7 hարթակ` երազանքի հեռավար աշխատանք գտնելու համար

Կարևոր է իմանալՀեռավար

Վերջին տարիներին համացանցի լայն տարածման հետևանքով սկիզբ դրվեց նոր աշխատանքային մշակույթի՝ աշխատանքի հեռավար ձևաչափին. այն հարմար է, ավելի քիչ սթրեսային և ծախսատար՝ թե՛ գործատուների և թե՛ աշխատողների համար:

Այժմ հեռավար աշխատանքի պահանջարկը կտրուկ աճել է, և ավելի ու ավելի շատ գործատուներ են այն դիտարկում որպես գրասենյակային աշխատանքի այլընտրանք: Թեև այսօր բոլորը խոսում են հեռավարի մասին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է գտնել այդ ձևաչափի աշխատանք, որը թույլ կտա աշխատել սիրելի վայրից, չի ստիպի վաղ առավոտյան և աշխատանքային ժամի ավարտին ընկնել խցանումների մեջ, կօգնի խուսափել սթրեսային իրավիճակներից:

Մինչև հեռավար աշխատանք առաջարկող առաջատար կայքերը ներկայացնելը, փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է նախապատրաստվել այդ ձևաչափի աշխատանք որոնելուն:

Դրույքաչափը

Նախ, պետք է հաշվի առնել, որ շատ ընկերություններ փնտրում են ամբողջական զբաղվածությամբ հեռավար աշխատակիցների, որոնք կաշխատեն շաբաթական առնվազն 40 ժամ: Հետևաբար, դիմելուց առաջ պետք է հասկանաք, թե ինչ ծանրաբեռնվածությամբ հեռավար աշխատանք է ձեզ հարկավոր և նշեք որոնման ֆիլտրում:

Աշխատավարձը

Որոշ ընկերություններ հայտարարության մեջ նշում են աշխատավարձի չափը, մյուսները հարցազրույցի փուլում են հարցնում ակնկալիքների մասին: Կան ընկերություններ էլ, որոնք հեռավարին արդեն վարժվել են, և բացի աշխատավարձը, ձեզ հաճելի բոնուսներ կարող են առաջարկել՝ սրճարանային սիրելի ցանցի կուպոններից մինչև տնային գրասենյակի կահավորում և գրքերի բյուջե: 

Մասնագիտացումը

Նախապես որոշակիացրեք այն մասնագիտացումը, որը ձեզ հետաքրքրում է, և հարթակներում որոնումը կատարեք հենց այդ բանալի բառերով (keywords): Ի դեպ, դրանք կարող են լինել մի քանիսը:

Ռեզյումե և մոտիվացիոն նամակ

Հաջորդ կարևոր քայլը ճիշտ պատրաստված ռեզյումեն է. այն պետք է համապատասխան լինի այն պաշտոնին, որին ցանկանում եք դիմել և պարտադիր չէ, որ պարունակի ձեր նախկին բոլոր աշխատավայրերի մասին տեղեկատվություն: 

Անհատականացված մոտիվացիոն նամակը կարող է հրաշքներ գործել. այն պետք է անընդհատ խմբագրել և համապատասխանեցնել այն պաշտոնին, որին ցանկանում եք դիմել: Նման նամակներն ավելի են գնահատվում գործատուի կողմից, իսկ բոլորին նույն նամակն ուղարկելը, դրանում ընդամենը փոխելով ընկերության անվանումը, հիմնականում հաջողություն չի բերում:

Ընկերությունների մի մասը նաեւ կարող է պահանջել տրամադրել պորտֆոլիո, օրինակ՝ նախկինում արված ձեր աշխատանքներից հղումներ կամ ֆայլեր: Փորձեք նախապես ընտրել լավագույն օրինակները. դրանք կարեւոր գործոն են գործատուի վրա լավ տպավորություն թողնելու ճանապարհին:

 

Կազմակերպի՛ր դիմելու ընթացքը

Երբ արդեն ամեն ինչ պատրաստ է, առանձին թղթապանակ բացեք Google Drive-ում, Dropbox-ում կամ էլ ուղղակի ձեր համակարգչի էկրանին, և ամեն առավոտ նշեք այն պաշտոնների հայտարարությունների հղումները, որոնց պատրաստվում եք դիմել: Դիմելուց հետո դրանք արխիվ տեղափոխեք, որպեսզի կրկնակի անգամ դիմելու դեպքեր չլինեն: Սա նաև կօգնի ունենալ վիճակագրություն, թե կոնկրետ այդ օրը դիմած պաշտոններից քանիսի համար են ձեզ հրավիրել հարցազրույցի կամ աշխատանքի առաջարկ արել՝ օրվա կամ շաբաթվա կտրվածքով:

Այժմ ավելի որոշակի խոսենք այն մասին, թե որ լավագույն հարթակներն են հեռավար աշխատանք առաջարկում: 

 

Ֆրիլանս հարթակներ

  • Flexjobs այս հարթակն ունի մոտ հարյուր աշխատանքային ուղղություն՝ ֆրիլանսից մինչև ամբողջական դրույք և հեռավար: Ներկայացված ընկերությունները յուրաքանչյուր օր հազարավոր պաշտոնների համար որոնում են աշխատակիցներ՝ սկսնակից մինչև ղեկավար: Հայտարարությունները նախապես անցնում են մոդերացիա՝ հարթակի կողմից, հետևաբար այստեղ դժվար թե գտնեք հայտարարություններ, որոնք անվստահելի են: Ավելին՝ այստեղ:
  • Freelancer.comում, որն իրեն թիրախավորում է որպես աշխարհում ամենախոշոր աութսորսինգ հարթակ, ամեն օր հազարավոր նոր հայտարարություններ են տեղադրվում ամբողջ աշխարհից՝ ծրագրավորումից մինչև դիզայն: Այդ հայտարարությունների մեջ մեծ մաս են կազմում հեռավար աշխատանքի առաջարկները: Հարկավոր է ուղղակի գրանցվել և փնտրել այստեղ:
  • AngelList հարթակը կհետաքրքրի հատկապես այն մարդկանց, որոնք միշտ երազել են ստարտափ թիմում աշխատելու մասին: Հարթակը մասնագիտացել է ստարտափ աշխատանքի հայտարարությունների վրա: Որոնում սկսելուց առաջ կարող եք աշխատանքի տեսակի ֆիլտրերում նշել, որ համակարգը ցուցադրի միայն հեռավար աշխատանքի հնարավորությունները: Գրանցվի՛ր այստեղ:
  • We Work Remotelyն ունի հեռավար աշխատանքի առաջարկների հսկայական շտեմարան՝ ծրագրավորումից մինչև հաճախորդների սպասարկում: Այստեղ շատ են տեղադրում հայտարարություններ հատկապես լավագույն տեխնոլոգիական ընկերությունները: Ավելին՝ այստեղ:
  • oDeskում կգտնեք աշխատանքներ տարատեսակ բնագավառներում՝ վիրտուալ օգնականներից ու դիզայներներից մինչև մոբայլ հավելված մշակողներ: Ավելի քան 1 մլն ընկերություն ամբողջ աշխարհում օգտագործում է հարթակը՝ հեռավար աշխատակիցներ գտնելու նպատակով: Գրանցվի՛ր այստեղ:
  • Indeedը աշխատանք որոնելու հսկայական շտեմարան է, որտեղ ներկայացված են հայտարարություններ ամբողջ աշխարհից: Այստեղ կարելի է ոչ միայն հեռավար աշխատանք որոնել, այլև գտնել տարբեր ընկերությունների աշխատավարձերի մասին տեղեկատվություն և կարծիքներ՝ այդտեղ աշխատելու առանձնահատկությունների մասին: Սկսի՛ր որոնումներդ այստեղ:
  • Hh.ru-ն Ռուսաստանի խոշորագույն օնլայն ռեքրութինգ ռեսուրսն է, որի հաճախորդ են հանդիսանում ավելի քան 250 հազ. ընկերություններ: Հարթակում առկա է ավելի քան 40 մլն ռեզյումե, իսկ աշխատանքի օրական հայտարարությունների թիվն անցնում է 559  հազ.: Գրանցվի՛ր այստեղ:

Վերջին շրջանում հեռավար աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ ավելացել է, և այդ ձևաչափը հաճախ նաև ակամա խրախուսող ընկերությունների թիվն էլ է օրեցօր ավելանում: Հետևաբար, հարյուրավոր առցանց հարթակներում, որոնք հեռավար աշխատանքի հայտարարություններ են ներկայացնում, աճում է մրցակցությունը: Օրեցօր աճող մրցակցության պայմաններում հաղթող դառնալու համար պետք է ունենալ մրցունակ հայտ՝ ճիշտ պատրաստված ռեզյումեով, մոտիվացիոն նամակով և պորտֆոլիոյով: Համացանցի դարաշրջանում սա միակ տարբերակն է գործատուի մոտ հետաքրքրություն առաջացնելու համար. չէ՞ որ ձեր մասին իր առաջին տպավորությունը ստեղծվում է հենց միայն ներկայացված հայտի հիման վրա:

Դուք այժմ ունեք աշխատանք փնտրելու բազմաթիվ խորհուրդներ և ռեսուրսներ: Ձեզ մնում է կազմել սեփական ռազմավարությունը և հաստատուն քայլերով գնալ դեպի երազանքի հեռավար աշխատանքը:

 

Նշված ֆրիլանս հարթակներից մի քանիսը ավելի մանրամասն դիտարկել ենք այս նյութում։