – ամենուր

Աշխատաժամերը՝ ազատ գրաֆիկ

Առավելություններ՝ ժամանակը տնօրինելու ազատություն, հնարավորություն աշխատելու տարբեր պատվիրատուների հետ

Թերություններ՝ պարբերաբար նոր պատվիրատուներ և նախագծեր գտնելու կարիք, սեփական հարմարությունները ստեղծելու կարիք՝ համակարգիչ, կապ, անհրաժեշտ ծրագրային ապահովում

Առանձնահատկություն՝ պատասխանատու է իր հարկերի համար։


Գրաֆիկով փորձել ենք ներկայացնել աշխատանքի կազմակերպման տարբերակների համեմատական նկարագիրը ըստ 5 պարամետրերի։

Ռեսուրսների հասանելիությունգործատուն աշխատակցին ապահովում է աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, գործիքներով և նյութերով՝ համակարգիչ, ծրագրային ապահովում, քովորքինգ տարածքի բաժանորդագրություն և այլ անհրաժեշտ ռեսուրսներ։

Աշխատակցի բոնուսներ․ աշխատակիցներին տրվող հավելյալ առավելություններից են օրինակ՝ վճարվող արձակուրդը, առողջության ապահովագրությունը, գործնական ճամփորդությունները, դասընթացներն ու վերապատրաստումները, գրասենյակում որոշ հարմարությունները՝ խաղային կամ հանգստի սենյակ, անվճար սուրճ, քաղցրավենիք և ճաշ։

Եկամտի ստաբիլություն․ ընկերության աշխատակիցները, անկախ նրանից աշխատում են հեռակա, տնից թե գրասենյակից, սովորաբար ունենում են ֆիքսված ամսական աշխատավարձ, մինչդեռ ֆրիլանսերները պետք է մշտապես նոր պատվիրատուներ գտնեն և իրենց եկամուտը երաշխավորված չէ։

Նախագծերն ընտրելու ազատություն․ ընկերության աշխատակիցները սովորաբար չեն կարող ընտրել, թե ինչի վրա աշխատեն՝ ո՞ր նախագիծն է, որ իրենց ավելի հոգեհարազատ է և որն է հնարավորություն տալիս նոր բաներ սովորելու, աճելու։ Ֆրիլանսերը կարող է ընտրել որ պատվիրատուի հետ կամ որ նախագծի վրա աշխատի կամ կարող է որոշել, օրինակ, մի կես տարի ոչ մի պատվեր չվերցնել և վայլելել հանգիստը։ Ընկերության աշխատակիցն այսպիսի ճոխություն չի կարող իրեն թույլ տալ։

Աշխատաժամանակի ազատություն ֆրիլանսերը կարող է ընտրել աշխատել իրեն հարմար ժամերի, մինչդեռ ընկերության հեռավար կամ տնից աշխատող աշխատակիցները պետք է հասանելի լինեն իրենց գրաֆիկով նախատեսված աշխատաժամերին։ 

Սոցիալական շփումներ․ ընկերությունում աշխատանքը ենթադրում է շփումներ այլ աշխատակիցների հետ, թեկուզ վիրտուալ տիրույթում․ Ֆրիլանսերները սովորաբար չեն ունենում կոլեգաներ ու շփվում են միայն պատվիրատուների հետ։

 

Տնից աշխատելն ունի բազում առավելություններ՝ կարելի է վաստակել գրեթե նույն գումարը և ունենալ նույն առավելություններն ինչ գրասենյակային աշխատողը, միևնույն ժամանակ ունենալով օրվա ընթացքում ժամանակը տնօրինելու որոշակի ազատություն։ Օրինակ՝ արագ նախապատրաստել ճաշը, կամ միացնել լվացքի մեքենան, գտնվելով որոշ խմբային զանգերի ունկնդրի դերում, կամ գոնե հասցնել սառցախցիկից հանել երեկոյի համար նախատեսված հավը։ Փոքր երեխաների հետ, իհարկե, տնից աշխատելը հերոսություն է։ Պետք է նախապես ստեղծել հարմար պայմաններ՝ խիստ ցանկալի է առանձնացված, անաղմուկ սենյակը։ Պատուհանի առկայությունը՝ երբեմն հայացքը հեռվին սևեռելու, աչքերը հանգստացնելու համար և բավարար ցերեկային լուսավորությունը խիստ կարևոր են։ Պետք չէ թերագնահատել նաև հարմար աթոռի կարևորությունը։ Ձեր մեջքը դեռ երկար կարող է հիշեցնել ձեզ լարված աշխատանքային օրերի մասին։ Եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս, անպայման հարցրեք գործատուին երբեմն տնից աշխատելու հնարավորության մասին։ 

Հեռավար աշխատել ընտրողները կարող են չսահմանափակվել միայն իրենց երկրում տեղակայված ընկերություններին դիմելու համար։ Նրանք կունենան տնից աշխատողների առավելությունների մեծ մասը, սակայն կարող են ընտրել նաև աշխատել այսպես կոչված քովորքինգ վայրերից (ընդհանուր գրասենյակային տարածք, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված, որոնց կարելի է միանալ ամսավճարով) և սրճարաններից։

Ֆրիլանս աշխատանք ընտրողները պետք է պատրաստ լինեն ավելի շատ ժամանակ և էներգիա տրամադրելու շարունակական պատվերներ ապահովելու համար, բայց դրա փոխարեն շահելու են անկախություն և ավելի մեծ ազատություն աշխատելու երբ և որտեղից ցանկանան։ Ֆրիլանսերները պետք է պատրաստ լինեն ապահովել իրենց անհրաժեշտ սարքերի, ծրագրերի, նյութերի ձեռքբերումը, ինչպես նաև հարաբերական «միայնությանը», գործընկերների բացակայության պարագայում։ 

Պատրա՞ստ ես փորձելու։