Kolba Jobs Բառարան

Կարևոր է իմանալ

Ֆրիլանսի կամ հեռավար աշխատանքի աշխարհում շատ սպեցիֆիկ տերմիններ են ձևավորվել, փոխառվել անգլերենից և մտել գործածության մեջ հենց անգլալեզու տարբներակով։ Սկսնակների համար դրանք կարող են անհասկանալի լինել։ Այս նյութում կփորձենք բացատրել որոշ տերմիններ, անվանումներ և երևույթներ։ Եթե հանդիպել եք նմանատիպ բառեր, որոնք հասկանալու համար գուգլ եք արել՝ տեղեկացրեք մեզ, որպեսզի ներառենք այս բառարանում։

 

ՑԱՆԿ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՐՄԻՆՆԵՐ

ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ/ԻՐԱՎԱԿԱՆ

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՐՄԻՆՆԵՐ

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՐՄԻՆՆԵՐ

Ֆրիլանսեր | Freelancer

Մարդ, ով աշխատում է ինքն իր համար, այլ ոչ թե որևէ ընկերության։ Ֆրիլանսերները կարող են պայմանագրային գործ անել տարբեր ընկերությունների, կազմակերպությունների համար, բայց նրանք համարվում են ինքնաշխատ, քանի որ իրենք են որոշում որ գործն անեն, որը՝ ոչ։ Ֆրիլանսերներն իրենք են կազմակերպում իրենց ժամանակը և սահմանում, բանակցում վարձավճարի չափը։ Մանրամասներ:

 

Տնից աշխատել | Work from home

Տնից աշխատելը աշխատակցի՝ գործատուի հետ պայմանավորվածություն է, սովորաբար ժամանակավոր։ Լինի համավարակով պայմանավորված, թե այլ պատճառով՝ գործատուները կարող են իրենց աշխատակցին հնարավորություն տալ աշխատել տնից։ Այսպիսով, տնից աշխատողը ունի գրեթե նույն աշխատանքային պայմանագիրը ինչ գրասենյակից աշխատողը, սովորաբար աշխատում է նույն ժամային գրաֆիկով և ստանում է նույն արտոնությունները։ Մանրամասներ:

 

Հեռավար աշխատող | Remote worker

Հեռավար աշխատողը ընկերության հիմնական աշխակիցներից մեկն է, ով սակայն, չի աշխատում ընկերության գրասենյակում։ Նա կարող է գտնվել ուրիշ քաղաքում, երկրում, կարող է աշխատել տնից կամ այլ հարմար վայրից օրինակ քովորքինգից։ Հեռավար աշխատակիցը սովորաբար ունի նույն առավելություններն ինչ գրասենյակում աշխատող իր գործընկերը՝ մշտական պայմանագիր, ապահովագրություն, արձակուրդի օրեր, սոցիալական փաթեթներ և այլն։ Մանրամասներ:

 

Ֆրիլանս հարթակ, ֆրիլանս բորսա | Freelance platform, marketplace

Ֆրիլանս հարթակները օգնում են ընկերություններին գտնել անկախ մասնագետներ ժամանակավոր աշխատանքների և հատուկ նախագծերի համար։ Այս հարթակները կարծես աշխատանքային տոնավաճառ լինեն գործատուների համար, որոնք կարող են դիտել ֆրիլանսերների պրոֆիլները, փնտրել նրանց ըստ հմտությունների, փորձի, գտնվելու վայրի կամ այլ չափանիշի։ Բացի այդ, ընկերությունները կարող են տեղադրել նախագծի նկարագրությունը և ընդունել առաջարկներ ֆրիլանսերների կողմից։  Կան հարթակներ, որ կենտրոնացած են որոշակի հմտությունների վրա, ինչպես՝ դիզայն, տեքստերի գրում, ծրագրավորում։ Հարթակների մասին մանրամասն։

 

Քովորքինգ | Co-working

Քովորքինգը մի վայր է, որտեղ տարբեր ընկերությունների աշխատակիցներ և ֆրիլանսերներ աշխատում են միևնույն տարածքում, օգտվում ընդհանուր ենթակառուցվածքից՝ կահույք, սարքավորումներ, մաքրման ծառայություններ, խոհանոց և այլն։ Աշխարհի տարբեր քաղաքներում արագ զարգանում են քովորքինգային հայտնի ցանցերը՝ Impact Hub, Hive, WeWork և այլ: Գործում են սովորաբար ժամավճարային կամ ամսական անդամակցության սկզբունքով։ 

 

Քովորքեր | Co-worker

Մարդ, ով հիմնականում աշխատում է քովորքինգից։

 

Թվային նոմադներ | Digital nomads

Թվային նոմադներ կամ «թափառականներ» (լավ իմաստով)։ Մարդիկ, ովքեր աշխատում են  հեռահաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով և ապրում են «թափառականի» կյանքով։ Նրանք հաճախ աշխատում են տարբեր երկրներից, սրճարաններից, հանրային գրադարաններից կամ քովորքինգներից։ Հաջողակ թվային նոմադները սովորաբար ունեն որոշակի ֆինանսական «բարձիկ», կամ շատ լավ զարգացրել են ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտությունները։ 

 

Ֆլեքսպերտ | Flexpert

Ճկուն մասնագետ։ Ֆրիլանսերն է, ով իր ոլորտի մի քանի կարևոր ասպարեզներում հմտացած է և կարողանում է ճկունություն դրսևորել, կիրառել տարբեր հմտություններ առաջադրանքը կատարելու համար։

 

Միայնակ ձեռնարկատեր | Solopreneur

Այսպես անգլերենում անվանում են անհատ ձեռնարկատերերին, ֆրիլանսերներին, ովքեր նախընտրում են աշխատել միայնակ։

 

Հովանոցային կազմակերպություն | Umbrella Company

Ընկերություն կամ գործակալություն, որը հանդիսանում է ֆրիլանսերների համայնքի/ցանցի գործատուն։ Ֆրիլանսերները կարող են ամենատարբեր պատվիրատուների համար առաջադրանքներ կատարել, սակայն հովանոցային կազմակերպության հետ իրենց պայմանավորվածությունը շարունակական է։

 

Աշխատանքի և կյանքի հավասարակշռություն | Work-life balance

Աշխատանքի և կյանքի բալանսը այն հավասարակշռված վիճակն է, երբ մարդը կարողանում է միաժամանակ բավարար ժամանակ հատկացնել և՛ կարիերային, և անձնական կյանքին։ Ժամանակի և կենտրոնացման ճիշտ բաշխումը աշխատանքային և ընտանեկան կամ հանգստի կարիքների միջև։

 

Անձնային բրենդինգ | Personal Branding

Անձի բրենդավորումը հատուկ մշակված, գիտակցված ջանք է՝ միտված ներազդելու նրա վրա, թե ինչպես է հանրությունը ընկալում այդ անձին, դիրքավորելու նրան որպես իր ոլորտում հեղինակություն և մասնագետ, բարձրացնելով նրա հանդեպ վստահելիությունը և տարբերակելով մրցակիցներից։ Անհատ ձեռնարկատերերին և ֆրիլանսերներին օգնում է գտնել նոր պատվիրատուներ։ 

 

Ֆրիլանս գիգ | Freelance gig

Անգլերենում gig բառը այս արտահայտությունում օգտագործվում է սլենգային իմաստով, և նշանակում է կոնկրետ ժամանակում արվող աշխատանք, օրինակ ինչ-որ մեծ նախագծի շրջանակներում։

 

Գիգերի տնտեսություն | Gig economy

Սա ազատ շուկայի մի համակարգ է, որտեղ հիմնականում մարդիկ աշխատում են ժամանակավոր հաստիքների վրա և գործատուները վարձում են անկախ աշխատողների՝ կարճատև աշխատանքների համար։ 

 

Հաճախորդների կառավարման համակարգ | (CRM) customer management system

Մի հարթակ է, որն իրենից ներկայացնում է տվյալների հենք, որոշ լրացուցիչ ֆունցիոնալությամբ և գործառույթներով։ Օրինակ՝ նման համակարգում են գրանցվում բոլոր նախկին, ներկա և պոտենցիալ հաճախորդները, այնտեղ լինում է տեղեկատվություն նրանց հետ փոխազդեցությունների պատմության մասին։

 

Հնարք | Lifehack

Մի պարզ և խելացի հնարք, որի միջոցով կարելի է հեշտ և արդյունավետ կերպով ինչ-որ առօրյա առաջադրանք անել։

 

«Ճկուն» մեթոդաբանություն, մտածելակերպ | Agile mindset, methodology

«Ճկուն» մեթոդաբանությունը ծրագրային ապահովման ստեղծման մոտեցում է, որի շրջանակներում պահանջները և լուծումները զարգանում են ինքնակազմակերպման և խաչաձեւ ֆունկցիոնալ թիմերի եւ նրանց պատվիրատուի / վերջնական օգտագործողի համատեղ ջանքերով։ Այն նպաստում է հարմարվողական պլանավորմանը, արագ զարգացմանը և շարունակական բարելավմանը, ինչպես նաև խրախուսում է փոփոխություններին արագ եւ ճկուն արձագանքը։

 

Սքրամ շրջանակ | Scrum framework

Սքրամ շրջանակն օգտագործում է ճկուն մեթոդաբանությունը և մտածելակերպը բարդ պրոդուկտներ նախագծելու, կառուցելու և գործարկելու համար։ Սքրամն, ի սկզբանե, կիրառել են ծրագրավորման նախագծերում, սակայն այժմ այն օգտագործում են նաև այլ ոլորտներում՝ հետազոտություն, վաճառքներ, մարքեթինգ և բարձր տեխնոլոգիաներ։ 

 

ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ/ԻՐԱՎԱԿԱՆ

Հաշիվ | Invoice

Ֆրիլանսերի հաշիվը, որը նա ներկայացնում է պատվիրատուին։ Այն ներառում է պատվիրատուի և կատարողի տվյալները, տրամադրված ծառայությունների ցանկը ըստ նախնական պայմանավորվածության, դրանց արժեքը, վճարի ենթակա ընդհանուր գումարը, վճարման պայմանները (ժամկետը և եղանակը), վճարման տվյլաները։ Հաշիվը կարելի է ստեղծել ցանկացած տեքստային խմբագրիչում, օգտվել առցանց ձևաչափերից, կամ ֆրիլանս հարթակի տրամադրած գործիքից։ 

 

Առաջադրանքի հանձնման ժամկետ | Turnaround time 

Այն ժամանակն է, որը պահանջվում է ֆրիլանսերից առաջադրանքը ավարտելու և արդյունքը հանձնելու համար։ Սովորաբար նշվում է պայմանագրերում կամ առաջադրանքի պահանջներում։

 

Չբացահայտման համաձայնագիր | Non-Disclosure Agreement (NDA) 

Պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը սահմանում է նախագծի իրականացման համար անհաժեշտ գաղտնի նյութերը կամ տեղեկատվությունը և որը չպետք է հասանելի դառնա որևէ երրորդ կողմի։

 

Չմրցակցելու համաձայնագիր | Non-Compete Agreement (NCA) 

Պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որն արգելում է ֆրիլանսերին մրցակցելու պատվիրատուի հետ որոշակի ոլորտում կամ նախագծում՝ դրա ավարտից հետո նշված ժամկետով։ Օրինակ՝ ուղիղ մրցակցի հետ աշխատելը, կամ նույն ոլորտում սեփական բիզնես սկսելը։ 

 

Ժամահաշվարկ | Time tracking

Կոնկրետ առաջադրանքի վրա ծախսված ժամաքանակի հաշվարկը։ Շատ ֆրիլանսերներ վճարվում են ըստ իրենց աշխատած ժամանակի և միշտ հաշվարկում են թե որքան ժամանակ են տրամադրել այս կամ այն առաջադրանքը կատարելու վրա (տես՝ ժամավճար)։ Որոշ պատվիրատուներ պահանջում են հաշվարկներ րոպեյի ճշտությամբ, սակայն 15 կամ 30 րոպեյի ճշտությամբ արվող հաշվարկներն ամենատարածվածն են։ Ժամանակը հետևելու համար կան բազմազան ծրագրեր: Այստեղ ներկայացնում ենք ժամաքանակի ավտոմատ հաշվարկի գործիքներից մեկը։

 

Ժամավճար | Hourly billing

Վճարման տարբերակ ըստ աշխատած ժամերի։ Որոշ պատվիրատուներ նախընտրում են նախագծի համար վճարումն իրականացնել ըստ դրա վրա ծախսված ժամաքանակի և նախագծի պատվերի նկարագրությունում նշում են ժամավճարի չափը։ Ֆրիլանսերները պետք է հաշվարկեն ծախսված ժամանակը և հաշիվ ներկայացնեն ըստ դրա (ֆրիլանս հարթակներում սա արվում է ավտոմատ կերպով)։ 

 

Տվյալների գաղտնիություն | Data Privacy

Ֆրիլանսերները հաճախ իրենց աշխատանքը կատարելու համար ստանում են որոշակի տեղեկատվություն, որը հանրայնացման ենթակա չէ։ Հիմնականում դրա համար նրանք ստորագրում են NDA դրույթներով պայմանագրեր։ Պետք է ուշադիր լինել և ոչ մի դեպքում չխախտել այլ գաղտնիության դրույթները, այլապես կարող են իրավական խնդիրներ ծագել։

 

(GDPR) General Data Protection Regulation

Եվրամիության ընդհանուր կանոնակարգը տվյալների պահպանության մասին, որը կարգավորում Է եվրոպացիների անձնական տվյալների տարածումը և օգտագործումը։ Ուժի մեջ է մտել 2018 թվականին և պարտադրում է բոլոր անհատներին, կազմակերպություներին և ինտերնետ հարթակներին, որոնց հասանելի են դառնում եվրոպացիների անձնական տվյալներ, ենթարկվել որոշ դրույթների։ Կանոնակարգի նորմաներին համապատասխան՝ այժմ ԵՄ-ի օգտատերերն իրավունք ունեն իմանալու, թե հատկապես ինչպես են օգտագործվում անձնական տվյալները, որոնք իրենք իրենց մասին տրամադրում են Համացանցում: Սրա մասին կարևոր է իմանալ եվրոպական ընկերությունների հետ աշխատելիս։ Մանրամասներ։

 

Հարկային ձևաթուղթ | Tax form

Հարկային փաստաթուղթ (հաճախ՝ W-8ben, որը կիրառվում է ԱՄՆ-ից դուրս հարկ վճարող անհատների համար), որը անհրաժեշտ է լրացնել որոշ ֆրիլանս հարթակներում և հատկապես ամերիկյան ընկերությունների հետ աշխատելիս, վճարում ստանալուց առաջ։ Այն իրենից ներկայացնում է որոշակի ձևաթուղթ, որտեղ պետք է հայտարարագրել, թե որ երկրի հարկատու եք, և տրամադրեք ձեր հարկային տվյալները։ 

 

Վերջնական արդյունքներ | Deliverables

Նախագծի ավարտին հանձնվող այն արդյունքները, որոնք պետք է տրամադրվեն պատվիրատուին աշխատանքի վերջում։ Սովորաբար սահմանվում են պատվիրատուի կողմից և տրամադրվում ֆրիլանսերին նախագիծը սկսելուց առաջ։ Դրանցով են ընդունում կատարված աշխատանքը և գնահատում դրա հաջողությունը։ 

 

Արձագանք | Feedback

Պատվիրատուի/գործատուի կողմից արձագանքը կատարված աշխատանքի վերաբերյալ։ 

 

Բնութագիր | Testimonial

Պատվիրատուի կողմից աշխատանքի մասին հակիրճ բնութագիր/կարծիք, որը կարելի է ներկայացնել անձնական էջերում և կայքում, դարձնելոով մարքեթինգային գործիք։ 

 

Հակիրճ ներկայացում | Pitch

Բիզնեսի աշխարհում pitch են անվանում բիզնես պլանի կամ աշխատանքը կատարելու պլանի այնպիսի ներկայացումը, որը առավելագույնս հակիրճ նկարագրում է բոլոր շահեկան փաստերը։ Լրագրության կամ content writing-ի մեջ pitch են անվանում ապագա նյութի հակիրճ նկարագիրը, որը պատկերացում է տալիս ակնկալվող արդյունքի մասին։ 

 

Բիզնես առաջարկի պրեզենտացիա | Pitch deck

Սա մի պրեզենտացիա է, որը ներկայացնում է ձեր բիզնես պլանը հավանական ներդրողներին, հիմնադիրներին, գործընկերներին և հաճախորդներին՝ առցանց կամ դեմ-առ-դեմ տաբրբերակով։ Դրա կառուցվածքը կախված է նպատակից և հանդիսատեսից։ Սովորաբար հակիրճ բայց համոզիչ կերպով ներկայացնում է նախագծի կամ ընկերության շահեկան կողմերը։

 

Աշխատանքի առաջարկ | Proposal

Ֆրիլանսերական հարթակներում աշխատանքի հայտարարություններին դիմելու համար, սովորաբար ուղարկում են proposal՝ առաջարկ: Այն պետք է հակիրճ, պրոֆեսիոնալ և գրավիչ տեսքով ներկայացնի ձեր մոտեցումները այդ առաջադրանքը կատարելու համար՝ ձեր առաջարկած ծառայությունները։ Պատվիրատուն պետք է առաջարկից հասկանա, որ դուք լավ ուսումնասիրել եք աշխատանքի նկարագիրը և հասկացել եք իր պահանջները, և որ բարձր որակի ծառայություններ եք մատուցում՝ հարմար գին-որակ հարաբերակցությունով։ 

 

Գնային առաջարկ | Quote 

Ինչպես և աշխատանքի առաջարկը, գնային առաջարկը պետք է ներկայացնի այն ծառայությունները, որոնք մատուցելու եք և ձեր գնային առաջարկը։ Գնային առաջարկը սովորաբար ներառվում է աշխատանքի առաջարկի մեջ, բայց երբեմն պահանջվում է նաև առանձին։

 

Աշխատանքի նկարագիր | (SOW) Statement of Work 

Սովորաբար լինում է աշխատանքային կամ պայմանագրային աշխատանքների դեպքում՝ պայմանագրի մաս, կամ առանձին փաստաթուղթ։ Այն նկարագրում է կատարվելիք աշխատանքը, վերջնական տրվելիք արդյունքները, ժամկետները, վճարները և վճարման պայմանները։ 

 

Տույժի վճար | Kill fee

Այն վճարն է (սովորաբար ընդհանուր առաջադրանքի արժեքի որոշակի տոկոս, օրինակ՝ 50%), որը տրվելու է ֆրիլանսերին այն դեպքում, եթե պատվիրատուն չընդունի առաջադրանքը։ Կիրառվում է հատկապես տեքստային և ստեղծարար առաջադրանքների դեպքում և պատվիրատուի հետ բանակցվում է նախապես։ 

 

Առաջադրանքի նախագիծ | Project

Առաջադրանք, որը գործատուն տեղադրում է ֆրիլանս հարթակում և ակնկալում կատարման պայմանների առաջարկներ ֆրիլանսերների կողմից:

 

Առաջադրանքի շրջանակ | Project Scope

Առաջադրանքի նկարագիրը, շրջանակը։ 

 

Եզակի նեղ մասնագիտացում | Niche

Շատ նեղ մասնագիտացում՝ որոշակի սպեցիֆիկ ոլորտ, որում դուք կարող եք առավելություն ունենալ հնարավոր մրցակիցների համեմատ, շնորհիվ ձեր եզակի գիտելիքների և փորձի։

 

Մտագրոհ | Jam session

Անվանում են նաև brainstorming session՝ ամերիկյան ընկերություններում ընդունված «միջոցառում», որի ընթացքում մասնակիցները մտագրոհ են անում որոշակի թեմայի շուրջ։

 

«Փափուկ հմտություններ» | Soft skills

Մասնագիտական հմտություններին ուղեկցող և/կամ անձնական հատկանիշներ, որ պահանջվում են որոշ աշխատանքների համար, օրինակ միջանձնային հաղորդակցություն, ճկունություն, ժամանակի կառավարում։ 

 

Օրական/շաբաթական հանդիպում | Weekly/daily check-in

Որոշակի պարբերականությամբ արվող հանդիպումներ/զանգեր, աշխատանքի առաջընթացը գնահատելու, ընթացիկ հարցերը քննարկելու համար։ 

 

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՐՄԻՆՆԵՐ

Connect

Upwork համակարգին հատուկ տերմին է, նկարագրում է համակարգի վիրտուալ արժույթը։ Յուրաքանչյուր օգտագիրոջ տրվում է connect-ի որոշակի քանակ, որը նա կարող է օգտագործել առաջադրանքներ կատարելու դիմում ուղարկելու համար։ Այդ քանակը սպառվելուն պես օգտատերերը կարող են իրական գումարի դիմաց գնել connect-ներ։ Ավելի մանրամասն՝ այս նյութում։

 

Համառոտ նկարագիր | Creative Brief

Փաստաթուղթ է, որը նկարագրում է առաջարկվող ստեղծարար նախագծի բոլոր մանրամասները, կարևոր մանրուքներով, որոնք ներառում են նախագծի նպատակները, ոգեշնչումները, ակնկալվող արդյունքները, ժամանակահատվածը և բյուջեն։

 

Պորտֆոլիո | Portfolio

Պորտֆոլիոն ստեղծարար ոլորտի մասնագետների համար ներկայացնում է նրանց աշխատանքների հավաքածուն։ Պորտֆոլիոն պահանջվում է աշխատանքի դիմելիս, որպեսզի պատվիրատուն պատկերացնի ֆրիլանսերի ոճը, փորձը, աշխատանքի կատարման որակը։ Տարբեր տիպի աշխատանքների համար կան հատուկ վեբ ծառայություններ, օրինակ՝ դիզայներների համար տարածված է Behance․net հարթակը։ 

 

Ծաղկաքաղ տեսահոլովակ | Showreel 

Showreel-ը կարճ տեսահոլովակ է, որը ներկայացնում է մարդու կամ կազմակերպության աշխատանքը դրական լույսի ներքո, լավագույն պահերի ծաղկաքաղ է։ Կարելի է համարել որպես պորտֆոլիոյի տեսանյութով տարբերակ։

 

Ստեղծարար մասնագետ | Creative artist

Ստեղծարար ոլորտում գործող մասնագետ՝ դիզայներ, նկարիչ, անիմատոր և այլն։ 

 

Վաճառող տեքստ | Copy

Այնպիսի գրավոր բովանդակությունն է, որը նպատակ ունի ավելացնել բրենդի ճանաչելիությունը և դրդել մարդկանց որոշակի գործողության, օրինակ՝ ապրանքը գնելուն։ Տեքստերը հեղինակում են քոփիրայթերները։

 

Քոփիրայթեր՝ վաճառող տեքստերի ստեղծող | Copywriter

Մարդ, ով ստեղծում է տեքստային բովանդակություն (հոդվածներից մինչև գովազդային տեքստեր, սոցիալական մեդիայի գրառումներ) հիմնականում մարքեթինգային նպատակով, միտված որևէ բան գովազդելուն։ Քոփիրայթերին չարժե շփոթել բովանդակության ստեղծողի հետ, առավել ևս copyright (հեղինակային իրավունք) երևույթի հետ։ Քոփիրայթինգը բովանդակություն ստեղծելու մասնավոր դեպք է։ 

 

Բովանդակություն ստեղծող | Content writer

Մարդ, ով ստեղծում է տեքստային բովանդակություն։ Ի տարբերություն լրագրողների, որոնք աշխատում են լրագրողական նյութերի վրա, բովանդակություն ստեղծողները գրում են ամենատարբեր տեքստեր։ Վեբ կայքերի համար գրվող տեքստերից մինչև բլոգային գրառումներ։ Բովանդակություն ստեղծող է նաև քոփիրայթերը, սակայն վերջինիս բովանդակությունը հիմնականում մարքեթինգային նպատակով է։

 

Ստվերային գրող | Ghostwriter

Մարդ, ով գրում է այլ անձի համար վճարովի հիմունքներով, ով էլ համարվում է գրվող նյութի հեղինակը։ Օրինակ, շատ հայտնի անձնավորություններ իրենց անունից հրապարակում են նյութեր, որոնք գրվել են ghostwriter-ների կողմից ում անունը ոչ մի տեղ չի նշվում։ 

 

Տեքստային խմբագրում | Copy editing

Տեքստային բովանդակության այնպիսի խմբագրումը, որը ներառում է և սրբագրությունը, և՛ որոշ չափով փաստերի ստուգումը, և՛ գրելու ոճի համապատասխանեցումը որոշակի ստանդարտների։

 

Բովանդակության ղեկավար | Content manager

Բովանդակության ղեկավարը պատասխանատու է վեբ կայքի տեքստերի համար։ Աշխատանքը ներառում է թվային բովանդակության ռազմավարական պլանավորումը, ստեղծումը, ինչպես նաև դրա պարբերաբար թարմացումը բովանդակության ղեկավարման համակարգի միջոցով։ 

 

Հաճախորդների բավարարվածություն | Customer success

Վերջին ժամանակներում տարածված երևույթ՝ բիզնես մեթոդաբանություն, որի նպատակն է ապահովել հաճախորդների գոհունակությունը՝ ապրանքի կամ ծառայության օգտագործման արդյունքում։ Շատ ընկերություններում այժմ տարածված հաստիք է՝ customer success manager:

 

Լիդերի ստեղծում/գոյացում | Lead generation

Մարքեթինգում լիդը այն անձն է, որը որևէ կերպով հետաքրքրություն է հայտնում ընկերության ապրանքի կամ ծառայության նկատմամբ, բայց դեռևս գնորդ համ հաճախորդ չէ։ Օրինակ՝ այցելում է վեբ կայք կամ գրում է հաղորդագրություն, կամ էլ բաժանորդագրվում է ընկերության տեղեկատվական նամակներին։ Լիդերի գոյացումը այն գործընթացն է, երբ ընկերությանը անծանոթ մարդկանց փոխակերպում են պոտենցիալ հաճախորդի՝ մեկի, ով հետաքրքրություն է ցուցաբերում ընկերության արտադրանքի նկատմամբ։ Լիդերը գոյացման եղանակներից են գովազդի միջոցով պոտենցիալ հաճախորդներին ներգրավելը վեբ կայք, կամ գրավիչ տեքստերով համոզելը որ սեղմեն ապրանքի հղման վրա։ Տարբերակներից է միջոցառում կազմակերպելը և մասնակիցներին գրանցելը։ Լավագույն սցենարով լիդերը դառնում են հաճախորդ։

 

Վճար ըստ քլիքի | (PPC) pay per click

Ինտերնետ մարքեթինգի տարբերակ է, որտեղ գովազդատուները վճարում են այն դեպքում, երբ իրենց գովազդի վրա սեղմում են։ Սրա միջոցով բիզնեսները «գնում են» իրենց կայքի այցելությունները, դրանք «օրգանիկ» կերպով «վաստակելու» փոխարեն։ Փնտրտուքային համակարգերի գովազդը PPC-ի ամենատարածված ձևերից է։

 

Վիրտուալ օգնական | Virtual assistant

Վիրտուալ օգնականը անհատ գործընկեր է, ով տրամադրում է հեռավար ադմինիստրատիվ ծառայություններ իր հաճախորդների համար։ Կարող է կատարել ցանկացած առաջադրանք, որը կարելի է կատարել համակարգչի և ինտերնետի միջոցով։ Ավելին այստեղ։

 

Տվյալների մուտքագրում | Data Entry

Ամենատարածված և պարզ ֆրիլանս աշխատանքներից, որը հատուկ մասնագիտական գիտելիքներ չի պահանջում։ Իրենից ներկայացնում է որոշակի տվյալների մուտքագրում  ինչ-որ համակարգ, օրինակ էլեկտրոնային նամակներից դեպի տեքստային խմբագրիչ, կամ սքան արված այցեքարտերից դեպի էքսել աղյուսակ։

Քանի որ համեմատաբար պարզ և ցածր վարձատրվող աշխատանք է, հարմար է ֆրիլանսինգի սկսնակներին, որպես սկզբնական փուլում կատարվող առաջադրանք: Գործը կատարելու ընթացքում կարելի է սովորել հարթակի հետ աշխատելու նրբությունները, ձեռք բերել փորձ և դրական արձագանք անձնական հաշվի համար։

 

DevOpsDevelopment operations

DevOps-ը որոշակի գործիքների և պրակտիկաների համադրություն է, որը միավորում է ՏՏ  գործառույթները և ծրագրավորման պրոցեսը։ Այն միտված է բարձրացնելու կազմակերպության՝ ծառայություններ և ծրագրեր հանձնելու ունակությունները, ավելի արագ քան ավանդական ծրագրավորման գործընթացն է։

 

Լուծումների ճարտարապետ | Solutions Architect

Լուծումների ճարտարապետը մարդ է, ով նախագծում, նկարագրում և համակարգում է որևէ լուծման ճարտարագիտությունը, միտված որոշակի բիզնես խնդիր լուծելուն։ Լուծումների ճարտարապետը ղեկավարում է պրոցեսը և ներկայացնում որևէ լուծման/արտադրանքի ընդհանուր տեխնիկական տեսլականը։

 

Որակի կառավարում | (QA) Quality Assurance

Որակի կառավարման գործընթացն է՝ միտված խուսափելու սխալներից և թերացումներից, որոնք կարող են առաջանալ հաճախորդներին արտադրանքը կամ ծառայությունը հանձնելուց առաջ։ Ավելի մանրամասն դիտեք մեր Կոլբա Հմտարանի միջոցառման ձայնագրությունում։

 

Պրոդուկտի ղեկավար | Product Manager

Պրոդուկտի ղեկավարը պատասխանատու է կազմակերպությունում արտադրանքների ստեղծման համար։ Նրանք հետևում են արտադրանքի հետևում գտնվող բիզնես ռազմավարությանը, սահմանում ֆունկցիոնալ պահանջները և անհրաժեշտ առանձնահատկությունները։ Պրոդուկտի ղեկավարների մասին զրուցել ենք այստեղ։

 

Growth Hacker

Մարքեթինգի ոլորտում համեմատ նոր ուղղություն է, միտված զարգացնելու ընկերության աճը։ Այն միաձուլում է մարքեթինգը, պրոդուկտի և տվյալների ռազմավարությունները, և փորձարկումների միջոցով առանձնացնում է այն գործողությունները, որոնք կհանգեցնեն բիզնեսի աճին։

 

Generalist

Մասնագետ է, որ ունի գիտելիքների լայն շրջանակ, ամենատարբեր թեմաներով։ Օրինակ, design generalist-ը կարող է անել և վեբ դիզայն և գրաֆիկական դիզայն և դիզայնի գծով ամեն ինչ։

 

Full-Stack Developer

Վեբ ծրագրավորող կամ ճարտարագետ է, ով աշխատում է վեբ կայքի կամ ծրագրի և՛ front end-ի, և՛ back end-ի հետ։ Սա նշանակում է, որ նա կարող է իրագործել նախագծեր, որ ներառում են տվյալների բազաներ, և կայքերի ինտերֆեյսներ, ինչպես նաև աշխատել հաճախորդների հետ՝ աշխատանքների նախագծման փուլում։