Ռուսերենի մասնագետ և թարգմանիչ եմ, «Aorist» գրասենյակի տնօրենը։ Վերջին 4 տարին աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։

Կոլբա Ջոբս․ Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք ֆրիլանս

12 տարի աշխատում եմ միայն մասնագիտությամբ, որից 4-ը՝ ֆրիլանս:

Երբ հարցնում են, «որտեղ եք աշխատում», ի՞նչ եք պատասխանում

Պատասխանում եմ, որ ինքս ինձ համար եմ աշխատում՝ անելով սիրելի գործը:

Ո՞նց եք եկել ֆրիլանսինգ անելու մտքին

Հաստատուն ժամերով վերջին աշխատավայրում սարսափելի աղմուկ էր. աշխատում էի ֆինանսական ընկերությունում, որի գրասենյակը տեղակայված էր օփեն սպեյս տարածքներում: Մի օր պարզապես այլևս չդիմացա այդ անդադար աղմուկին ու խնդրեցի իմ ղեկավարությանը տնից աշխատել, քանի որ թարգմանչի ու խմբագրի աշխատանքը, ի տարբերություն մյուս մասնագետների աշխատանքի, լիակատար լռություն ու կենտրոնացում է պահանջում: Ես այդ ընկերությունում արդեն 3 տարվա փորձված, վստահելի աշխատակից էի, այդ պատճառով իմ շատ հարգելի ու սիրելի ղեկավարությունն ընդունեց առաջարկս, որը նաև իրենց շահերից էր բխում ու դրանից էր կախված աշխատանքիս արագությունն ու որակը: Ի դեպ՝ ես դեռ կատարում եմ այդ ընկերության թարգմանությունները ու չեմ պատրաստվում դադարեցնել աշխատանքն իրենց հետ:

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը / պատվերը

Առաջին ֆրիլանս պատվերը բավականին հետաքրքիր աշխատանք էր, որը ստացել էի, երբ դեռ ամբողջ դրույքով աշխատում էի հրատարակչությունում: Հայաստանի մասին շատ արժեքավոր ու փաստերով լի պատմական գրքի թարգմանություն էր: Աշխատանքից հետո գալիս էի տուն ու գիշերները՝ հաճախ նաև մինչև առավոտ, աշխատում գրքի թարգմանության վրա: Սակայն այդ թարգմանությունը շատ մեծ փորձ, գիտելիք և վստահություն տվեց ինձ, քանի որ գրքի խմբագիրն ու հեղինակը գոհ մնացին իմ աշխատանքից:

Որտեղի՞ց եք հիմնականում աշխատում․ նկարագրեք ձեր աշխատանքային անկյունը

Աշխատում եմ միմիայն տանը կամ գյուղ եմ գնում: Այդ ռոմանտիկ, ֆիլմային տեսարանը չկա, երբ ֆրիլանս աշխատողը գնում է սիրունիկ, հաճելի սրճարան, պատվիրում համեղ սուրճ ու թխվածք և վայելելով աշխատում: Ինչպես ասացի՝ թարգմանչի գործը պահանջում է լիակատար լռություն ու խաղաղություն, որը կարող ես ունենալ միայն քո տանը: Նաև սիրելի աշխատավայր է գյուղի տան պատշգամբը, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի շրջակա սարերն ու անտառները:

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում

Հեռավար աշխատանքի անցա, երբ արդեն բավականաչափ կայացել էի որպես մասնագետ ու փորձ ձեռք բերել: Անկեղծ ասած՝ ձախողումներ չեն եղել: Հուսամ պատվիրատուներիցս շատերը կկարդան այս հարցազրույցն ու կհաստատեն:))
Միայն մի անգամ խնդիր եղավ ժամային տարբերությունների հետ կապված, երբ դրսից պատվեր էի ստացել ու դեդլայնի ժամը սխալ էի հաշվարկել և ստիպված մեկ ժամ ուշացրեցի աշխատանքը: Ի ուրախություն ինձ՝ պատվիրատուներն ըմբռնումով մոտեցան, քանի որ այդ ընկերության հետ արդեն 2 տարի աշխատում էի ու երբեք չէի ուշացրել թարգմանությունը: Պարզապես իրենց երկրում անցել էին ամառային ժամին, ու ես դա ի նկատի չէի ունեցել: Դրանից հետո շատ ուշադիր եմ ժամային տարբերությունների նկատմամբ ու մի քանի անգամ ստուգում եմ:

Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել աշխատանքի ընթացքում

Սովորեցի լեզու գտնել, հաստատել լավ հարաբերություններ ու տարիներ շարունակ աշխատել տարատեսակ բնավորությունների տեր մարդկանց հետ՝ հիշելով, որ, անկախ ամեն ինչից, հաճախորդը միշտ իրավացի է և պետք է վստահի քեզ ու համոզված լինի, որ դու իրենից ոչ պակաս մտահոգված ես աշխատանքի որակի ու այն ժամանակին ավարտելու համար: Սովորեցի ճիշտ կառավարել ժամանակս, հույզերս, երբ շտապ ու արագ, սակայն որակով աշխատանք է պետք անել: Նաև ֆրիլանսի շնորհիվ շատ ավելի խորացա մասնագիտության մեջ, քանի որ տարատեսակ ոլորտներից եմ պատվերներ ստանում ու տարբեր ուղղություններով զարգանում:

Ի՞նչ նոր հմտությունների ու գիտելիքի կարիք եք զգում

Ես կարծում եմ, որ գիտելիքներն ու մասնագիտական հմտություններն անսպառ են ու ցանկացած մասնագետ անդադար կատարելագործվելու կարիք ունի: Երբ մասնագետը սկսի կարծել, որ ինքն արդեն կայացած է ու զարգանալու կարիք չունի, հենց այդ պահին կսկսի իր լճացումն ու անպիտանելիությունն աշխատաշուկայում:

Որոնք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը

Առավելությունները. ցուրտ ձմռան օրերին կարող ես մեկ ժամ ավել քնել տաքուկ անկողնում ու ստիպված չես օրդ սկսել քաղաքային տրնասպորտում առավոտյան գոյատևման պայքարով կամ եկամտիդ զգալի մասը տաքսիների վրա ծախսելով: Ավելի շատ ժամանակ ունես ինքդ քեզ համար, սպորտով զբաղվելու, հետաքրքրություններիդ, տարրական նորմալ սնվելու համար )))) Չկա աղմուկ, կոլեկտիվ, պարտադրված շփումներ. շփվում ես միայն քեզ հարազատ մարդկանց, ընկերներիդ հետ: Նաև մասնագիտական աննախադեպ աճ կարող ես ունենալ, քանի որ ավելի շատ ժամանակ ունես կարդալու, զարգանալու համար: Չես աշխատում միայն մեկ մասնագիտական ուղղությամբ, որը պարտադրում է քո աշխատավայրը, այլ անդադար տարբեր պատվերներ ես ստանում ու հմտանում մասնագիտական տարբեր ոլորտներում: Նույն ժամանակահատվածում կարող ես ավելի շատ գումար վաստակել, քան հաստատուն, անփոփոխ աշխատավարձի դեպքում: Եվ ամենակարևոր առավելությունը՝ միտքդ միշտ պարզ է երևակայության, նոր ծրագրերի, նոր գաղափարների համար ու միշտ անսպառ էներգիա ունես գեղեցիկ ապրելու համար:
Բացասական միակ կողմը ֆինանսական մասն է. երբեք չգիտես՝ ամսվա ընթացքում որքան կվաստակես: Սկզբում շատ բարդ էր պլանավորել ծախսերը: Խորհուրդ կտամ բոլոր ֆրիլանսերներին ունենալ որոշակի անձեռնամխելի գումար հաշվեհամարին՝ ներքին հանգստության համար:

Ի՞նչպես եք պատվերներ ստանում/գործատուներ փնտրում, ինչն է օգնում էս գործում հաջողակ լինել

Գործում հաջողակ լինելուն օգնում են, առաջին հերթին նախկին աշխատավայրերս և նախկին պատվիրատուներս, որոնցից միշտ ստանում եմ աշխատանքներ: Երբ տաս տարի շարունակ որոշակի ընկերության համար քո ուժերի առավելագույն սահմաններում ապահովում ես լավագույն որակ, ամեն նոր պատվերի վրա աշխատում ես այնպես, ինչպես կաշխատեիր իրենցից ստացված առաջին պատվերի դեպքում, իրենք երբեք ուրիշ մասնագետի չեն դիմի ու միայն քեզ կվստահեն: Իրականում Երևանն ու արդեն աշխարհն էլ շատ փոքր են. բոլորն իրար գիտեն, ու եթե դու վստահելի մասնագետ ես, մարդիկ ուրիշներին միշտ խորհուրդ կտան դիմել քեզ: Կարևոր է պարզապես յուրաքանչյուր աշխատանք կատարել այնպես, ինչպես կկատարեիր ամենաճակատագրական աշխատանքը, ինչպես կաշխատեիր սեփական նախագծի վրա: Աշխատանքի հանդեպ այդ պարտաճանաչ, հետաքրքրությամբ ու ազարտով լի, հարգալից ու սրտացավ վերաբերմունքն է հաջողության գրավականը և ապահովում է գործատուների, քեզ վստահող մարդկանց թվի անդադար աճ:

Ի՞նչ եղանակներով (վճարային համակարգերով) եք գումար ստանում աշխատանքի դիմաց (եթե գաղտնիք չէ)

Ես աշխատում եմ որպես իրավաբանական անձ, ու եկամուտներս հարկվում են: Բոլոր իմ գործատուները կա՛մ հայկական ընկերություններ են, կա՛մ Հայաստանում ներկայացուցչություն ունեցող ընկերություններ: Իհարկե, գիտեմ, որ վճարային համակարգերը լուրջ խնդիր են Հայաստանում, ու այս հետպատերազմյան ծանր իրավիճակում մեր երկիր դրամական ներհոսք ապահովելու համար կառավարության առաջնային փոփոխություններից պետք է լինի վճարային համակարգերի բարելավումը:

Աﬔնաանսպասելի առցանց պատվերը

Պետք է կատարեի մեքենայական թարգմանության որակի փորձաքննություն: Քանի որ թարգմանված նյութերը իրավաբանական ոլորտից էին, իսկ ես ունեմ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի լիցենզիա, ինձ հաստատեցին որպես փորձագետ-թարգմանիչ: Բավականին աշխատատար, պատասխանատու գիտական աշխատանք էր՝ բարդ ու հետաքրքիր, որը միևնույն ժամանակ ինձ տվեց հսկայական փորձ, գոհ մնացած պատվիրատու ու միջազգային ամսագրում տպագրված գիտական հոդված: Երբեք մի հրաժարվեք նոր աշխատանքներից, միշտ ընդունեք բոլոր մարտահրավերները: Լրջորեն ու պատասխանատվությամբ կատարված աշխատանքի ու ուսումնասիրության, ինքնակրթման արդյունքում ամեն բան հնարավոր է հաջողությամբ իրականացնել և ևս մեկ աստիճանով բարձրանալ մասնագիտական սանդուղքի վրա:

Աﬔնահաճելի առցանց աշխատանքը, ըստ ձեզ

Պարզվեց՝ ամենից հաճելին համաժամանակյա թարգմանություններ կատարելն է: Նախքան համավարակը համաժամանակյա թարգմանություններ կատարելու համար անհրաժեշտ էր լինում առավոտյան շուտ հասնել միջոցառման վայր, հաճախ աշխատանքը կատարելու համար մեկնում էինք այլ երկներ, ինչը լրացուցիչ սթրես էր հաղորդում այդ, առանց այն էլ բարդ աշխատանքին: Իսկ հիմա, քանի որ բոլոր միջոցառումներն առցանց են, հանգիստ տանը նստած, հարմարավետության մեջ կարողանում ենք կատարել աշխատանքը:
Ինչպե՞ս եք հաղթահարում ﬔկուսացման դեպրեսիան/ձանձրույթը այս օրերին
Իրականում ձանձրանալու, դեպրեսիայի մեջ ընկնելու խնդիր բացարձակապես չկա: Միշտ հանդիպում եմ ընկերներիս, մասնակցում հետաքրքիր միջոցառումների, գնում քաղաքից դուրս, զբաղվում սպորտով, կարդում… ու վայելում հեռավար աշխատանքի յուրաքանչյուր պահը, յուրաքանչուր օրը:

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին

Անդադար սովորե՛ք, անդադար կատարելագործե՛ք հմտություններն ու գիտելիքները: Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս ներդրե՛ք բոլոր ջանքերը, հնարավորինս լավ ու պարտաճանաչ աշխատեք ցանկացած պատվերի վրա: Յուրաքանչյուր պատվեր վերցնելիս առաջնորդվե՛ք ոչ միայն վճարի չափով, այլ նաև այն փաստով, թե ինչ նոր գիտելիքներ ու հմտություններ կտա ձեզ այն: Միշտ լավ, հարգալից հարաբերություններ ունեցեք ձեր գործատուների հետ, եղե՛ք նրանց բրենդը օգտագործողներից, հարգողներից մեկը: Օգտագործե՛ք սոցիալական ցանցերը՝ ձեր մասնագիտական իմիջը կերտելու համար: Բաց մի՛ թողեք ոչ մի օֆլայն ու օնլայն միջոցառում, որը կապված է ձեր աշխատանքի հետ ու որտեղ կարող եք հանդիպել ձեր ոլորտի մասնագետներին ու հավանական գործատուներին: Ստեղծե՛ք մասնագիտական խմբեր սոցիալական ցանցերում, խորհուրդներ տվե՛ք մարդկանց ձեր ոլորտի վերաբերյալ, միշտ պատրաստ եղե՛ք օգնել: Երբ մարդիկ վստահեն ձեզ ու ձեր գիտելիքներին, կդիմեն աշխատանքի համար:

Եվ ամենակարևոր խորհուրդը՝ սիրեք ու հարգեք ինքներդ ձեզ, ձեր աշխատանքն ու ձեր հաճախորդին ☺

Ի՞նչ հարցերով կարող են ձեզ դիմել խորհրդի համար

Թարգմանչական գործի, լեզուների դասավանդման հետ կապված ցանկացած հարցով պատրաստ եմ օգտակար լինել, թե՛ իրենց գործը սիրող ու լրջորեն աշխատող մասնագետներին, թե՛ պատվիրատուներին ☺

Պատկերացնո՞ւմ եք ձեզ ապագայում օֆիսային 9-6 աշխատանքի անցնելիս

Միայն իմ սեփական գրասենյակում ☺