5 պահանջված մասնագիտություն որ կարելի է ձեռք բերել գտնվելով երեխայի խնամքի արձակուրդում

Մասնագիտություններ

Երեխայի լույս աշխարհ գալուն պես փոխվում է ողջ ընտանիքի առօրյան, իսկ մայրերի համար այն ուղղակի ահռելի փոփոխություն է։ Մինչ ծննդաբերելը ամբողջ դրույքով աշխատանք ունեցող մայրերն ունենում են արժեքային համակարգի և առաջնահերթությունների էական փոփոխություններ։ Այն հատկապես նշանակալի է նրանց մոտ, ովքեր ունեին սիրելի աշխատանք և ամբողջովին ներգրավված էին դրա մեջ։

Մայրերի մի մասն այնպես է կարոտում իր «նախկին կյանքը», որ ձգտում է վերադառնալ դրան, փորձելով գտնել երեխայի խնամքը ուրիշին վստահելու կարիքի ու աշխատելու իր ցանկության միջև բալանսը։ Երբ երեխայից առանձնանալն ընդունելի տարբերակ չէ՝ մայրերն ընկղմվում են երեխայի տարիքը վայելելու և խնամքի հոգսերի գիրկը, աստիճանաբար հեռանալով իրենց «նախկին կյանքից», հետ մնալով ոլորտի զարգացումներից, մասնագիտական համայնքից, և որքան անցնում է ժամանակը, այնքան ավելի դժվար է լինում պատկերացնել երեխայից բաժանումն ու վերադարձը նախկին աշխատանքային գրաֆիկին։ Իսկ եթե՞ գործատուն ճկուն գտնվի և սիրելի աշխատակցին ապահովի այնպիսի պայմաններով, որ բոլոր կողմերը լինեն շահա՞ծ։

 

Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում բարձր որակավորում ունեցող կանանց 43%-ը հեռանում է աշխատաշուկայից մայր դառնալուց հետո։

Ամերիկյան The Mom Project կազմակերպությունն ուսումնասիրություն է անցկացրել 1,041 աշխատող մայրերի շրջանում, խնդրելով նրանց կիսվել այն գործոններով (աշխատավարձից զատ), որոնք որոշիչ են աշխատատեղում մնալու կամ աշխատանքից դուրս գալու, նոր տեղ անցնելու որոշում կայացնելու գործում։

Առաջին տեղում ճկունության պահանջմունքն է։ Այն ոչ միայն վերաբերում է ուղղակի աշխատանքակին ժամերը փոխելուն, այլ ներառում է նաև՝

  • Ավելի հարմար աշխատաժամեր (ստանդարտ 9-6 փոխարեն)
  • Հեռավար աշխատելու հնարավորություն
  • Հնարավորություն աշխատելու միայն այն ժամաքանակը, որն անհրաժեշտ է գործն ավարտին հասցնելու համար (անկախ նրանից լրանում է շաբաթական 40 ժամը թե ոչ)։

Հարցվածների 88%-ի համար ճկունությունը նույնքան կարևոր է, որքան աշխատավարձի չափը, իսկ 42%-ի համար նույնիսկ ավելի կարևոր է։ 

 

Մայրերը նախընտրում են այնպիսի աշխատանքային շաբաթ, որի դեպքում ֆիքսված աշխատանքային օրերի ընթացքում կա ժամերի ճկունություն, ինչը թույլ է տալիս այն հարմարեցնել ընտանիքի կարիքներին` այցեր բժիշկին, երեխային մանկապարտեզից վերցնել և այլն։ Բոլորն էլ նշում են, որ առանց խնդրի կտրամադրեն այն անհրաժեշտ ժամանակը, որ գործն ավարտին հասցվի, ուղղակի կարիք ունեն ճկունություն ընտրելու այն ժամերին, որ իրենց հարմար է։ Ճկունությունը ենթադրում է նաև հնարավորություն աշխատելու այլընտրանքային վայրերից, օրինակ տնից կամ այլ վայրերից։ 

Մինչ գործատուները միանում են գլոբալ թրենդին և սկսում են դիտարկել հեռավար և ճկուն գրաֆիկով աշխատանքային ֆորմատը, շատ մայրեր նախընտրում են զբաղվել այնպիսի աշխատանքով, որն իրենց տրամադրում է անհրաժեշտ ճկունությունը և ապահովում է բավարար եկամուտ։ Այնպիսի աշխատանքով, որ բավականություն կպատճառի և արժանի կլինի երեխայի խնամքին զուգահեռ դրան ժամանակ տրամադրելու։ Շատերը հաջողացնում են ամբողջովին նոր ոլորտ մտնել և նոր մասնագիտություն ձեռք բերել։ Կախված, իհարկե նրանից, թե ինչ մասնագիտություն, փորձ և հմտություններ ունեք, կարող եք օգտվել ստորև բերված ցանկից, ձեռք բերելով նոր մասնագիտացում և համալրել աշխատող մայրերի շարքերը։

Այսպիսով, կարելի՞ է նոր մասնագիտություն ձեռք բերել գտնվելով երեխայի խնամքի արձակուրդում։ Այո, ու այստեղ բնավ խոսքը տորթեր թխելու, ինստագրամային մայրիկ բլոգեր դառնալու կամ ֆինանսական բուրգերում ներգրավվելու մասին չէ, թեև դրանք էլ հրաշալի տարբերակներ են և շատերի համար ոգեշնչման աղբյուր։ 

  • Պետք է պատրաստ լինել շատ սովորել, հետևել ոլորտի մասնագետներին սոց․ ցանկերում, նորություններին տեղեկացված լինելու, հետաքրքիր ռեսուրսներ բացահայտելու համար։ Ի՞նչն է խանգարում ձեր Ֆեյսբուքի կամ ինստագրամի բաժանորդագրության ցանկում/ ֆիդի մեջ, ընկերների գրառումներից բացի ավելացնել նաև ցանկալի ոլորտի հայտնի ու ազդեցիկ անձանց (ինֆլյուենսերներին)։
  • Պետք է պատրաստ լինել աշխատել անվճար կամ գրեթե անվճար՝ արժեքավոր գիտելիքներ և փորձ ձեռք բերելու համար։ 
  • Պետք է բաց լինել նոր տեխնոլոգիաները հասկանալու և կիրառելու համար և՛ բուն աշխատանքը իրականացնելու և՛ այն ուղղակի կազմակերպելու համար։

 

1. Թվային մարքեթինգի մասնագետ (SMM, SEO և այլ ենթա-ոլորտներ)

Ներկայումս սա ամենատարածված ու թրենդային հեռավար աշխատանքներից է։ Թվային մարքեթինգի մասնագետն ապահովում է բրենդի ներկայացումը և առաջխաղացումը սոցիալական մեդիայի հարթակներում։ Ստեղծում է էջեր, կազմում է ռազմավարություն և քոնթենթ (տեքստային և այլ մուլտիմեդիա պարունակություն) յուրաքանչյուր ցանցի համար։ 

Այնպիսի մասնագիտություն է, որ կարելի է արագ կերպով սովորել հենց աշխատանքի մեջ՝ ինչ-որ նախագիծ իրականացնելով։ Ոլորտի առանձնահատկություններից է այն, որ ամեն ինչ շատ արագ է զարգանում և փոփոխվում, այնպես որ մինչև այդ թեմայով գիրք է հրատարակվում՝ այն արդեն հնացած տեղեկություններ է պարունակում։ Անգին է հենց ոլորտի փորձագետների պրակտիկայի վրա սովորելը։ Պետք է բաժանորդագրվել և հետևել ոլորտի մասնագետներին, նորություններին մշտապես տեղյակ լինելու համար։ 

Անհրաժեշտ գիտելիքներ՝ 

  • Սոցիալական ցանցերից լավ գլուխ հանել
  • Թվային տեխնոլոգիաների հետ «դու»-ով լինել

Աշխատավարձի միջակայք՝ 

սկսած 137.000-ից  https://staff.am/blog/2019-analysis/#salary 

Փնտրիր աշխատանք՝

Ռեսուրսներ՝

Անսպասելի ստրատեգիա՝ ձեր հավանած խանութի, բրենդի էջն անհետաքրքի՞ր է, չի գրավում։ Առաջարկեք նրանց ձեր օգնությունը 🙂

2. Բովանդակություն/մարքեթինգային տեքստեր գրող (Քոփիրայթեր)

Ժամանակակից մարքեթինգային ռազմավարության կարևորագույն մասերից է տեքստային բովանդակությունը (քոնթենթը)՝ վիզուալ պատկերների հետ համադրված։ Նման «վաճառող» տեքստեր գրողներին անվանում են քոփիրայթեր (copywriter):  Այսպիսի տեքստերի առանձնահատկությունն այն է, որ գրելիս պետք է կարողանալ ճիշտ շեշտադրումներ անել, ստանալ հաճախորդի պահանջներին համապատասխանող կառուցվածքի նյութ։ Տեքստերը տեղադրվում են բլոգներում, սոցիալական ցանցերի էջերում, մարքեթինգային նյութերում։ Եթե կարողանում եք գրագետ շարադրել ձեր միտքը և սիրում եք գրել ՝ կարող եք փորձել ձեզ այս դերում։ Սա ֆրիլանսինգի ընտիր տարբերակ է՝ աշխատում եք ձեզ հարմար ժամերին։ Սովորաբար վճարվում է ըստ տեքստի ծավալի՝ բառերի կամ էջերի քանակի։

Անհրաժեշտ գիտելիքներ՝ 

  • Լեզվի խորացված իմացություն, ցանկալի է ռուսերեն, անգլերեն
  • Գրագետ գրելու հմտություն
  • Մարքեթինգի բազային գիտելիքներ

Աշխատավարձի միջակայք՝ 

Տեքստերը` սկսած 1 էջը 10.000 դրամից։ Միջազգային շուկայում կարող է հասնել բառը $2 արժեքի։ 

Ռեսուրսներ՝

Փնտրիր աշխատանք՝

Անսպասելի ստրատեգիա՝ բացիր սեփական բլոգը որևէ հարթակում (կարող է նույնիսկ Ինստագրամում լինել) և սկսիր գրել քեզ հետաքրքրող թեմաներով։ 

3. Տվյալների վերլուծաբան

Յուրաքանչյուր ընկերություն այս կամ այն կերպով առնչվում է տվյալների հետ։ Տվյալների վերլուծաբանների կարիքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ 

Եթե կարճ՝ տվյալների վերլուծաբանը վերցնում է որոշակի տվյալների բազա՝ (վաճառքների թվեր, հաճախորդների մասին տեղեկատվություն, և այլն) և տարբեր մեթոդներ կիրառելով դրանից վերծանում է որոշակի օգտակար տեղեկատվություն բիզնեսի համար։ Այդ տեղեկատվության հիման վրա կարելի է կանխատեսումներ անել և ռազմավարություն պլանավորել (վաճառքների, մարքեթինգի, ընկերության ընդհանուր զարգացման և ալյն)։ Կարելի է ուղղակի վերլուծել արդեն տեղի ունեցածը։ Այս ոլորտում աշխատանքը համեմատաբար բարդ է՝ հարկավոր է սովորել ոչ միայն հատուկ գործիքներ, այլ նաև ճանաչել շուկան, որտեղ ընկերությունն աշխատում է։ Սովորելու համար բավականին ժամանակային ներդրում է պահանջում (ավելի քիչ, եթե ճարտարագիտական կրթություն ունեք), սակայն շուկայում պահանջարկն անհավատալի մեծ է։

 

Անհրաժեշտ գիտելիքներ՝

  • Վիճակագրության հիմունքներ
  • Բազային բիզնես գիտելիքներ

Աշխատավարձի միջակայք՝ 

  • Սկսած 200,000-ից

Ռեսուրսներ՝

Փնտրիր աշխատանք՝

Անսպասելի ստրատեգիա՝

  • Ներբեռնիր մեծ տվյալներ պարունակող այս հենքերից և փորձիր վերլուծել, հետաքրքիր համընկնումներ կամ օրինաչափություններ դուրս բեր 

 

4. Դիզայներ

Այստեղ ամեն ինչ պարզ է՝ եթե դիզայներական հմտություններ ունեք, տիրապետում եք գրաֆիկական ծրագրերի, հեշտությամբ կարող եք վերցնել տարբեր նյութեր դիզայն անելու պատվերներ։ Սկսած այցեքարտերից, բուկլետներից, մինչև սոցիալական մեդիայի համար անհրաժեշտ գրաֆիկական նյութեր և վեբ կայքեր։ Նման առաջադրանքներ կան շատ ֆրիլանսերական կայքերում։ Կարելի է գտնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պատվերներ։ 

Անհրաժեշտ գիտելիքներ՝

  • Գեղագիտական ճաշակ
  • Գրաֆիկական ծրագրերի իմացություն՝ Photoshop, Corel Draw և այլ

Աշխատավարձի միջակայք՝ 

  • Շատ տարբեր՝ կախված նախագծի տեսակից և բարդությունից

Ռեսուրսներ՝

Փնտրիր աշխատանք՝

  • Upwork.com
  • fiverr.com

Անսպասելի ստրատեգիա՝

  • Փորձիր ձևավորել բալիկի առիթների համար վիզուալ նյութեր՝ հրավիրատոմսեր կամ ստեղծիր բալիկի մանկական ալբոմը, նկարներով ու պատմություններով։ Ձեռքդ կբացվի և միգուցե մայրիկ ընկերներդ սկսեն իրենց համար նման ալբոմներ պատվիրել։ 

 

5. Վիրտուալ օգնական

Կան մարդիկ, ովքեր իրենց զբաղածության պատճառով նախընտրում են առօրյա թեթև բայց ժամանակատար գործերը հանձնել ուրիշին՝ օրինակ բազմաթիվ հանդիպումների պայմանավորվածությունները, օրակարգի կառավարումը, թռիչքների հարմար տոմսերի փնտրտուքն ու ամրագրումը, որոշ գնումներ, ուսումնասիրությունների իրականացում և այլն։ Այս աշխատանքում ամենակարևորը ճշտապահ և պատասխանատու լինելն է։ Հաճախորդը օգնականին վստահելու է իր նամակագրությունը, անձնական շատ տվյալներ, ներառյալ բանկային հաշիվներ և գաղտնաբառեր և ակնկալելու է արագ արձագանք։ Եթե ձեր ինտերնետ գրագիտության մակարդակը միջին կամ բարձր է, արագ եք կողմնորոշվում և սիրում եք օգնել ուրիշներին, անպայման դիտարկեք այս տարբերակը։ Հատկապես, եթե գործավար կամ օգնական լինելու փորձ ունեք։ Աշխատանքը կարող է լինել գործարքային, կամ ավելի մշտական ամսվա մեջ որոշակի ժամաքանակով։ 

Անհրաժեշտ գիտելիքներ՝

  • Ինտերնետային գործիքներ
  • Օֆիսային ծրագրեր

Աշխատավարձի միջակայք՝

  • Ժամը $5-$30 կախված փորձից և աշխատանքի ծավածներից

Ռեսուրսներ՝ 

Փնտրիր աշխատանք՝

Անսպասելի ստրատեգիա՝

  • Եթե շատ զբաղված և/կամ բարձր պաշտոնի աշխատանք ունեցող ծանոթ ունես, հատկապես արտասահմանում բնակվող, առաջարկիր նրան օգնություն պարզ գործողություններում, օրինակ հանդիպումների կազմակերպում, ամրագրումներ։ Այդպիսով ընտիր փորձ ձեռք կբերես և կկարողանաս նոր գործընկերներ գտնել։

 

Բնականաբար, սիրելի զբաղմունքներից շատերը նույնպես կարող են դառնալ մասնագիտություն։ Կարևորը՝ այնքան գրավեն ու կլանեն, որ ցանկանաս երեխայի խնամքը համատեղել սիրելի զբաղմունքով, ժամանակ և եռանդ ներդնել նոր հմտություններ սովորելու վրա։ Սիրում ես կարուձև անե՞լ, ինտերիերի դիզա՞յնն է գրավում, կամ ցանկանում ես դառնալ խորհրդատու՞։ Այս շրջանում, ինչն էլ լինի, պետք է եկամտի աղբյուրի հետ մեկտեղ նաև հաճելի զբաղմունք դառնա՝ հոբբի, որով կարելի է նաև գումար վաստակել։