Որտե՞ղ են աշխատում ֆրիլանսերները․ Երևանի քովորքինգները

ՀեռավարՖրիլանս

Գրասենյակային աշխատանքով զբաղված լինելիս հաճախ չես էլ մտածում, թե ինչքան ռեսուրս է ծախսվում աշխատանքային ժամերի ընթացքում, բացի, իհարկե, ընդմիջման և տրանսպորտի ծախսերից։ Երբ աշխատանքը տնից դուրս է, ակամայից չես հաշվում, որ 09։00-ից 18։00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրականության, ջրի, սուրճի, գազի, համացանցի վճար գոյություն ունի։ Ֆրիլանս աշխատանքի անցնելիս այս ամենը նորովի «հայտնագործում ես» և բախվում այն հարցին, թե արդյո՞ք ավելի հեշտ չէր, երբ գրասենյակից էիր աշխատում։

Բացի ծագող ծախսերից՝ առաջանում են շատ ավելի լուրջ հարցեր, օրինակ՝ ինչպե՞ս աշխատել, եթե ունես երեխաներ, որոնք (պատկերացնու՞մ ես) կարող են աղմկել, վազել, իրար հրել, վնասել շրջապատող իրերը կամ իրենք իրենց։ Կամ ինչպե՞ս աշխատել, եթե բնակարանդ փոքր է և չկա առանձին աշխատասենյակ: Անգամ եթե բնակարանդ մեծ է, միևնույն է՝ առանձնացված աշխատավայր չկա․ խոհանոցում աշխատել հնարավոր չէ, ննջասենյակում երեխաներն են քնած կամ գրասեղան չկա, հյուրասենյակի լուսավորությունը հարմար չէ աշխատելու համար․․․ պատճառները տարբեր կարող են լինել։ Վերջապես՝ հարցը ունի նաև տեխնիկական կողմ․ շատ քիչ բնակարաններում են առկա տպիչ սարքեր, գրասենյակային կահավորում, աշխատանքային լուսավորություն և անհրաժեշտ այլ հարմարություններ։

Ֆիզիկական հարմարություններից և տեխնիկական հագեցվածությունից բացի՝ մի օրինաչափություն կա․ երբ սկսում ես աշխատել տնից, ընտանիքիդ անդամները հաճախ չեն հասցնում համակերպվել այն փաստի հետ, որ թեև տանն ես, բայց աշխատում ես և դրա համար կենտրոնացում է պետք։ Տանը լինելդ տան անդամների համար մտովի կապվում է արձակուրդի հետ, և քեզ շուտով ուղարկում են հաց գնելու կամ խնդրում են հետևել պատրաստվող ճաշին, հսկել խաղացող երեխային կամ կերակրել սոված շնիկին։ Եթե սա դեռ չի պատահել քեզ հետ, ապա հաստատ շուտով կպատահի։

Իսկ որտե՞ղ աշխատել այս պարագայում, կամ ի՞նչ լուծումներ են գտնում մյուս ֆրիլանսերները։ Թվարկված բոլոր իրավիճակներում օգնության են գալիս քովորքինգ վայրերը։ Այսպես՝ քովորքինգը եկել է անգլերեն coworking բառից․ սա վայր է, որտեղ աշխատում են ինքնազբաղված կամ տարբեր ընկերություններում ամենատարբեր զբաղվածություն ունեցող անձինք՝ վճարելով որոշակի գումար հարմարությունների դիմաց։ Քովորքինգներում, սովորաբար, ամեն ինչ կա աշխատանքը կազմակերպելու համար․ վճարում ես ծառայության գումարը (հաճախ՝ անդամավճար կամ ժամավճար) ու չես մտածում կոմունալների մասին, ստանում ես տարբեր աշխատասեղանների շուրջ հարմար տեղավորվելու ու աշխատելու հնարավորություն։ Քովորքինգներում հաճախ կա աջակցող անձնակազմ, որն օգնում է արագ հարմարվել տարածքին ու ստանալ առավելագույնը՝ ֆրիլանս կամ հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար։ Այս տեսակի աշխատավայրերում լինում են տարբեր սրահներ, հանդիպումների սենյակներ, անվճար և արագ Wi-Fi, օժանդակ սարքավորումներ՝ տպիչ սարքեր, սքաներներ, հաճախ՝ անվճար թեյ և սուրճ, քաղցրավենիք թեթև ընդմիջման համար, երբեմն էլ՝ հանգստի առանձին հատվածներ և ընդհանուր խոհանոց։

Քովորքինգներում աշխատելն անհամեմատ ավելի հարմար է, քան առանձին գրասենյակ վարձակալելը, քանի որ վերջինիս դեպքում պիտի ինքնուրույն հոգաս բոլոր ծախսերը։ Իսկ քովորքինգներում նույնիսկ գրասենյակիդ մաքրության և հիգիենայի մասին չես մտածում․ բոլոր տարածքները մշտապես մաքրվում են, սանհանգույցները ևս միշտ սարքին են, և այս ամենին հետևելը ոչ մի լրացուցիչ հոգս չի ստեղծում քեզ համար։ Որոշ քովորքինգներում կան անգամ զանգերի համար նախատեսված ձայնամեկուսիչ խցիկներ կամ առանձին սենյակներ, որոնք թույլ կտան տեսազանգերդ և առցանց բանակցություններդ անցկացնել մեկուսացված տարածքում՝ չխանգարելով ոչ ոքի և չլսելով ոչ մի կողմնակի աղմուկ։

Քովորքինգներում սովորաբար միայն ընդհանուր տարածքներով սրահներ չեն։ Կա նաև սեփական մշտական սեղանը, կամ նույնիսկ՝ առանձնացված գրասենյակը ամրագրելու հնարավորություն։

Ֆրիլանսինգի ամենամեծ թերություններից է միայնության զգացումը, երբ չունես գործընկերներ, որոնց հետ կարող ես երկու բառ փոխանակել ընդմիջումների ընթացքում, զրուցել, քննարկել օրվա իրադարձությունները։ Քովորքինգը այս խնդրին էլ լուծում ունի․ դրանց մեծ մասը հաջողացնում են ստեղծել համայնքներ, որտեղ անդամները իրենց զգում են ընդհանուր թիմի մի մաս, միասին միջոցառումներ ու ճաշեր են կազմակերպում, կիսվում փորձով, մեկնում արշավների և հաստատում գործնական կապեր։ 

 

Քովորքինգներ Երևանում

Հայաստանի քովորքինգները կենտրոնացած են Երևանում․ այս փաստը բխում է, թերևս, բարձր պահանջարկից։ Մարզերում ֆրիլանս և հեռավար աշխատանքը դեռևս չունի մեծ տարածվածություն, իսկ սակավաթիվ ֆրիլանսերները հաճախ հենց տանից են աշխատում։ Ներքևում ներկայացնում ենք Երևանում ամենամեծ ճանաչումը վայելող քովորքինգ տարածքները։ Երկար պատմելու փոխարեն մայրաքաղաքի քովորքինգների հարմարությունները կներկայացնենք աղյուսակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հեշտությամբ համեմատես ու ընտրես քեզ հարմարը։

Նշված բոլոր քովորքինգներն ունեն աջակցող անձնակազմ, անվճար Wi-Fi, օդափոխություն/ջեռուցում և տրամադրում են անվճար թեյ, սուրճ և ջուր։ Բոլորն էլ առաջարկում են ճկուն փաթեթներ (օրական, շաբաթական, ամսական) hot desk (փոփոխական աշխատասեղան) տարբերակով, իսկ որոշներն ունեն նաև մշտական սեղանի և անձնական պահարանի հնարավորություն։ Պայմանների մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող եք կապվել անմիջապես նշված կազմակերպությունների հետ։

 

 

Impact Hub Yerevan COWO Loft Coworking 256 HUB AEON Coworking
Հասցե Տիգրան Մեծի 80 (Սասունցի Դավիթ կայարանի մոտ) Մերգելյան կլաստեր, Հակոբ Հակոբյան 3, 11-րդ հարկ, Երևան էքսպոյի շենք, 3-րդ հարկ Մոսկովյան 3 Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 Տերյան 3ա
Աշխատաժամեր 24/7 09։00 – 00:00 24/7 24/7 10:00 – 24:00
Առանձին գրասենյակների առկայություն Այո Այո Ոչ Այո Ոչ
Մշտական սեղան Այո Այո Այո Այո Ոչ
Հանդիպումների սրահ(ներ) Այո Այո Այո Այո Ոչ
Առանձնացված խոհանոց Այո Այո Ոչ Այո Այո
Ժամավճար Ոչ Այո Այո Այո Այո

 

Հատկապես վերջին տարիներին Երևանում աճում է քովորքինգների թիվը։ Համեմատաբար նորաբաց քովորքինգներ են, օրինակ, Keerk&Co սրճարան-գրադարանը, ISO քովորքինգը։

Քովորքինգների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել։ Ինչպես արդեն տեսնում ես՝ դրանք բավականին տարբերվում են իրենց ոճով, տեղակայմամբ, առաջարկվող հարմարություններով, գնային քաղաքականությամբ և ընդհանուր մոտեցումով, և դրանք իսկապես գերազանց այլընտրանք են գրասենյակներին ու տանն աշխատելուն։