Kolba Interview. Մարինա Խեչումյան

ՀարցազրույցՖրիլանս

Կրթությամբ տնտեսագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետը, մասնագիտացումը՝ Կառավարում։ ՏՏ նախագծերի ղեկավար եմ, նաև դասավանդել եմ «Նախագծերի կառավարում» առարկան ՀՊՃՀ ուսանողներին։ Աշխատել եմ տարբեր կազմակերպություններում, իսկ 2014 թ.-ից աշխատում եմ հեռավար, հիմնականում UpWork համակարգով։ Արդեն մի քանի տարի է համակարգում եմ Upwork-ի ՀՀ համայնքի պաշտոնական հանդիպումները, ինչպես նաև կազմակերպում եմ ոչ պաշտոնական հանդիպումներ, հավաքույթներ։ Ունեմ բազմաթիվ հոբբիներ, նաև մանկական ուսուցողական գրքի հեղինակ եմ։

Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք ֆրիլանս

7 տարի:

Երբ հարցնում են, «որտեղ եք աշխատում», ի՞նչ եք պատասխանում

Հեռավար, տարբեր նախագծերի վրա։

Ո՞նց եք եկել ֆրիլանսինգ անելու մտքին

Հանգամանքների բերումով, բայց այնուհետև արդեն այնքան եմ հավանել, որ սկսել եմ մերժել օֆիսային առաջարկների տարբերակները։

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը / պատվերը

Լոտոյի կայքի բովանդակության մշակում։

Որտեղի՞ց եք հիմնականում աշխատում․ նկարագրեք ձեր աշխատանքային անկյունը

Ամեն տեղից, որտեղ ինտերնետ կա 🙂 Բայց հիմնականում տնից, սրճարանից:

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում

Նախագծերից մեկում պահանջում էին ծրագրավորման հմտություններ պահանջող սկրիպտերի մշակում, սակայն ես հենց սկզբից զգուշացրել էի, որ ծրագրավորող չեմ։ Սակայն այս դեպքն այդքան էլ չեմ համարում անհաջողություն իմ կողմից, քանի որ ամեն ինչ նախապես զգուշացվել է պատվիրատուին։

Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել աշխատանքի ընթացքում

Նախագծերի հեռավար կառավարման նրբություններ, նոր գործիքների տիրապետում, սթրեսակայունություն, տարբեր ազգերի/մշակույթների ներկայացուցիչների հետ արագ ինտեգրվելու ունակություն, անընդհատ փոփոխվող նախագծերին և թիմակիցներին արագ սովորելու հմտություն, բովանդակության մշակման փորձի հարստացում։

Ի՞նչ նոր հմտությունների ու գիտելիքի կարիք եք զգում

Որոշակի տեսակի նախագծերի կառավարման փորձ, օրինակ՝ blockchain նախագծերի:

Որոնք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը

Առավելությունները՝

  • Ինքդ քո ղեկավարն ես
  • Չկա աշխատավարձի սահմանափակում/շեմ. կարող ես դիմել աշխատանքի տարբեր դրույքաչափերով
  • Մեծ գումարներ աշխատելու հնարավորություն
  • Աշխատավայրի ճկունություն
  • Տարբեր գործեր համատեղելու հնարավորություն
  • Ծանրաբեռնվածության ընտրություն
  • Նախագծի և/կամ պատվիրատուի ընտրության հնարավորություն
  • Նախագծերի բազմազանություն, հետևաբար նաև ունակությունները/գիտելիքները հարստացնելու ավելի մեծ հնարավորություններ
  • Ժամանակի ճկունություն/համեմատաբար ազատ գրաֆիկ
  • Աշխատավայր հասնելու ժամանակի խնայողություն
  • Հավելյալ ժամանակ, որը կարելի է ծախսել ընտանիքի, ընկերների, հոբբիների, ինքնազարգացման, այլ բիզնեսի վրա
  • Ժամանակի արժևորում/ժամանակի ավելի օպտիմալ ծախսում
  • Կորպորատիվ ստանդարտների բացակայություն

Թերությունները՝

  • Անկայունություն
  • Անձնական բյուջեի ոչ հստակ պատկերացում/պլանավորում
  • Սոց. փաթեթների բացակայություն
  • Աշխատանք բիզնես ժամերից դուրս, նաև հանգստյան օրերին
  • Շփման պակաս
  • Շեղող գործոններ, ոչ աշխատանքային միջավայր
  • Ադմինիստրատիվ պարտականություններ
  • Բիզնես ծախսեր, ներառյալ աշխատանքային գործիքների գնումը սեփական միջոցներով

Ի՞նչպես եք պատվերներ ստանում/գործատուներ փնտրում, ինչն է օգնում էս գործում հաջողակ լինել

Ուսումնասիրում եմ տեղադրված հայտարարությունները, դիմում եմ և/կամ ինձ են հրավիրում հարցազրույցի։ Հաջողակ լինելուն օգնում է արդեն իսկ ձեռք բերած փորձը, ազնվությունը, պատասխանատու մոտեցումը։

Ի՞նչ եղանակներով (վճարային համակարգերով) եք գումար ստանում աշխատանքի դիմաց (եթե գաղտնիք չէ)

Ուղիղ փոխանցում բանկային հաշվին՝ wire transfer։

Աﬔնաանսպասելի առցանց պատվերը

Խորհրդատվություն արժեթղթերի շուկայում. հոդված այն մասին, թե որ ձեռնարկության արժեթղթերում արժե ներդրում կատարել։

Ինչպե՞ս եք հաղթահարում ﬔկուսացման դեպրեսիան/ձանձրույթը այս օրերին

Զբաղվում եմ հոբբիներովս, այցելում եմ մարզասրահ, կարդում եմ, շփվում եմ ընկերներիս հետ, մասնակցում եմ տարբեր հետաքրքիր միջոցառումների, այցելում եմ մշակութային վայրեր, կազմակերպում եմ հանդիպումներ այլ ֆրիլանսերների հետ և այլն։

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին

Լինել ակտիվ, սկզբում դիմել փոքրիկ գործերի/նախագծերի, որպեսզի հնարավորինս շատ լավ արձագանք (feedback) հավաքել։ Կօգնի մասնագիտական հավաստագրերի ձեռք բերումը, քանի որ շատ գործատուներ ուշադրություն են դարձնում նաև հավաստագրերին։ Լինել ազնիվ. պետք չէ ստել ունակությունների մասին։ Պետք չէ ուղարկել նույն տեքստով հայտադիմումը բազմաթիվ պատվիրատուների։ Խորհուրդ կտամ յուրաքանչյուր հայտադիմումին անհատական մոտեցում ցուցաբերել։ Եվ իհարկե պետք չէ հանձնվել 🙂

Պատկերացնո՞ւմ եք ձեզ ապագայում օֆիսային 9-6 աշխատանքի անցնելիս

Շատ լավ առաջարկի կամ սեփական բիզնեսի/նախաձեռնության դեպքում հնարավոր է 🙂