Ինչպե՞ս խուսափել խաբեությունից հեռավար և ֆրիլանս աշխատանք փնտրելիս

Կարևոր է իմանալՀեռավարՖրիլանս

Ֆրիլանս կամ հեռավար աշխատանքի դիմելիս, լինի դա թե՛ հատուկ աշխատանքային հարթակներում և հայտարարությունների կայքերից, թե՛ Ֆեյսբուքում տեսած հայտարարությանը արձագանքելիս, պետք է հավաստիանալ, որ այն կեղծ կամ խաբեություն չէ։ Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ չեն վճարվել կատարված աշխատանքի դիմաց, կամ նույնիսկ գումար են կորցրել, քանի որ «գործատուին» տրամադրել են իրենց բանկային տվյալները նույնիսկ նախքան որևէ աշխատանք սկսելը։ Ստորև ներկայացում ենք կեղծ կամ խարդախ հայտարարությունները ճանաչելու մի քանի մեթոդներ, կախված աշխատանքի տեսակից և հարթակից։

Հեռավար աշխատանքի դիմելիս

Նկատեք կասկած առաջացնող նշանները

Կան նշաններ, որոնք նկատելու դեպքում կարող եք բացառել խաբեությունների ճնշող մեծամասնությունը։ Օրինակ՝ եթե որևէ ընկերություն ներկայացնող գործատուն ձեզ հետ կապվում է @gmail.com կամ @mail.ru հասցեներից՝ ամենայն հավանականությամբ այն խաբեություն է։ Կամ, եթե լուրջ հեռավար աշխատանքի համար հարցազրույցը միայն օնլայն չաթով է արվում, հավանաբար, կրկին խաբեություն է։ Երբեք մի համաձայնեք հեռավար աշխատանքի ընդունվել առանց գոնե մեկ անգամ հեռախոսային կամ տեսազանգով հարցազրույց ունենալու։ Անպայման պարզեք հարցազրուցավարի ամբողջական անունը և փնտրեք նրան գուգլում համոզվելու համար, որ իրական մարդ է։ 

Ուշադիր կարդացեք աշխատանքի նկարագիրը 

Երբեմն հենց առաջադրանքի նախագծի նկարագիրը կարող է վկայել, որ ինչ-որ բան այն չէ։ Հեռավար աշխատանքների նկարագրերը պետք է ունենան պարտականությունների մանրամասն ցանկ, ներկայացնեն պահանջվող վերջնական արդյունքները և ներառեն կատարողից պահանջվող փորձը, որպեսզի դիմորդը հասկանա, արդյոք նա համապատասխանում է պայմաններին կամ հետարքրված է աշխատանքով։ 

Եթե պարտականությունների մասին ուղղակի մի երկու տող է գրված և տպավորություն է, թե չափազանց հեշտ ու արագ արվող բան է՝ դա կարող է վկայել խաբեության մասին։ Եթե պոտենցիալ գործատուն առանձնապես չի հետաքրքրվում ձեր փորձով և գիտելիքներով՝ նրանք հավանաբար թաքցնելու բան ունեն։ Իրական գործատուները շահագրգռված են որակյալ դիմորդներ և աշխատակիցներ ունենալու մեջ։ 

Ուսումնասիրեք ընկերությունը

Սա ամենակարևոր դրույթներից է։ Արդյո՞ք ընկերությունն ունի բավարար տեղեկատվությամբ վեբ կայք։ Արդյո՞ք նշված են կոնտակտային տվյալներ և հասցեներ։ Արդյո՞ք այն ունի սոցիալական կայքերի էջեր։ Այնտեղ կարելի է տեսնել հետևորդների քանակը, մեկնաբանությունների առկայությունը և արձագանքները։ Եթե ընկերությունը չունի կայք կամ ներկայություն սոցիալական ցանցերում՝ ամենայն հավանականությամբ իրական չէ։ 

Երբեք, երբե՜ք գումար մի տվեք

Ցանկացած գործատու, որը սկզբում պահանջում է ինչ-որ «ներդրում» անել, վճարել սեփական թրեյնինգի, նյութերի կամ ծրագիր ձեռք բերելու համար, ամենայն հավանականությամբ խաբեություն է ծրագրում։ Ընկերությունները ուսուցանում և կրթում են աշխատակիցներին իրենց հաշվին։ Ցանկացած ընկերություն, որ պահանջում է ձեր բանկային քարտի տվյալներ պետք է շատ մանրամասնորեն ուսումնասիրվի նախքան նրան որևէ տեղեկատվության տրամադրումը։ 

 

Ֆրիլանս հարթակներ

Ֆրիլանս աշխատանք առաջարկող հարթակների վրա պարբերաբար հայտնվում են կեղծ հայտարարություններ, որոնք կարող են անախորժություոնների պատճառ հանդիսանալ և՛ ֆրիլասերների և՛ հարթակի համար։ Թեև գրեթե բոլոր հարթակներն էլ ունեն սփամ հայտնաբերող ալգորիթմեր և խաբեությունները հայտնաբերող հատուկ թիմեր, երբեմն նման հայտարարություններ այնուամենայնիվ կարողանում են սողոսկել հարթակ։ 

Ֆրիլանսերները պետք է անպայման ուսումնասիրեն այն հարթակների կանոնները, որտեղ գրանցվում են և խստորեն պահպանեն դրանք, այլապես կարող են արգելափակվել հարթակում կամ դառնալ խաբեության զոհ։ 

Գործատուն առաջարկում է վճարումն անել հարթակից դուրս

Ֆրիլանսերական բոլոր հայտնի հարթակներն ունեն վճարումների իրենց հավաստագրված համակարգերը և արգելում են դրանից դուրս գումարների փոխանցումները։ Գործատուն կարող է հարցնել հարթակից դուրս Paypal/Skrill/Bitcoin համակարգերով վճարում անելու համար, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։

Գործատուն խնդրում է հաղորդակցվել հարթակից դուրս

Երբեք մի համաձայնեք հատկապես անծանոթ գործատուների հետ շփումը, պայմանավորվածությունները տեղափոխել հարթակից դուրս, անել այլ կապի միջոցներով։ Այդ դեպքում հարթակը չի կարող որևէ կերպ վերահսկել դա և խնդիրների դեպքում պաշտպանել ձեզ։ Լինի դա Skype, Zoom, կամ այլ ծրագիր։ Այդպիսի հաղորդակցությունը չի կարող հիմք ընդունվել, եթե որևէ խնդիր է առաջանում և կողմերը համաձայնության չեն գալիս։ Հարթակի միջոցով հաղորդակցվելու և դրա պատմության առկայության դեպքում, վեճերի պարագայում, հարթակի հաճախորդների սպասարկումը կարող է այն ստուգել և ձեր օգտին որոշում կայացնել։

Գործատուն խնդրում է աշխատանքի շատ անվճար օրինակներ 

Զգուշացեք, եթե գործատուն 1-2 փորձնական անվճար աշխատանքից ավելին է պահանջում։ Թեև հաճախ կարևոր է պոտենցիալ գործատուին ցուցադրել ձեր ունակությունները, սակայն սա ավելացնում է խարդախների թակարդն ընկնելու հավանականությունը։ Բանակցեք գինը և լրացուցիչ փորձնական առաջադրանքները ներառեք նախագծի մեջ։

Գործատուն նոր է գրանցվել և հարթակի վրա բավարար տեղեկատվություն չունի իր մասին

Մինչև գործատուի հետ որևէ աշխատանք սկսելը, ամենակարևոր քայլերից մեկը գործատուի պրոֆիլն ուսումնասիրելն է՝ այլ ֆրիլանսերների արձագանքները, վարկանիշը և վճարումների պատմությունը։ Արդյո՞ք կան բացասական արձագանքներ։ Եթե գործատուն նոր է գրանցվել հարթակում, մինչև աշխատանք սկսելը, խնդրեք նրան իր պրոֆիլում հաստատել վճարման մեթոդը։ Մի վարանեք հարցեր տալ նոր գրանցված գործատուներին և խուսափեք բացասական արձագանքներ ունեցող գործատուների հետ աշխատելուց։

Գործատուն խնդրում է անձնագրային տվյալներ

Երբեք որևէ գործատուին մի տրամադրեք ձեր նույնականացման տվյալները՝ անձնագիր, ID կամ այլ։ Խարդախները երբեմն պատճառաբանում են անձը հաստատելու կարիքով և կարողանում են նույնականացնող տվյալներ կորզել։ Նրանք կարող են նաև տալ ինչ-որ կայքի հղում և խնդրել գրանցվել, լրացնելով անձնական տվյալներ։ Այդ մեթոդով նրանք կարող են նաև հավաքագրել մուտքանուններ և գաղտնաբառեր և օգտագործել դրանք ապօրինի նպատակներով։ 

Ինչպե՞ս տեղեկացնել հարթակներին խաբեության մասին

Եթե կասկած ունեք, որ գործատուն փորձում է խարդախություն անել կամ կասկածելի վարք է դրսևորում, կապվեք հարթակի հաճախորդների աջակցման բաժին։ Կասկածելի հայտարարությունները նշեք “Report a project” հղումով, իսկ կասկածելի գործատուներին՝ իրենց պրոֆիլի “Report user” հղումով։ 

 

Այլ կայքեր

Եթե աշխատանքի հայտարարությունները փնտրում եք Ֆեյսբուքում և այլ առցանց հարթակներում՝ առավել կասկածամտորեն մոտեցեք և խուսափեք այնպիսի հայտարարություններին արձագանքելիս, որտեղ առկա են հետևյալ տարրերը՝

  • Եթե հայտարարությունը տեղադրված է աշխատանքի կամ ոլորտի հետ կապ չունեցող Ֆեյսբուքի խմբերում,
  • Դեռևս հարցազրույցի փուլում պահանջում են անձնական և ֆինանսական տվյալներ՝ բանկի, անձնագրի, ծննդյան ամսաթիվ, հասցե և այլն,
  • Հայտարարության մեջ խոստանում են շատ գումար քիչ աշխատանքի դիմաց։ Ի վերջո, եթե մի բան այնքան լավն է, որ անիրական է թվում՝ ամենայն հավանակությամբ այդպես էլ կա,
  • Ընկերությունը «պարծենում» է միանգամից հարստացողների պատմություններով, ցուցադրում է «թանկ» ապրելակերպ և այլն,
  • Հայտարարության մեջ նշվում է «արագ գումար», «ֆինանսական վիճակի բարելավում մեկ օրում» և այլ նմանատիպ արտահայտություններ,
  • Հայտարարությունում առկա են աչք ծակող լեզվական սխալներ կամ տառասխալներ,
  • Հայտարարության մեջ նշված կոնտակտային հասցեն անձնական է (petros@mail.ru), կամ այնպիսին, որ նմանակում է ընկերության իրական հասցեն, օրինակ՝ microsoft@mail.ru,
  • Աշխատանքը սկսելուց առաջ պահանջվում է գումարային ներդրում կատարել որևէ նպատակով,
  • Աշխատանքի վճարը հաշվարկվում է ձեր ներգրաված անձանց քանակով,
  • Գործատուն միանգամից գործ է առաջարկում առանց պարզելու ձեր աշխատանքային փորձը և գիտելիքները,
  • Առաջարկում են մի սխեմա, ըստ որի ստացած գումարի որոշ մասը ետ պետք է վերադարձնեք,
  • Պետք է զգուշանալ այնպիսի հայտարարությունների արձագանքելիս, որտեղ առկա են հետևալ արտահայտությունները՝ արագ փող, «դարձեք տնօրեն 4 ամսում», MLM (multi-level marketing), quick money, unlimited earning potential, envelope stuffing։