Ինչպես գտնել ձեր կարիերայի ուղին քոուչի օգնությամբ

Կարևոր է իմանալՄասնագիտություններՍյունակ

Փոփոխվող աշխարհը և կարիերան

Աշխարհը մեր շուրջ սրընթաց փոփոխվում է․ փոխվում են տեխնոլոգիաները, աշխատանքի կազմակերպման եղանակները։ Նոր իրավիճակները պայմանավորում են նոր մասնագիտությունների առաջացումը և մի շարք ավանդական մասնագիտությունների արդիականությունը կորցնելը։ Եթե նախկինում մասնագիտության ընտրությունը կանխորոշում էր մարդու կարիերայի ուղղությունը, ապա ներկայումս հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր անգամ կտրուկ փոփոխություն են կատարում իրենց մասնագիտական կյանքում՝ փոխելով մասնագիտությունը, զբաղվածության ոլորտը կամ առհասարակ հրաժարվելով ավանդական կորպորատիվ ուղղահայաց կարիերայից և անցում կատարելով ինքնազբաղվածության (ֆրիլանս աշխատանքի) կամ սկսելով սեփական բիզնեսը։ Ոմանց մոտ այս անցումը շատ սահուն և ինքնաբերաբար է տեղի ունենում, իսկ ոմանք էլ կուզեին փոփոխության դիմել, բայց շարունակում են մնալ իրենց աշխատատեղում՝ վստահ չլինելով սեփական որոշման ճիշտ լինելու մեջ, վախենալով այդ փոփոխության անորոշությունից կամ պարզապես չիմանալով հստակ ինչը պետք է փոխել, որ ուղղությամբ շարժվել և ինչից սկսել։

Նման հարցերը բնական են, քանի որ կարիերայի փոփոխությունը բավականին կարևոր և պատասխանատու քայլ է՝ հատկապես, եթե Դուք արդեն իսկ որոշակի հաջողությունների եք հասել և աշխատանքը նաև եկամտի կարևոր աղբյուր է։ Միաժամանակ, մի շարք դիտարկումներ ցույց են տալիս, որ եթե անհատը չի զբաղվում իր սիրած գործով և չի իրագործում իր ներուժը դա հանգեցնում է ներքին լարվածության, որը կարող է անդրադառնալ կյանքի տարբեր բնագավառների վրա։ Զբաղվելով ոչ սիրելի գործով անհատը նաև հաճախ չի ձգտում տվյալ աշխատանքում մասնագիտական աճի և զարգացման, իսկ ներկայիս արագ փոփոխությունների պայմաններում դա արագ կարող է մասնագիտական լճացման հանգեցնել, հետևաբար նման աշխատակիցը նաև հազիվ թե նշանակալի կարիերայի աճ և ձեռքբերումներ ունենա տվյալ դերում՝ հատկապես, եթե իր կողքին կան տվյալ գործում ավելի արագ աճող և զարգացող մասնագետներ։

 

Կարիերայի կողմնորոշման առկա ռեսուրսները

Կարիերայի վերաբերյալ այս կարևոր որոշումների կայացման ճանապարհին այսօր հասանելի են մի շարք ռեսուրսներ և գործիքներ (գրականություն, առցանց ռեսուրսներ, տեսադասեր, այլ), որոնց շնորհիվ կարելի է առավել սահուն կերպով կատարել կարիերայի ուղու փոփոխություն՝ մասնագիտական ուղին փոխելով, զուգահեռ զբաղվածություն ապահովելով կամ սեփական բիզնեսի գաղափարների իրականացման ճանապարհը գտնելով։ Կարիերայի կողմնորոշման նմանատիպ գործընթացները սովորաբար կառուցված են հետևյալ տրամաբանության շուրջ՝

  1. Սեփական ուժեղ կողմերի և բարելավման ուղղությունների ճանաչում
  2. Ցանկալի նպատակների սահմանում
  3. Առկա հնարավորությունների հետազոտում
  4. Կարիերայի փոփոխության նապախատրաստում
  5. Գրավիչ հնարավորությունների թիրախավորում
  6. Ցանկալի կարիերայի ուղուն անցում։

 

Քոուչինգը

Եթե դժվարանում եք այս ճանապարհն ինքնուրույն անցնել, առաջարկում ենք դիտարկել մասնագիտացված քոուչի աջակցության դիմելը, ով կարող է օգնել Ձեզ վերհանել հենց Ձեզ համար առավել գրավիչ կարիերայի հնարավորությունները և պատասխան գտնել Ձեզ առավել հուզող հարցերին։ Որակավորված քոուչի աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա ոչ թե խորհուրդներ է Ձեզ տալիս, այլ հատուկ մեթոդաբանությամբ տալիս է հարցեր, որոնց պատասխանելով Դուք արժեքավոր եզրահանգումներ եք անում Ձեզ համար և ինքնուրույն գտնում Ձեզ հուզող հարցերի լավագույն պատասխանները հենց Ձեզ համար։ Որպես կանոն, առավել ամբողջական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է մի քանի շարունակական հանդիպումներ ունենալ քոուչի հետ, քանի որ նման որոշումները կապված են մի շարք ենթահարցերի և մտահոգությունների հետ։ 

ԿԱՐԵՎՈՐ Է չշփոթել քոուչինգը հոգեբանական աջակցության կամ խորհրդատվության հետ։ Առաջին դեպքում մասնագետը (հոգեբանը) աշխատում է հաճախորդի անցյալի հետ, մինչդեռ քոուչինգը առավելապես կենտրոնանում է ներկայի և ապագայի վրա։ Երկրորդ դեպքում մասնագետը (խորհրդատուն) ներկայացնում է որոշակի առաջարկություններ սեփական փորձի և գիտելիքների հիման վրա, մինչդեռ քոուչը օգնում է հաճախորդին գտնել հենց իր համար առավել արդյունավետ լուծումներ՝ տալով հարցեր և կենտրոնացնելով հաճախորդի ուշադրությունը հենց իր համար առավել կարևոր կետերի վրա։ 

Ինչպես ընտրել որակյալ քոուչ

Քոուչինգը մերօրյա զարգացման մեթոդներից ամենաարդյունավետներից մեկն է, ուստի այսօր շատերն են ներկայանում որպես քոուչ՝ չունենալով դրա համապատասխան որակավորումը։ Քոուչին ընտրելուց կարևոր է հասկանալ, թե ինչ որակավորում նա ունի և արդյոք համապատասխան ուսուցում է անցել միջազգային որակավորված քոուչինգի դպրոցներից մեկում։ Կարևոր է, որ քոուչը ոչ թե սկսի Ձեզ խորհուրդներ տալ, այլ հարցերով աջակցի Ձեր կողմից լուծումը գտնելուն։ Իսկ ամենակարևորը, իհարկե Ձեր ստացած արդյունքն է և այն լուծումները և ոգեշնչումը, որոնցով դուրս կգաք քոուչինգի սեսսիայից։

Վերջին տարիներին Հայաստանում նույնպես ակտիվ զարգանում է որակավորված քոուչերի համայնքը։ Քոուչինգի վերաբերյալ հավելյալ նյութերին ծանոթանալու համար կարող եք հետևել հետևյալ էջերին` 

Սեփական ուժեղ կողմերի և բարելավման ուղղությունների վերհանման, ինչպես նաև կարիերայի քոուչինգի վերաբերյալ հավելայլ տեղեկությունների համար կարող եք նաև կապվել Grow Edutainment էջին։

Եվ վերջում, ամփոփելով, վստահեք Ձեր ներքին ձայնին և արեք այն, ինչը Ձեզ հետաքրքիր է և բավարարվածություն է տալիս։ 

 

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք քոուչի աջակցություն ստանալ, կարող եք կապ հաստատել ինձ հետ +37455 099417 համարով։

 

Անուշ Մանուչարյան,

Grow edutainment համահիմնադիր, տնօրեն, 

Որակավորված HR և կազմակերպական զարգացման մասնագետ, բիզնես դասընթացավար և քոուչ