Kolba Interview. Նելլի Մինասյան

ՀարցազրույցՀեռավար

Ինչպե՞ս եք եկել ֆրիլանս/հեռավար աշխատանքի մտքին, արդյո՞ք պայմանավորված է մեկուսացումով:

Հեռավար աշխատում եմ արդեն չորս տարի։ Իմ դեպքում այն մեկուսացումով պայմանավորված չէ, սակայն նաև օգնում է չձանձրանալ ներկա պայմաններում։ Հեռավար աշխատանքի անցել եմ շատ պատահաբար, ինքս չեմ փնտրել։ Ընկերներիցս մեկը հեռավար թարգմանություն էր անում եվրոպական մի կառույցի համար և ծավալի շատ լինելու պատճառով առաջարկեց միանալ թիմին։ Այդպես, ես առաջին անգամ վաստակեցի գումար ֆրիլանս աշխատանքով։

Որո՞նք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը:

Առավելությունները, իհարկե, շատ են. դու ինքդ ես կարողանում տնօրինել քո ժամանակը, որոշել ցերեկն ես ցանկանում աշխատել, թե գիշերը, և կարող ես աշխատել ցանկացած վայրում՝ տանը, սրճարանում, լավ եղանակի դեպքում այգում։ Եվ իհարկե, ֆրիլանս աշխատանքի միջոցով կարողանում ես կողմնակի գումար վաստակել, որն երբեմն իր չափով գերազանցում է մշտական աշխատավարձը։ Այն հնարավորություն է տալիս կատարել տարաբնույթ աշխատանքներ, որոնք ընդլայնում են քո մտահորիզոնը։

Բացասական կողմերից, թերևս պետք է նշեմ, հաղորդակցության և փորձի փոխանակման պակասը, սակայն քանի որ իմ դեպքում, ֆրիլանս աշխատանքին համատեղ ես ունեմ մշտական /օֆիսային աշխատանք, այդ պակասը չեմ զգում։ Հստակ աշխատավայր ունենալու դեպքում, կարողանում ես շփվել գործընկերների հետ, ինքնըստինքյան փորձի փոխանակում է տեղի ունենում, ավելի մոտիվացված ես լինում, ֆրիլանս աշխատանքի դեպքում դա չկա, և դու պետք է շարունակաբար աշխատես քեզ վրա։ Նաև, ֆրիլանս աշխատանքը շատ անգամ կայուն եկամուտ չի ապահովում. կարող են լինել ամիսներ, որ այնքան պատվերներ լինեն, որ չհասցնեք և կարող են լինել ամիսներ, երբ պատվեր չլինի։

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը/պատվերը:

Իմ առաջին ֆրիլանս պատվերը եղել է թարգմանության ոլորտում, կատարել եմ թարգմանություն հյուրատների առցանց պլատֆորմի համար։ Սկզբում կարծում էի, որ կան հստակ ոլորտներ, ծառայութուններ, որոնցով միայն կարող եմ ֆրիլանս աշխատել, բայց մի փոքր փորձ ձեռք բերելով՝ հասկացա, որ ցանկացած ոլորտում հնարավոր է հեռավար աշխատանք գտնել։ Եվ քանի որ, հետազոտություններ անել շատ եմ սիրում, իսկ իմ ներկա մշտական աշխատանքում այդ կոմպոնենտը մեծ չէ, որոշեցի և սկսեցի ֆրիլանս հետազոտություններ իրականացնել տարբեր կազմակերպությունների համար։

Հիշու՞մ եք առաջին աշխատանքից ունեցած զգացողությունը, գումարի չափսը, ինչի՞ վրա եք ծախսել։

Ուրախության և հպարտության զգացողություն, երևի, ինքնագնահատականի աճ, երբ հասկանում ես, որ դու ինքնուրույն, քո գիտելիքների և հմտությունների շնորհիվ, կարողացար համագործակցել միջազգային կազմակերպության հետ և գոհացնել պատվիրատուին։ Քանի որ առաջին աշխատանքից ստացած գումարն այնքան էլ մեծ չէր ինչ-որ հատուկ բանի վրա չեմ ծախսել։

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում։

Առաջին ձախողումը կապված էր, հենց փորձի բացակայության հետ, երբ առաջարկը ներկայացնելիս սխալ էի գնահատել ժամանակը և փաստորեն, վերջնաժամկետից բավականին ուշ տրամադրեցի վերջնական աշխատանքը։ Երբ նորեկ ես լինում և տվյալ հետազոտության ոլորտն էլ լավ չես պատերացում, միշտ պետք է մի փոքր ավելի ժամանակահատված նախատեսես հետագա անհաջողություններից խուսափելու համար։

Աﬔնաանսպասելի առցանց պատվերը։

Ամենաանսպասելին հենց առաջին աշխատանքն էր, որի առաջարկը ստացա ընկերոջիցս։

Աﬔնահաճելի/ամենադժվար առցանց աշխատանքը։

Չեմ կարող մեկ ամենահաճելի առանձնացնեմ, բայց կնշեմ, որ ավելի հաճույքով եմ անում այն հետազոտությունները, որոնք նաև ներառում են տվյալների առաջնային հավաքագրում, երբ ես եմ նախագծում հավաքագրման գործիքները, հավաքագրման պլանը, և աշխատանքում շփում կա մարդկանց հետ։ Ամենադժվարը, բայց նաև ամենահետաքրքիրը աշխատելն է այն ոլորտում, որին ծանոթ չես և միայն ոլորտին ծանոթանալու համար բավականին ժամանակ պիտի տրամադրես։

Ի՞նչ եք անում հերթական առցանց աշխատանք սկսելուց րոպեներ առաջ։

Ինչ-որ հատուկ բան չեմ անում, դնում եմ ականջակալներս, միացնում եմ մի լավ երաժշտություն և սկսում նախագծել, թե ինչպես պետք է իրականացնեմ աշխատանքս։

Ո՞րն է ձեր նախընտրած աշխատատեղը․ ունե՞ք մշտական աշխատասեղան, թե՞ գերադասում եք աշխատել տարբեր վայրերում։

Ունեմ մշտական աշխատասեղան տանը, որը գտնվում է տան փակ պատշգամբում և նախընտրում եմ աշխատել այնտեղից։ Չնայած երբեմն նաև աշխատում եմ տարբեր վայրերից, օրինակ եթե այդ պահին պետք է այլ վայրում գտնվեմ ընտանիքիս կամ ընկերներիս հետ։ Ըստ իս՝ ամեն դեպքում ֆրիլանսերը պետք է ունենա իր աշխատանքային անկյունը, քանի որ մշտական աշխատանքային վայրը տրամադրում է աշխատանքին։

Ի՞նչ է ձեզ ուղեկցում աշխատելիս․ երաժշտություն, սուրճ/թեյ, երեխաներ, տնային կենդանի։

Հիմնականում մաքուր օդ և, իհարկե, սուրճ։ ։) Տաք եղանակին ես միշտ պատուհանը բաց եմ աշխատում, այդպես ավելի հաճելի է, իսկ գործն էլ արագ և արդյունավետ է ստացվում։ Ավելի թեթև, շատ կենտրոնացում չպահանջող աշխատանքների դեպքում նաև երաժշտություն եմ լսում, որը և մոտիվացնում, և հանգստացնում է:

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսեռներին․ ինչի՞ մասին է պետք մտածել առաջին հերթին, ինչի՞ց զգուշանալ, ինչպիսի՞ դժվարություններ սպասել։

Կարծում եմ սկզբում, եթե մասնագետը մշտական աշխատանք ունի, պետք չէ այն միանգամից թողնել ֆրիլանս աշխատանքի համար, պետք է փորձել համատեղել այնքան ժամանակ մինչ՝ որպես մասնագետ, Ձեզ կճանաչեն, արդեն կունենաք մի քանի պատվերներ։ Իսկ, եթե ֆրիլանս հարթակներ եք օգտագործում, այդ հարթակներում պետք է գոնե մի քանի ավարտած նախագիծ ունենաք և պատվիրատուների կողմից լավ գնահատականներ։

Սկզբում պետք է ուսումնասիրել շուկան, հասկանալու համար, թե ինչ հնարավորություններ կան տվյալ մասնգիտության համար, պետք է խորհրդակցել այլ ֆրիլանսերների հետ, հասկանալու թե, որոնք են ամենավստահելի հարթակները աշխատանքը սկսելու համար, նախագծել գործողությունների շղթան և սկսել փնտրել աշխատանք։ Սկիզբը միշտ դժվար է, սակայն պետք չէ հանձնվել։

Հիմնական դժվարությունը սկսնակների համար շուկա մուտք գործելն է, և կախված մասնագիտությունից նրանք, կամ կդժվարանան աշխատանք գտնել քանի, որ տվյալ ծառայության համար պահանջարկը այնքան էլ մեծ չէ (օրինակ՝ շախմատ սովորեցնող, կարուձևի մասնագետ) կամ առաջարկը և պահանջարկը այդ մասնագիտության այնքան շատ են (գրաֆիկ դիզայն), որ աշխատաք գտնելու դեպքում սկզբում ստիպված կլինեն շատ քիչ գումարով աշխատել։

Պետք է զգուշանալ անհասկանալի, վստահություն չներշնչող պլատֆորմների կամ պատվիրատուների հետ աշխատելիս։ Պետք է հիմնականում, եթե աշխատում են պատվիրատուի հետ ոչ ֆորմալ պլատֆորմում, պահանջել աշխատանքի հստակեցում և աշխատանքային պայմանագրի առկայություն։

Ի՞նչ հարցերով կարող են ձեզ դիմել խորհրդի համար։

Կարծում եմ մի քանի մասնագիտությունների համար՝ հիմնականում հասարակական գիտությունների ոլորտում, կկարողանամ օգնել սկսնակ ֆրիլանսերներին կազմել դեպի ֆրիլանս շուկա տանող իրենց ճանապարհային քարտեզը։

Այս օրերին ինչպե՞ս եք հաղթահարում ﬔկուսացման դեպրեսիան/ձանձրույթը։

Ճիշտն ասած, ես դեռ չեմ հասցրել ձանձրանալ։ ։) Այժմ ունեմ մեկ հեռավար հետազոտություն, որի վրա աշխատում եմ, նաև տանից իրականացնում եմ իմ մշտական աշխատանքը։ Ունեմ 3 տարեկան բալիկ, իսկ երեխաների հետ երբեք չես ձանձրանա. երբ ստեղծված իրավիճակից ճնշված եմ լինում տղայիս հետ զբոսանքը կամ խաղը կարողանում է լիովին հանել այդ վիճակից։ Նաև իրականությունից կտրվելու և հանգստանալու համար ինձ օգնում է ընթերցանությունը։