Աշխատանք տնից․ 4 խորհուրդ աշխատասենյակի ճիշտ կազմակերպման համար

Կարևոր է իմանալ

Համավարակի տարածման տեմպի նվազմանը զուգահեռ՝ բազմաթիվ ընկերություններ վերադառնում են իրենց գործունեության բնականոն ռիթմին և աստիճանաբար դադարեցնում հեռավար աշխատանքը։ Սակայն COVID-19-ի արդյունքում սկսված որոշ գործընթացներ այլևս անդառնալի էին, և սա չի վերաբերում միայն բացասական հետևանքներին։ Գրասենյակային աշխատակիցներից շատերը, զգալով տանն աշխատելու անվերջանալի դրական կողմերը, այլևս չեն ցանկանում վերադառնալ խիստ գրաֆիկով աշխատանքին գրասենյակում և այժմ փորձում են վերափոխել իրենց աշխատանքային կարիերան՝ սահուն անցում կատարելով ֆրիլանսինգին և տնից աշխատելուն․ որոշ ընկերություններ թույլ են տալիս աշխատողներին հաճախել աշխատավայր ըստ հիբրիդային գրաֆիկի, երբ հաջորդաբար տնից կամ գրասենյակից են աշխատում։ Ընկերությունները հասկացել են, որ կարելի է խնայել հսկայական գրասենյակային տարածքների վարձակալության վրա և շատերը փոքրացրել են աշխատատարածքները՝ հրաժարվելով մեծ տարածքների վարձակալումից։

 

Տնից աշխատանքը, սակայն, որքան էլ հարմար է և լայն հնարավորություններ է ընձեռում, այնուամենայնիվ, իր հետ որոշ բարդություններ է բերում։ Տնից աշխատելու սկզբնական շրջանում բարդ է հարմարվել տան պայմաններին, հատկապես, երբ չկա հնարավորություն դուրս գալու և աշխատելու որևէ սրճարանում։ Կայուն գրաֆիկով գրասենյակային աշխատանքից տուն վերադառնալիս հաճախ արդեն տան պայմաններում շարունակում ես աշխատել և անհրաժեշտ է, որ աշխատանքային արդյունավետությունդ չտուժի։ Ի՞նչ անել այս դեպքում, ինչպե՞ս կահավորել աշխատասենյակը կամ ինչպե՞ս աշխատավայր առանձնացնել տան ներսում, ի՞նչ փոփոխություններ կատարել սենյակում, որպեսզի տնից աշխատելը լիարժեք հարմարավետ լինի և թույլ տա կենտրոնանալ միայն աշխատանքի վրա։ Նմանատիպ հարցերին պատասխանելու նպատակով ձեզ համար մի քանի խորհուրդ ենք գրի առել, որոնք կիրառելով՝ կարող ես հարմարավետ աշխատավայր ստեղծել քեզ համար։

 

Լուսավորություն

Սկսենք ամենակարևորից՝ լուսավորությունից։ Եթե տան մեջ հատուկ աշխատասենյակի համար նախատեսված առանձին տարածք ունես և հնարավորություն մի փոքր վերանորոգում կատարելու, ջահերի փոխարեն կարելի է լուսավորել սենյակը առաստաղի լույսերով։ Դրանք հավասարաչափ են բաշխում լուսավորությունը տարածքում, գտնվում են ճիշտ հեռավորության վրա միմյանցից և մարդկանցից, չեն լարում տեսողությունը և չեն հոգնեցնում աչքերը։ Եթե աշխատասենյակդ առանձնացված չէ, ապա տան այն հատվածը, որտեղ պատրաստվում ես աշխատել, կարող ես լուսավորել սեղանի լամպերով։ Դրանք հեշտությամբ ճկվում են և փոփոխում դիրքը՝ ծառայելով ըստ անհրաժեշտության։ Ինչ վերաբերում է ցերեկային աշխատանքին, ապա հնարավորության դեպքում որպես աշխատավայր ընտրիր այնպիսի տարածք, որը պատուհաններ կամ պատշգամբ կունենա։ Սա թույլ կտա ճիշտ օգտագործել արևի բնական լույսը և խնայել աչքերը արհեստական լույսից։ 

Վերջերս լայն տարածում են սկսել գտնել օղակաձև լեդ լամպերը, որոնք, բացի սելֆիների համար իրենց կիրառությունից, շատ հարմար են դառնում վիդեոզանգերի ժամանակ դեմքի համար անհրաժեշտ լուսավորություն ստեղծելու համար, հատկապես, երբ անհրաժեշտ է լինում վիդեոզանգեր կատարել երեկոյան ժամերի։ Դրանք սովորաբար բավականին մատչելի են և սնուցվում են համակարգչի USB-բնիկից։ 

 

Օդափոխություն

Պակաս կարևոր չէ, իհարկե, աշխատասենյակի օդափոխությունը։ Փորձի՛ր աշխատանքային անկյունդ հավաքել տան այն հատվածում, որտեղ հնարավորինս շատ է մաքուր օդ լցվում, ցանկալի է, որ դա լինի բնակարանիդ կամ տանդ բակի ծառաշատ կողմը։ Մաքուր օդը դրական ազդեցություն ունի ուղեղի աշխատանքի վրա, սթափ և թարմ է պահում ուշադրությունդ, նվազեցնում է հոգնածությունը, այդ իսկ պատճառով մատների արանքով մի՛ նայիր աշխատավայրիդ ճիշտ օդափոխությանը։ Եթե պատուհանի կամ պատշգամբի մոտ աշխատելու հնարավորություն չկա, ապա կարող ես օդափոխիչ և օդը խոնավացնող և մաքրող սարքեր տեղադրել, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունն ու կբարելավեն ճիշտ շնչառությունդ աշխատանքի ընթացքում։ Աշխատանքային հատվածում կարելի է տեղավորել նաև փոքր բույսեր, որոնք կհարստացնեն օդը թթվածնով, ինչպես նաև ավելի հանդարտ մթնոլորտ կստեղծեն։

 

Ձայնամեկուսում

Չնայած այս փոփոխությունը սենյակը կրկին վերանորոգելու պես մի բան է ենթադրում, այնուամենայնիվ, այն չափազանց կարևոր է, եթե ապրում ես աշխույժ և չքնող թաղամասում, կամ ունես մեծ ընտանիք։ Ձայնամեկուսիչ նյութերը, կախված իրենց տեսակից, պաշտպանում են սենյակդ թե՛ դրսի աղմուկից, թե՛ ստեղծում հանգիստ պայմաններ հենց տան ներսում՝ մեկուսացնելով կողքի սենյակների աղմուկը։ Դրանք հաճախ մատչելի են և կիրառման մեջ որևէ բարդություն չեն առաջացնում, պարզապես պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե հատկապես որ լուծումն է քեզ հարմար։

Սենյակի կահավորում

Վերջին շրջանում, հատկապես՝ համավարակի ընթացքում մեծ տարածում գտավ աշխատասենյակների էրգոնոմիկ կահավորումը։ Վերջինիս նպատակն է սահմանափակ տարածքը կահավորել հնարավորինս հարմարավետ կերպով՝  հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են․

  • Սուր անկյունների նվազեցումը, որն աշխատանքի ընթացքում կպակասեցնի անհարմարության զգացողությունը,
  • Սեղանի և աթոռի միջև բարձրության և հեռավորության ճիշտ սահմանումը,
  • Մարմնի ձևին առավելագույնս հարմարեցված լինելը, ինչը թույլ կտա աշխատել արդյունավետ անգամ երկար աշխատանքային օրվա ընթացքում,
  • Փոփոխական և հարմարեցվող բարձրությամբ աթոռների և սեղանների կիրառումը, ինչի շնորհիվ երկար ժամեր նստած մնալու փոխարեն կարելի է աշխատել կանգնած, հենված, կիսանստած՝ առանց վնասելու սեփական առողջությունը։

Բացի կահույքի հարմարավետությունից, կան սենյակի կահավորման մի շարք հնարքներ, որոնք թույլ կտան էլ ավելի հարմարեցնել աշխատանքային տարածքդ, օրինակ, վիդեոզանգերի համար։ Եթե չես ցանկանում, որ վիդեոզանգիդ ընթացքում երևա մեջքիդ հետևում տեղի ունեցողը, կամ եթե բնակարանդ վերանորոգում ես և տարածքը “ֆոտոգենիկ” չէ, ապա կարող ես ձեռք բերել ճկուն ֆոնային պաստառներ․ դրանք կարող ես թե՛ պատի վրա փակցնել, թե՛ ամրացնել որևէ հենակի վրա, և մեջքիդ հետևում կհայտնվեն գունավոր փայլեր, Լաս Վեգասի լույսերը կամ, գուցե, Բալիի բնությունը․ ճաշակին ընկեր չկա 😁

Այս և մի շարք այլ խելացի հնարքներ կօգնեն տնից աշխատանքը հնարավորինս մոտեցնել գրասենյակային մթնոլորտին, ինչի շնորհիվ կստացվի էլ ավելի արդյունավետ աշխատել։ Որքան շուտ հարմարեցնես տունդ աշխատանքին, այնքան ավելի պրոդուկտիվ կդառնա տնից աշխատելը, լինի դա պարտադիր թե կամավոր։ Իսկ եթե, այնուամենայնիվ, տանը նման պայմաններ ստեղծելն անհնար է (օրինակ, երբ այն ստուդիո բնակարան է և ունեք երեխաներ), լավ միտք է ուսումնասիրել մոտակայքի քովորքինգ վայրերը։