Տարածված միֆեր ֆրիլանս և հեռավար աշխատանքի մասին

Կարևոր է իմանալՀեռավարՖրիլանս

Աշխատում եք հեռավար, տնից կամ ֆրիլա՞նս։ Հաստատ լսել եք միֆեր ձեր աշխատանքի մասին։ Օրինակ, ամենատարածված միֆերից է այն, որ եթե 9-6 ժամային գրաֆիկով և գրասենյակում չեք աշխատում, ուրեմն կամ անգործ եք, կամ լուրջ աշխատանքով չեք զբաղվում։ Սա, իհարկե, անմտություն է։ 

Դեռևս դիտարկո՞ւմ եք այս ֆորմատներով աշխատանքը և հակասական բանե՞ր եք լսում։ Փորձենք կոտրել որոշ միֆեր և ներկայացնել լավագույն փորձը: 

Միֆ #1` Հեռավար աշխատողները գլուխ են պահում

Որոշ մարդիկ կարծում են, որ եթե աշխատակիցն աշխատում է հեռավար և նրա գլխին կանգնած ղեկավար չկա, նա անպայման գլուխ կպահի ու ավելի քիչ կաշխատի, քան եթե նա լիներ գրասենյակային աշխատակից։ Այս վարկածը բազմաթիվ անգամ հերքվել է։ Շատերն ասում են, որ ավելի ճկուն գրաֆիկով հեռավար աշխատելիս նրանց պրոդուկտիվությունն ավելացել է և նրանք մի բան էլ ավելի շատ ժամանակ են տրամադրում աշխատանքին, քան առաջ և միևնույն ժամանակ նրանց կյանքի որակը բարելավվել է։ Երբ անձնական և գործնական ժամանակի միջև սահմանը դառնում է ավելի աղոտ և լղոզված, հաճախ դժվարանում ես գնահատել, որ արդեն «տուն գնալու» ժամանակն է ու չես նկատում, որ մի քանի ժամ է ինչ լարված աշխատում ես, այնինչ աշխատանքային ժամը վաղուց ավարտվել է։

Harvard Business Review-ի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռավար աշխատանք թույլատրելուց հետո, ընկերությունները գրանցել են աշխատակիցների արդյունավետության 13,5% աճ։ Նշվում է, որ փաստորեն, գրասենյակից դուրս շատ ավելի քիչ շեղող հանգամանքներ կան։ Օրինակ, երբ գործընկերը կանչում է սուրճի ու ինչ-որ բան քննարկելու, կամ բոլորը միասին տարեդարձ են նշում։ Աշխատակիցների միջև առօրյա գրասենյակային զրույցներն իրականում բավականին ժամանակ են տանում։

 

Միֆ #2՝ ֆրիլանս աշխատողներն անընդհատ ճամփորդում են, աշխատում ծովափին պառկած․․․

Համացանցում հեռավար աշխատանք կամ ֆրիլանսեր պատկերող լուսանկարներ փնտրելիս աչք են ծակում նախանձելի միջավայրերում համակարգչով նստած ֆրիլանսերներն ու հեռավար աշխատողները։ Արդյո՞ք նրանք կարող են այդքան վաստակել, որ հաճախ ճամփորդեն ու աշխատեն ծովափին նստա՞ծ։ Անշուշտ, այդպիսիններն էլ կան, բայց նրանք հաստատ մեծամասնություն չեն։ Ֆրիլանսերները և որոշ չափով նաև հեռավար աշխատողները կարող են իրենց թույլ տալ աշխատել հարմար վայրից ու իրենց հարմար ժամերի, բայց դա, ցավոք, ոչ միշտ է լինում գովազդային նկարին արժանի գեղեցիկ միջավայր։ 

 

Միֆ #3՝ Հեռավար աշխատողները աշխատանքի և կյանքի բալանսի լավ վիճակում են (work-life balance)

Տնից աշխատող հեռավար աշխատակից պատկերացնելիս, կարող եք ենթադրել, որ նրանք մի քիչ գործ են անում, հետո տան հետ կապված որոշ հարցեր են լուծում, օրինակ երեխաների խնամքի հետ կապված, կամ հասցնում են տունը մաքրել կամ կերակուր պատրաստել, հետո նորից մի քիչ գործ․․․ Իրականում, հաջողակ հեռակա աշխատակիցները ժամերով նստում են իրենց աշխատասեղանի դիմաց և ամեն գնով ձգտում են խուսափել ընդհատումներից և շեղող հանգամանքներից։ Շուրջբոլորը մարդիկ մտածում են, որ եթե հեռավար ես աշխատում, ապա հաստատ ավելի լավ կարող ես կազմակերպել անձնական կյանքը։ Պատկերացրեք՝ լարված աշխատում եք որևէ նախագծի վրա, իսկ ընտանիքի անդամները մոտենում, ինչ-որ բաներ են հարցնում, ուղղակի պատմում են ինչ-որ նորություն, կամ խնդրում օգնել մի բանում, ենթադրելով, որ եթե տանն եք, ապա հասանելի եք։ Իհարկե, կարելի է աշխատել այպիսի ճկուն գրաֆիկով, որ անձնական գործերն էլ հասցնել, սակայն կոնկրետ հեռավար աշխատակիցների դեպքում դա ավելի շատ բացառություն է քան նորմ։ 

 

Միֆ #4՝ Անհնար է թիմ ղեկավարել հեռավար, և առհասարակ, հաղորդակցությունը տուժում է

Գործատուները նշում են, որ շատ հաճախ խուսափում են հեռավար աշխատակից գործի ընդունելուց, քանի որ չեն կարող նրանց վերահսկել: Պատկերացրեք հեռավար ռեժիմով ղեկավար անձ ընդունելու դեպքում, որքան կասկածներ և երկմտումներ կան։ 

Օրինակ, HubSpot ընկերությունը իր փորձով շարունակաբար հերքում է «ղեկավարները չեն կարող աշխատել հեռավար» պնդումը։ Ընդ որում, 300 հոգանոց իր անձնակազմի մեծ մասը միջին կամ բարձր օղակի ղեկավար է։ Նրանք պնդում են, որ եթե որևէ աշխատակից անկարող է հեռավար կերպով աշխատել իր ենթակաների հետ՝ նա հավանաբար չպետք է ղեկավար պաշտոն զբաղեցնի։ Ի վերջո, ղեկավար լինել չի նշանակում կանգնել ենթակա աշխատակիցների ուսի ետևում և վերահսկել նրանց աշխատանքը։ Ղեկավարները պետք է տրամադրեն անհրաժեշտ ռեսուրսները և տեղեկատվությունը և ապահովեն հետադարձ կապը։ Արդյունավետ ղեկավարների աշխատանքային պարտավորություններից և ոչ մեկը չի ենթադրում դեմ առ դեմ հաղորդակցություն։

Ինչ վերաբերում է հաղորդակցմանը՝ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են ապահովել աշխատակիցների արդյունավետ շփումը և՛ տեսազանգերով, և՛ միմյանց էկրանները տեսնելով ու փաստաթղերի վրա համատեղ աշխատելով։ Դրանք դիտարկել ենք այստեղ։

 

Միֆ #5՝ Հեռավար կամ ֆրիլանս աշխատողները միայնակ են

Անշուշտ, հեռավար աշխատողների և ֆրիլանսերների առօրյան ոչ միշտ է ներառում շփումներ այլ մարդկանց, աշխատակիցների կամ գործընկերների հետ։ Իհարկե նրանք կարող են աշխատել տնից և օրերով դուրս չգալ, բայց չէ՞ որ նրանք ազատ են ընտրել բազմաթիվ ալընտրանքներից, օրինակ՝ քովորքինգներ (co-working), սրճարաններ, գրադարաններ։ Շատ «գրասենյակից զուրկ» մարդիկ են նախընտրում այս վայրերը և այնտեղ էլ են հետարքիր համայնքներ ձևավորվում։ 

Սոցիալական առումով, իհարկե, տարբերություն կա՝ օրինակ ֆրիլանսերները կորպորատիվներ և այլ թիմային միջոցառումներ չեն ունենում, բայց այնպես չէ որ նրանք մեկուսանում են և կտրվում հասարակությունից։ 

Այսպիսով, մինչև աշխատանքի բնույթը փոխելու որոշում կայացնելը արժե ուսումնասիրել բազմազան աղբյուրներ և շփվել տարբեր մարդկանց հետ՝ նմանատիպ միֆերին անհարկի տեղ տալուց խուսափելու համար։ Իսկ ինչ միֆեր ես դո՞ւ լսել։