Kolba Interview. Նազարեթ Սեֆերյան

ՀարցազրույցՖրիլանս

23 տարի առաջ Հնդկաստանում դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Հայաստան։ Ունեմ 4 բարձրագույն կրթություն և որակավորում։ Ամբողջ դրույքով սկսել եմ աշխատել 2007-ից միջազգային կազմակերպությունում։ Դրանից հետո անցել եմ մասնավոր հատված` «մեծ բիզնես», ինչպես ասում են, որից հետո նաև աշխատել եմ ամերիկյան մի ստարտափում։ Մեծ առումով վերջին 11 տարվա իմ աշխատանքը եղել է բիզնեսի և կայուն սոցիալական զարգացման խաչմերուկում, և հիմա ես աշխատում եմ որպես անկախ խորհրդատու Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտներում։

 

Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք ֆրիլանս։

2015 թվականի հուլիսից։ Դրանից մոտ 1,5 տարի առաջ սկսեցի աշխատել ամերիկայում գործող մի ստարտափում։ Ղեկավարս ԱՄՆում էր ապրում, ես՝ Հայաստանում։ Ամեն առավոտ կապվում էինք և այդ օրվա իմ առաջադրանքներն էինք հստակեցնում։ Դրանից հետո ես ազատ էի իմ օրն ու ժամանակը կառավարել, կարող էի ցանկացած տեղից աշխատել, և կարևորը ժամերի քանակը չէր, այլ աշխատանքի արդյունքը։ Ես այդ ժամանակ ֆրիլանս չէի աշխատում, իհարկե, բայց ինչպես ասում են, այդ ազատության «համը բերանս մնաց», անգամ դրանից հետո, երբ ստարտափը փակվեց։ Կարճ ժամանակով վերադարձա դասական գրասենյակային կյանքի մեկ այլ կազմակերպությունում և հասկացա, որ այլևս այդ կենսակերպը իմը չէ։

 

Երբ հարցնում են, «որտեղ եք աշխատում», ի՞նչ եք պատասխանում։

Սովորաբար ժպտում և ասում եմ «ոչ մի տեղ» կամ, եթե կարծում եմ, որ զրուցակիցս չափից լուրջ կընդունի ասածս ասում եմ «ինքս ինձ համար եմ աշխատում»։

 

Ո՞նց եք եկել ֆրիլանսինգ անելու մտքին։

Երբ աշխատում էի ճկուն գրաֆիկով այդ ամերիկյան ստարտափում, նկատեցի, որ իսպառ վերացել էր այսպես կոչված «Sunday evening blues» երևույթը՝ տրամադրության անկումը, որ սկսում է կիրակի երեկոյան, երբ գիտակցում ես, որ հաջորդ օրը պետք է վերադառնալ աշխատանքի։ Նաև նկատեցի, որ աշխատանքային օրվա ընթացքում ավելի քիչ էի հոգնում, երեկոյան տղայիս հետ խաղալու էներգիա էր մնում։ Հասկացա, որ այն ազատությունը, որ ինձ թույլ էր տալիս հեռակա աշխատանքը, էապես բարձրացնում էր իմ կյանքի որակը։ Ստարտափը ցավոք փակվեց, և ստացա աշխատանքի այլ առաջարկ, որը հետաքրքիր էր, չնայած նորից վերադառնում էի 9-ից 6 դասական գրաֆիկին։ Մի քանի ամսվա ընթացքում զգացի, որ չեմ ուզում հրաժարվել այն ամեն ինչից, որ ձեռք էի բերել ազատ աշխատանքային գրաֆիքի շնորհիվ։ Ավելին, ուզում էի անգամ ունենալ ազատությունը որոշելու, արդյոք ուզո՞ւմ եմ տվյալ օրն աշխատել, թե ոչ։ 2015-ին հուլիսի դուրս եկա օֆիսային աշխատանքից և որոշեցի ինքս ինձ 6 ամսվա փորձնական շրջան նշանակել։ Պետք է վստահ լինեի, որ եկամուտը կբավարարի իմ ընտանիքին, և հավելյալ դժվարություններ չեն առաջանա, օրինակ, անորոշությունից։ 6 ամիսն անցավ, շուտով 6 տարին կլրանա։

 

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը / պատվերը։

Իրականում, ես 2001 թվականից, երբ դեռ ուսանող էի, թարգմանություններ էի կատարում։ Եթե դա համարենք իմ ֆրիլանս աշխատանքի սկիզբը, առաջին պատվերս շերամապահության մասին մի ձեռնարկի թարգմանությունն էր։

2015 թ-ին երբ անցա մշտական ֆրիլանս աշխատանքի արդեն ունեի թարգմանության 14 տարվա փորձ և ընթացիկ պատվերներ։ Որպես «ամբողջ դրույքով» ֆրիլանս աշխատող, իմ նպատակ թարգմանիչ լինել չէր, բայց որոշել էի, որ ազատ ժամանակի դեպքում խորհրդատվական իմ աշխատանքը կարելի է համատեղել այդ գործի հետ։

 

Որտեղի՞ց եք հիմնականում աշխատում․ նկարագրեք ձեր աշխատանքային անկյունը։

Ես կարող եմ ցանկացած պայմաններում հարմարվել և կենտրոնացած աշխատել։ Բայց հնարավոր է, որ սա մի ունակություն է, որը մոտս աստիճանաբար զարգացել է։ Երբ սկսեցի, ես կոնկրետ մեկ աշխատանքային անկյուն չունեի․ սկզբի շրջանում տան ցանկացած ազատ մասում էի տեղավորվում։ Մենք այդ ժամանակ արդեն մեր երկրորդ երեխան ունեցանք, և չկար մի սենյակ որը այս կամ այն ժամին փոքրերի տարբեր կարիքներին չէր ծառայում։ Ես էլ օրվա ընթացքում տեղափոխվում էի մի սենյակից մյուսը` ըստ անհրաժեշտության։ 2019ին սկսեցի Իմփաքթ Հաբ Երևանի հետ մի ծրագիր իրականացնել և աշխատանքային օրերի մեծ մասն անցկացնում էի Հաբի քովորքինգ տարածքում։ Հետո եկավ կորոնավիրուսը, և նորից մեր բնակարանում օրվա ընթացքում մի սենյակից մյուս տեղափոխվելու կարիք առաջացավ։ Այդ ժամանակ արդեն երեք երեխա ունեինք, բոլորն էլ տանն էին մի քանի ամիս, աշխատելը դժվար էր։ Վերջապես «գրասենյակս» տեղափոխեցի ծնողներիս տուն, ուր ստացվում է կենտրոնանալ և աշխատել։ Այժմ շաբաթվա մի քանի օր այդտեղից եմ աշխատում, մի քանի օր էլ Իմփաքթ Հաբից։

 

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում։

Ձախողումներ չեն եղել, բարեբախտաբար, բայց կարելի է ասել, որ ֆրիլանս աշխատանքի իմ «իդեալական պատկերացումները» քանդվել են։ Ես սկզբում ասել էի, որ ֆրիլանս աշխատելու ամենալավ կողմն այն է, որ կարող եմ ցանկացած օր առավոտյան զարթնել և որոշել «Ես այսօր չեմ աշխատելու։ Դրսում լավ եղանակ է, մի քիչ կզբոսնեմ, կհանգստանամ․․․» Իրականում, ես հիմա ավելի շատ եմ աշխատում, քան երբևէ։ Այս 6 տարիների ընթացքում միայն մի օր է եղել, երբ օրվա երկրորդ կեսին որոշել եմ, որ կարելի է մի 2 ժամ քիչ աշխատել և ինքս ինձ թույլ տալ գնալ լողավազան։ Բայց շատ աշխատել չի նշանակում շատ հոգնել, դա է ֆրիլանս աշխատանքի ամենագրավիչ մասը, ըստ իս։

 

Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել աշխատանքի ընթացքում։

Ժամանակի կառավարումը միշտ էլ եղել է իմ ուժեղ կողմերից մեկը, բայց այդ հմտությունը կարողացել եմ շարունակաբար կիրառելով զարգացնել և նոր մակարդակի հասցնել։ Նաև շարունակել եմ ուսումս այս տարիների ընթացքում և 2020-ի ապրիլին ձեռք եմ բերել Գործարարական կարավառման մագիստրոսի (MBA) դիպլոմ։

 

Ի՞նչ նոր հմտությունների ու գիտելիքի կարիք եք զգում։

Որպես իմ աշխատանքի մի մաս, ես հաճախ դասընթացներ եմ կազմակերպում բիզնեսների և սոցիալական ձեռնարկությունների համար։ Անընդհատ փնտրում եմ նոր գիտելիք և տեղեկություններ, որոնք մի կողմից ինձ կօգնեն լինել ավելի արդյունավետ այդ գործում, մյուս կողմից էլ թույլ կտան լրացնել իմ տրամադրելիք բովանդակությունը։

 

Որոնք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը։

Իհարկե, գլխավոր առավելությունը ազատությունն է։ 2016-2017-ի ձմռանը, մեր ընտանիքը կարողացավ 5-շաբաթյա ճամփորդություն վայելել ԱՄՆ և Կանադա, որտեղ բազմաթիվ հարազատներ և բարեկամներ ունենք։ Ո՞ր գործատուն թույլ կտա իր աշխատողին բացակայել աշխատանքից 5 շաբաթով։ Մյուս կարևոր առավելությունն այն է, որ հավելյալ աշխատանք անելով սովորաբար նաև հավելյալ գումար ես աշխատում։ Մինչդեռ դասական «օֆիսային» կյանքում ունես Ֆիքսված աշխատավարձ, անգամ եթե ժամանակ առ ժամանակ ծավալով ավելի մեծ գործ ես անում քան մնացած աշխատակիցները։

Բացասական կողմեր էլ կան, իհարկե։ Երբ հիվանդանում եմ և չեմ կարողանում աշխատել, ոչ մեկ ինձ այդ օրերի համար չի վարձատրում։ «Վճարովի արձակուրդը» նույնպես գոյություն չունի․ արձակուրդից առաջ և հետո պետք է աշխատանքի ծավալը շատացնել, որ եկամուտի բացը լրացնես։ Բայց այս բացասական կողմերը շատ քիչ են ազդել իմ կյանքի որակի վրա, իսկ դրականները մեծ դեր են խաղացել։

 

Ի՞նչպես եք պատվերներ ստանում/գործատուներ փնտրում, ինչն է օգնում էս գործում հաջողակ լինել։

Համալսարանում ասում էին «Սկզբից դու պետք է աշխատես քո գնահատականների վրա, հետո դրանք կաշխատեն ի օգուտ քեզ»։ Նույնն էլ ինձ հետ եղավ։ «Գրասենյակային կարիերայի» ժամանակ իմ ձեռք բերած կապերը և իմ հարաբերությունները նրանց հետ ինձ թույլ տվեցին շարունակաբար պատվերներ ստանալ ֆրիլանս աշխատանքի առաջին իսկ օրվանից։ Շատ բախտավոր եմ, պատվերները հաճախ ինձ են գտնում, ես դրանց փնտրելու կարիք հիմնականում չեմ ունեցել։

 

Ի՞նչ եղանակներով (վճարային համակարգերով) եք գումար ստանում աշխատանքի դիմաց (եթե գաղտնիք չէ)

Գրանցված եմ որպես անհատ ձեռնարկատեր և հիմնականում վճարվում եմ բանկային փոխանցումով։

 

Աﬔնաանսպասելի առցանց պատվերը։ 

Ինչպես նշել եմ, երբ դեռ օֆիսային կյանքով էի ապրում, ժամանակ առ ժամանակ կողքից այլ աշխատանք էի կատարում, որ հավելյալ գումար աշխատեմ։ Գրանցվել էի, օրինակ, oDesk (այժմ Upwork) կայքում, որտեղ տարբեր տեսակի թարգմանության պատվերներ էին տեղադրում։ Մի անգամ առաջարկ ստացա ռուսերենից անգլերեն թարգմանել 18+ կայքի համար նախատեսված տեքստ։ Չվերցրեցի պատվերը, բայց մնաց որպես իմ ստացած ամենաանսպասելին։

 

Աﬔնահաճելի առցանց աշխատանքը, ըստ ձեզ:

ԿՈՎԻԴ-19 համավարակի առաջին շաբաթներին մի դասընթաց էր նախատեսված, որը որոշվեց իրականացնել առցանց։ Սա ինձ համար նոր մարտահրավեր էր, նման բան դեռ չէի արել։ Ամեն ինչ լավ անցավ և հիմա բավական մեծ հաճույք եմ ստանում նման աշխատանքից։ Բայց այնուամենայնիվ ոչ այնքան, ինչքան առերես հանդիպումներից։

 

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին:

Խորհուրդ կտամ աշխատանքի որակը միշտ բարձր պահել, քանի որ պատվիրատուն չի տեսնում աշխատանքային գործընթացը, միայն վերջնական արդյունքը։ Եթե 10 րոպե քիչ աշխատես մի գործի վրա և դրա պատճառով որակը տուժի կարող է այդ նույն պատվիրատուն մոտակա 10 տարին էլ պատվեր չտա։

 

Պատկերացնո՞ւմ եք ձեզ ապագայում օֆիսային 9-6 աշխատանքի անցնելիս:

Վերջերս մի երազ տեսա, որ վերադարձել էի օֆիսային 9-6 աշխատանքի, ընդ որում իմ նախորդ գործի տեղերից մեկում։ Ու երազի մեջ ֆիքսեցի այն պահը, որ ինքս ինձ ասում եմ, «Էս ի՞նչ արեցիր, ինչո՞ւ համաձայնվեցիր նորից օֆիսային կյանքին վերադառնալ։ Չէ՞ որ ամեն ինչ շատ լավ էր գնում, դու ազատ ու երջանիկ էիր․․․» Սա արդեն հուշում է այն մասին, որ և՛ գիտակցաբար, և՛ կարծես ենթագիտակցության մակարդակում այս հարցին միանշանակ պատասխանում եմ «ոչ, նման բան չեմ պատկերացնում» 😊