Ես Անին եմ՝ Ձեր անգլերենի ուսուցչուհին:

Երբ փոքր էի, տիկնիկներիս կարգով շարում էի, ինձ իրենց ուսուցչուհին երևակայում ու իմ իմացածը սովորեցնում: Արդեն երկար տարիներ է, որ աշխատանքային առօրյաս մանկության խաղերս են հիշեցնում: Սիրում եմ անգլերենն ու հարգում եմ մարդկանց, իսկ ուրիշներին սովորեցնելով նախ ինքս եմ սովորում:

 

Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք ֆրիլանս։

Եթե մասնավոր անգլերեն դասերը համարենք ֆրիլանս աշխատանք (իսկ ինչպե՞ս այլ կերպ կոչել), ապա 12 տարի: Սկզբում ընդհանուր անգլերենի և նախաքննական անհատական դասեր էի առաջարկում բուհ ընդունվողներին, հիմա արդեն նաև այցելում եմ բազմաթիվ ընկերություններ՝ աշխատակազմի անգլերեն հաղորդակցական հմտությունները  լավացնելու առաքելությամբ:

 

Ո՞նց եք եկել ֆրիլանսինգ անելու մտքին։

Այս աշխատանքային տեմպը թույլ է տալիս ունենալ հավասարակշռված զբաղվածությամբ առօրյա: Այն համոզման եմ, որ պետք չէ շատ աշխատել, այլ պետք է լավ աշխատել: Լավ աշխատելու համար պետք է լավ հանգտանալ: Իսկ լավ հանգստանալու համար էլ՝ լավ աշխատել: Փակ շղթա է, որում հարմարավետ ու արդյունավետ պտտվելու համար ֆրիլանսն ապահովում է նախապայմաններ:

 

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը / պատվերը։

Առաջարկ ստացա մի ծրագրավորման ընկերությունում անգլերենի դասեր կազմակերպել ամբողջ աշխատակազմի համար: Հետո իրար հաջորդեցին ընկերությունները: Տարիներ առաջ նաև Upwork-ով խմբագրում ու տեքստեր էի գրում:

 

Որտեղի՞ց եք հիմնականում աշխատում․ նկարագրեք ձեր աշխատանքային անկյունը։ 

Մեր բնակարանում ունեմ իմ աշխատասենյակը, որտեղից վարում եմ առցանց դասերը: Հաճախ դասեր եմ կազմկերպում այգիներում, սրճարաններում, թանգարաններում: Իսկ երբ այցելում եմ գրասենյակ, աշխատանքային վայրս տվյալ ընկերության հանդիպումների սենյակն է:

 

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում։

Երբեմն իսկապես վատ ինտերնետային կապ է լինում:

 

Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել աշխատանքի ընթացքում։

Վերջին տարիներին նկատելիորեն հմտացել եմ անգլերենի դասավադման մեջ, դարձել եմ ավելի համբերատար, կարեկցող ու ոգևորիչ:

 

Ի՞նչ նոր հմտությունների ու գիտելիքի կարիք եք զգում։

Աշխատում եմ հոգեբանական գիտելիքներով զինվել, որպեսզի մարդկանց ավելի օգտակար լինեմ:

 

Որոնք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը։

Սեփական ժամանակի համեմատաբար ազատ կառավարումը և ճկունությունը ֆրիլանսի ամենալավ կողմերն են, իսկ բացասական կողմերից պետք է նշեմ «կոլեկտիվի» բացակայությունը ու երբեմն ծուլանալու գայթակղությունը:

 

Ի՞նչպես եք պատվերներ ստանում/գործատուներ փնտրում, ինչն է օգնում էս գործում հաջողակ լինել։

Համբավի շնորհիվ: Նախկին գործընկերներն/ուսանողներն են խորհուրդ տալիս ինձ դիմել:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին։

Որակով ու նվիրումով աշխատել՝ կարծես իրենք լավագույնն են, բայց միշտ հիշեն, որ անփոխարինելի չեն:

 

Ի՞նչ հարցերով կարող են ձեզ դիմել խորհրդի համար։

Դասավանդման մեթոդների, միջանձնային հաղորդակցության, լեզվամտածողության, հոգեբանության:

 

Պատկերացնո՞ւմ եք ձեզ ապագայում օֆիսային 9-6 աշխատանքի անցնելիս։

Նման գրաֆիկով երեք ամիս եմ աշխատել նախկինում, ու իրականում, չեմ կարծում, որ ապագայում դիտարկեմ նման որոշում: