Ֆրիլանս հարթակներ․ ինչպե՞ս գլուխ հանել

Կարևոր է իմանալՕգտակար գործիքներ

Ֆրիլանս աշխատանքն աստիճանաբար լայն տարածում է գտնում Հայաստանում․ ամեն օր ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք գերադասում են ինքնուրույն որոշել՝ որ ժամերին, որքան, որտեղ և ինչպես աշխատել, հաճախ նաև՝ որքան վաստակել։ Ֆրիլանս աշխատանքն անծայրածիր է, ուստի գործատուների ու մասնագետների փնտրտուքը համակարգելու և նրանց վիրտուալ հանդիպումը կազմակերպելու համար աշխարհում ամեն օր նոր հարթակներ են ստեղծվում։ Դրանք բազմապիսի կայքեր են՝ նախատեսված աշխատանք փնտրող մասնագետների և աշխատողներ փնտրող գործատուների համար։ Ֆրիլանսերը գտնում է իր սրտին, ճաշակին և գրպանին համապատասխան աշխատանք, իսկ գործատուն՝ իր երազած մասնագետներին։ Քանի որ թեման խիստ արդիական է Հայաստանի համար, այս հոդվածով կփորձենք օգնել քեզ հասկանալ, թե ի վերջո ի՞նչ հարթակ ընտրել ֆրիլանս աշխատելու համար և ի՞նչ առանձնահատկություններ ունի դրանցից յուրաքանչյուրը։ Հիշեցնենք, որ արդեն անդրադարձել ենք ֆրիլանս հարթակներին այս հոդվածում։

Ամենահայտնի ֆրիլանս հարթակները

UpWork․com

Սա, թերևս, ամենահայտնի հարթակներից է աշխարհում։ Եվ Հայաստանում նույնպես այն ամենատարածվածներից մեկն է թե՛ նորաթուխ, թե՛ փորձառու ֆրիլանսերների շրջանում։ UpWork ֆրիլանս հարթակն ունի երկու ուղղվածություն՝ գործատուների համար և մասնագետների համար։

Ֆրիլանս մասնագետներն այստեղ կարող են ցանկացած տիպի աշխատանք գտնել․ աշխատանքները բաժանվում են ըստ հիմնական բաժինների՝ ծրագրավորում և IT, դիզայն, վաճառքներ և մարքեթինգ, թարգմանություն և բովանդակության ստեղծում, ֆինանսներ և հաշվապահություն, հաճախորդների սպասարկում և կայքի կառավարում։ Ամենից հաճախ, իհարկե, կարելի է հանդիպել գործատուների, որոնք փնտրում են ծրագրավորողներ և թարգմանիչներ։

Գրանցում

Ինչ վերաբերում է կայքում գրանցմանն ու աշխատանքային էջի ստեղծմանը, ապա այս հարցին պետք է լրջորեն մոտենալ․ կայքում մշտական խիստ հսկողություն կա։ Ամենից առաջ սա նշանակում է, որ գրանցվելիս պահանջվելու են իրական և հավաստի տվյալներ մասնագետի մասին։ Պետք է հաշվի առնել, որ ամեն օր մեծ թվով մասնագետներ են գրանցվում UpWork-ում, ինչից ելնելով էլ կայքը զտում է ֆրիլանսերներին։ Արդյունքում կարգավորվում է մասնագետների և գործատուների թվի հարաբերակցությունը, և եթե, օրինակ, գրանցման պահին հարթակում արդեն իսկ բավականաչափ թվով թարգմանիչներ կան, ապա միևնույն մասնագիտացման նոր թարգմանիչների գրանցման հայտը չի դիտարկվի կամ կդիտարկվի շատ ավելի ուշ, երբ առաջանա նոր մասնագետների կարիք։ Առաջին հայացքից սա կարող է անարդար զտում թվալ, բայց պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը չկարգավորելու դեպքում, օրինակ, կայքում կգրանցվեն մեծ թվով մասնագետներ և չեն ունենա աշխատանք, կայքը կդառնա անվստահելի և անցանկալի ֆրիլանսերների և գործատուների համար։ Ուստի, եթե քո գրանցումը հետաձգվում է, ավելի լավ է փոքր-ինչ սպասել կամ, որ ավելի լավ է, ընդլայնել հմտությունների ցանկը։ Օրինակ՝ եթե բացի թարգմանություններ կատարելուց կարողանում ես նաև աշխատել տեքստերի խմբագրման և սրբագրման հետ, կամ տվյալների մուտքագրում կատարել և բազաներ հավաքել, ապա անպայման նշի՛ր այդ մասին քո մասնագիտական էջում։ Գրանցվելիս կարելի է միաժամանակ մի քանի պրոֆիլ ստեղծել․ սա հենց այն մարդկանց համար է, որոնք մի քանի հմտություններ կամ նույնիսկ մասնագիտություններ ունեն, օրինակ՝ տվյալների վերլուծաբան և շուկայագետ միաժամանակ։

Հայտեր

Երբ արդեն հաջողությամբ գրանցվել ես և լավագույն ունակություններիդ մասին պատմել ես քո մասնագիտական էջում, ճիշտ ժամանակն է դիմել առաջին աշխատանքներին։ UpWork-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ ամեն օր կարելի է դիմել սահմանափակ թվով աշխատանքների։ Թիվը գերազանցելու դեպքում հայտ տալիս պետք է վճարել։ Այս սահմանափակումն, իրականում, ստիպում է լավ մտածել և աշխատանքի դիմել միայն պահանջներին լիարժեք համապատասխանության դեպքում՝ այդպիսով խնայելով և՛ սեփական հայտերի քանակն ու ժամանակը, և՛ գործատուի ռեսուրսները։

Վճարում

Վերջապես՝ վճարման մասին․ UpWork-ում աշխատելիս անհրաժեշտ է վճարումներն ընդունել միայն այն տարբերակներով, որոնք հսկվում են UpWork-ի կողմից։ Վճարումների հնարավոր տարբերակներն են PayPal-ը, Payoneer-ը, գործում են նաև direct deposit և wire transfer փոխանցման տեսակները, որոնք կատարվում են բանկային փոխանցման կարգով։

Աշխատանքի արժեքը որոշելու տարբերակ է առաջարկում UpWork հարթակում արդեն երկար տարիների փորձ ունեցող հայ ֆրիլանսեր Մարինա Խեչումյանը։ «Արժեքը կարելի է որոշել՝ ուսումնասիրելով շուկան, այլ ֆրիլանսերների առաջարկած դրույքները։ Այնուհետև արժեքը կարելի է փոփոխել սեփական փորձի, ֆինանսական պատմության հիման վրա։ Ես գերադասում եմ վարձատրվել ըստ ժամավճարի։ Բայց սկզբնական ժամանակաշրջանում ինձ շատ են օգնել ֆիքսված վճարով աշխատանքները, քանի որ այդպիսի նախագծեր գտնելն ավելի ռեալ է ֆրիլանս կարիերան սկսելու ժամանակ»,- նշում է Մարինան։

Գին

Աշխատանքի արժեքը որոշելիս պետք է ի նկատի ունենալ, որ կայքն ունի միջնորդավճարներ գանձելու իր քաղաքականությունը։ Այսպես՝ առաջին 500 ԱՄՆ դոլարը վաստակելու ժամանակ կայքը գանձելու է գումարի 20%-ը՝ որպես միջնորդավճար։ $500-ից մինչև $10000 վաստակելու դեպքում միջնորդավճարը նվազում է, և կայքը գանձում է միայն 10%-ը։ Եթե ֆրիլանսսերի վաստակած գումարն անցնում է $10000-ը, ապա միջնորդավճարը դառնում է 5%։ Այս հարաբերակցությունն անհրաժեշտ է հաշվի առնել, որպեսզի միջնորդավճարի գանձումից հետո մնացած արժեքն իսկապես համապատասխանի կատարված աշխատանքին և ծախսված ռեսուրսներին։

Ճկուն փոփոխվող միջնորդավճարներ Այո
Աշխատանքի բազմազանություն Այո
Դիմում-հայտերի  քանակի սահմանափակում Այո, 10 անվճար (connect) դիմում-հայտի հնարավորություն ամեն ամիս
Անվտանգություն Բարձր

 

Fiverr․com

Սա ևս շատ հայտնի ֆրիլանս հարթակ է թե՛ Եվրոպայում, թե՛ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Ի տարբերություն UpWork-ի՝ Fiverr-ում անհամեմատ ավելի դյուրին է գրանցվել, եթե դիտարկենք կայքի հսկողության տեսանկյունից։ Սակայն այստեղ ևս, ինչպես նախորդ հարթակում, հաջող ֆրիլանս գործունեությունը կախված է մասնագետի ակտիվությունից և հարթակի կանոններին ուշադրությամբ հետևելուց։

Fiverr-ում կարելի է գտնել ցանկացած տեսակի աշխատանք՝ սկսած թվային մարքեթինգից և անիմացիայից մինչև բիզնես խորհրդատվություն, մոդելինգ և շատ ավելին։ Այստեղ ամենահայտնի և տարածված աշխատանքները, թերևս, կապված են կրեատիվ ուղղությունների մասնագիտությունների հետ՝ բովանդակության ստեղծում՝ գրավոր, վիդեո և ֆոտո քոնթենթ, դիզայն և այլն։

Գրանցում

Այսպես՝ Fiverr-ում գրանցվելուն պես անհրաժեշտ է ստեղծել Gig․ քո գիգը համարվում է այն ծառայությունը, որը պատրաստվում ես մատուցել Fiverr-ում։ Այն հնարավորություն է տալիս ցուցադրել սեփական գիտելիքներդ և հաճախորդ ընկերություններին կամ անհատներին տրամադրել այն ամբողջական տեղեկատվությունը, որը նրանց անհրաժեշտ է իմանալ քեզ հետ աշխատել սկսելուց առաջ։ Gig-ում գրի՛ր գլխավոր տաղանդներդ, այն հմտություններդ, որոնցով պատրաստվում ես վաստակել։ Այն սկսվում է “I will” բառերով, նախադասությունը շարունակի՛ր այնպես, որ գրածդ վերնագրից անմիջապես պարզ դառնա, թե ինչով ես զբաղվում և ինչու հաճախորդը պիտի համագործակցի հենց քեզ հետ։ Կարող ես ստեղծել միայն մի քանի անվճար Gig։ 

Զտում

Պարտադիր նշի՛ր զբաղմունքիդ տեսակը Category հատվածում․ սրանով կայքը զտում է ֆրիլանսերներին ըստ նեղ մասնագիտացման և թույլ տալիս գործատուներին ավելի արագ կատարել ընտրությունը։ Այսպես՝ ի նկատի ունեցիր, որ եթե, օրինակ, վեբ գրաֆիկ դիզայներ ես, ապա քո էջը ցուցադրվելու է մեծ թվով այլ դիզայներների հետ մի ցուցակում, դրա համար պետք է գրես այնպիսի գրավիչ նկարագրություն, որպեսզի միանգամից աչքի ընկնես և շահես գործատուի վստահությունը։

Մանրամասներ

Քո Gig-ը ստեղծելիս պարտադիր է նշել ժամկետ՝ այն օրերի քանակը, որոնց ընթացքում կավարտես նշածդ աշխատանքը, ինչպես նաև աշխատանքիդ արժեքը, նվազագույնը՝ $5։ Այս հատվածում ցանկալի, բայց ոչ պարտադիր է նշել նաև ճշգրտումների քանակը, որը ներառվում է քո ծառայության մեջ, այսինքն՝ թե քանի անգամ ես ստուգելու կսմ փոփոխելու կատարածդ աշխատանքը։

Վճարում

Վճարման կարգը Fiverr-ում հետևյալն է․ հաճախորդն աշխատանք պատվիրելիս վճարում է կայքին։ Երբ դու կատարում ես աշխատանքը, հաճախորդի վճարած գումարի 80%-ը փոխանցվում է քո օգտահաշվին և 14 օր սպասման մեջ է գտնվում՝ համոզվելու համար հաճախորդի գոհունակության և խնդիրների բացակայության մեջ։ Նշված ժամկետի ավարտից հետո փոխանցված գումարը հասանելի է դառնում կանխիկացման համար։

Վճարման տարբերակներն են՝ PayPal, Fiverr Revenue Card, բանկային փոխանցում, ուղիղ փոխանցում. Fiverr-ից դեպի PayPal փոխանցումը չունի միջնորդավճար, սակայն կայքի միջնորդավճարները աշխատանքի վճարման պահին գործում են։

 

Ճկուն փոփոխվող միջնորդավճարներ Ոչ
Աշխատանքի բազմազանություն Այո
Դիմում-հայտերի  քանակի սահմանափակում Ոչ
Անվտանգություն Միջին

 

Freelancer.com

Freelancer.com կայքում նշված տեղեկատվության համաձայն՝ սա աշխարհի ամենամեծ ֆրիլանս շուկան է՝ ավելի քան 50 միլիոն գործատու և ֆրիլանսեր մեկ վայրում։ Freelancer-ը նույնպես ամենահայտնի ֆրիլանս հարթակներից մեկն է։ Այս հարթակի միջոցով գործատուները կարող են հեշտությամբ վարձել ֆրիլանսերների այնպիսի մասնագիտացումներով, ինչպիսիք են, օրինակ, ծրագրավորումը, բովանդակության ստեղծումը, տվյալների ներմուծումը, դիզայնը, ինչպես նաև վաճառքներն ու մարքեթինգը։

Գրանցում

Freelancer.com-ում նոր օգտահաշիվ գրանցելիս անհրաժեշտ է նշել քո հմտություններն ու նեղ մասնագիտացումը, վերբեռնել լուսանկարդ, ապա անցնել ստուգման կենտրոնի պարտադիր կետերով։ Ի տարբերություն UpWork-ի՝ այստեղ մասնագիտական էջ գրանցելը բնավ բարդություն չի ներկայացնում, չկան երկարատև ստուգումներ, որոնք կարող են հետաձգել կայքում որպես մասնագետ հայտնվելդ։

Աշխատանքային էջ

Անմիջապես գրանցումից հետո ցանկալի է լրացնել մասնագիտական էջդ՝ ընդգծելով ունակություններդ, նշելով մասնագիտական ձեռքբերումներդ և ցույց տալով քո ապագա գործատուին, թե որ հատկանիշներիդ համար նա պիտի հենց քեզ ընտրի։

Հայտեր

Երբ օգտահաշիվդ պատրաստ է, սկսի՛ր դիմել այն աշխատանքների համար, որոնք իսկապես համապատասխանում են քեզ։ Գրի՛ր գրավիչ առաջարկ, նշի՛ր լավագույն գինը և սպասի՛ր պատասխանին։ Այստեղ պետք է հիշել, որ չի կարելի միևնույն տեքստը որպես առաջարկ ուղարկել տարբեր գործատուների․ հնարավոր է, որ համակարգը նման գործունեությունը համարի ավտոմատացված սպամ կամ խաբեություն։ Բացի այդ՝ նոր առաջարկ գրելն ամեն նոր նախագծի համար շատ ավելի արդյունավետ է, քան միևնույն տեքստը բոլորին ուղարկելը։ Առաջարկը գրելիս հարցրու աշխատանքի պայմանների մասին, ուշադիր կարդա՛ բոլոր պահանջները, ապա նոր միայն դիմիր․ այսպես կխուսափես անսպասելի և անցանկալի առաջադրանքներ վերցնելուց, ինչպես նաև կխնայես քո և գործատուի ժամանակն ու ռեսուրսները։

Freelancer.com-ի մասին գրելիս զրուցել ենք լեզվաբան Մերի Վարդանյանի հետ, ով հարթակի միջոցով մշտական հեռավար աշխատանք է գտել։ «Չնայած Freelancer.com հարթակում հաճախակի են հանդիպում աշխատանքի կեղծ հայտարարություններն ու զեղծարարությունը, այնուամենայնիվ, այն ամենաբազմազան և արագ զարգացող հարթակներից մեկն է։ Պիտի նշեմ, որ այստեղ միայն ֆրիլանս աշխատանքներ չեն, հարթակում հնարավոր է գտնել նաև մշտական հեռավար աշխատանքներ կամ երկարատև համագործակցություններ սկսել․ ինքս արդեն շուրջ երկու տարի է, ինչ հեռավար համագործակցում եմ հենց Freelancer.com-ում հանդիպած գործատուի հետ», – պատմում է Մերին։

Անվտանգություն

Գործատուի մասին ողջ տեղեկատվությունը գրված է անմիջապես աշխատանքի հայտարարության էջում։ Նշված  է նրա երկիրը, նրա մասին արձագանքները, գրանցման ամսաթիվը և այլն։ Ուշադրություն դարձրու անձնական տվյալների, վճարման մեթոդի և այլ տվյալների ստուգված լինելու փաստին՝ խուսափելու համար կայքում հնարավոր զեղծարարությունից։ Freelancer.com-ում շատ հաճախ են հանդիպում կեղծ աշխատանքի հայտարարություններ, բարձր վարձատրության դիմաց դեպոզիտ պահանջող հաճախորդներ․ նմանատիպ և այլ տարօրինակ և ակնհայտ կեղծ թվացող աշխատանքների հայտարարություններ տեսնելիս անհրաժեշտ է այդ մասին հայտնել կայքի ադմինիստրացիային՝ Freelancer.com-ն ավելի ապահով վայր դարձնելու նպատակով։

Վճարումներ

Վճարումներն ու հաղորդակցությունը հաճախորդի հետ գերադասելի է պահել Freelancer.com-ում․ այսպիսով ապահովագրվում ես չվճարվելուց, բացի այդ՝ Freelancer.com-ի կողմից վեճերի լուծման համար աջակցող հարթակի շնորհիվ հաճախորդի հետ առաջացած բոլոր խնդիրները հեշտությամբ կարող ես լուծել։

 

Ճկուն փոփոխվող միջնորդավճարներ Ոչ
Աշխատանքի բազմազանություն Այո
Դիմում-հայտերի  քանակի սահմանափակում Այո, 6 անվճար դիմում-հայտի հնարավորություն ամեն ամիս
Անվտանգություն Միջինից ցածր

 

Այլընտրանքային հարթակներ

Ցուցակն անվերջ կարելի է շարունակել, քանի որ ֆրիլանս հարթակներն, իսկապես, շատ են․ մասնավորապես՝ ամենահայտնի և մեծ տարածում ունեցող հարթակներն ունեն եվրոպական կամ ամերիկյան ծագում։ Վերջին տարիներին ավելի ու ավելի լայն տարածում են գտնում նաև ռուսական ֆրիլանս հարթակները։ Արդեն իսկ որոշակի ճանաչում ունեցող հարթակների թվին են պատկանում kwork.ru, fl.ru կայքերը․ այստեղ կարող ես հեշտությամբ աշխատանք գտնել, եթե լավ տիրապետում ես ռուսերենին։ Ինչպես միջազգային հարթակները, այնպես էլ ռուսականները բաժանված են ըստ նեղ մասնագիտացման, ինչի շնորհիվ աշխատանքի հայտարարությունները կարող ես արագ զտել և գտնել քեզ համար ամենահարմար տարբերակը։

Սակայն բացի ֆրիլանս կայքերից՝ Ռուսաստանում լայնորեն տարածված են տելեգրամ-ալիքները, որոնք պարունակում են մեծ թվով ֆրիլանս աշխատանքներ։ Դրանք հիմնականում մասնագիտական են, օրինակ՝ մեկ առանձին ալիքում տեղադրվում են մեկ ուղղության աշխատանքներ։ Այսպիսի ալիքները ոչ միշտ են շատ տարածված, և հետևաբար չեն կարող ունենալ մեծ թվով հետևորդներ, սակայն դա որոշիչ դեր չի խաղում։ Իհարկե, տելեգրամ-ալիքների միջոցով աշխատանք գտնելու դեպքում ֆրիլանսերը ամենաքիչն է պաշտպանված․ ապահով և հստակեցված չեն ո՛չ վճարման միջոցները, ո՛չ ժամկետները, և մեծ է հավանականությունը խաբվելու անբարեխիղճ անհատների կողմից։ Սակայն սրանք ունեն նաև դրական  կողմ․ ի տարբերություն ֆրիլանս հարթակների՝ պետք չէ ոչ մի տեղ գրանցվել,  հայտադիմումների թվաքանակը  սահմանափակ չէ, հարկավոր չէ դրանք գնել, նաև պետք չէ երկար դիմում-նամակներ գրել գործատուին․ ընդհակառակը,  անհրաժեշտ է հստակ և կարճ խոսել գնի և ժամկետների մասին, անհրաժեշտության դեպքում ուղարկել պորտֆոլիո։

Որպես ամփոփում՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել ֆրիլանս հարթակներում աշխատանք գտնելու  դրական կողմերը․ ֆրիլանս աշխատանքը լավագույն տարբերակն է առանց տանից դուրս գալու, ցանկացած վայրից կառուցել կարիերա և հաստատվել իբրև ուժեղ մասնագետ։ Ֆրիլանս հարթակներում աշխատելը հնարավորինս զերծ է պահում որոշ պարտադրող հանգամանքներից, որոնք առաջանում են, օրինակ, մշտական առկա աշխատանքների ժամանակ։ Ֆրիլանսը լավագույն ձևն է կողմնակի եկամուտ ձևավորելու, ինչպես նաև արտասահմանյան շուկա դուրս գալու, ավելի մրցունակ և հայտնի մասնագետ դառնալու։ Կարևոր է միայն պահպանել անվտանգությունը, լինել պարտաճանաչ և երբեք չդադարել աշխատել սեփական հմտությունների և գիտելիքների վրա։