Kolba Interview. Հայկուհի Ոսկանյան

ՀարցազրույցՄասնագիտություններՖրիլանս

Ես Հայկուհին եմ՝ SMM expert և SEO junior: Շատ չեմ սիրում խոսել իմ մասին։ Ցանկանում եմ շատ ճամփորդել, քանի որ նոր մշակույթների բացահայտումը իմ նպատակներից մեկն է։ Փնթփնթում եմ ժամանակի սղության համար ու տարերքի մեջ սուզվում, երբ հայտնվում եմ օդանավակայանում։

Կոլբա Ջոբս․ Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք ֆրիլանս։

Որպես ֆրիլանսեր աշխատում եմ արդեն 5 տարի։

Երբ հարցնում են, «որտե՞ղ եք աշխատում», ի՞նչ եք պատասխանում։

Շատ ծիծաղաշարժ մտքեր եկան ինձ մոտ։ Բայց հաճախ պատասխանում եմ ․ «Դե, համակարգչին սերտաճած մի բան անում եմ էլի»։

Ո՞նց եք եկել ֆրիլանսինգ անելու մտքին։

Անկեղծ կլինեմ։ Տարիներ առաջ էր, որ առանց աշխատանքի ապրելու վախը ստիպեց ինձ քրքրել ու գտնել ֆրիլանսինգի պլատֆորմները, այնուհետև որոշ ուղղություններով մասնագիտացա։ Այսինքն, սկզբից հարթակը ուսումնասիրեցի, հետո էլ ինձ պատրաստեցի հարթակի համար։

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը / պատվերը։

Ամերիկացի գիտնական Tip ‘n Split Solutions -ի հիմնադիրն էր, որ վստահեց ինձ և դա շատ օգնեց հետագայում տվյալ մասնագիտացման մեջ առաջ շարժվելու համար։ 

Որտեղի՞ց եք հիմնականում աշխատում․ նկարագրեք ձեր աշխատանքային անկյունը։

Հահահա։ Սա էլ է հետաքրքիր հարց։ Ֆրիլանսերությունը թույլ է տալիս աշխատել այնտեղից, որտեղ կա համակարգիչ և ինտերնետ։ Ամենասիրած անկյունս տան մեջ է 🙂

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում։

Ֆրիլանսերի համար ամենավատ բանը դա համագործակցության ձախողումն է, քանի որ դա վատ ազդեցություն է թողնում վարկանիշային պատմության վրա։ Ուստի եթե զգում եմ, որ ձախողելու եմ, ապա ինքս բանակցում եմ, որ աշխատանքը ավարտվի որոշակի փուլում, որոշակի պայմաններ զիջելով։ Բայց այդպիսի առիթներ եղել են սկզբնական շրջանում։

Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել աշխատանքի ընթացքում։

Ինչպես նշեցի, սկզբից հարթակն եմ պեղել, այնուհետև ինձ եմ պատրաստել հարթակի համար պահանջվող մասնագիտություններին։ Ուստի, շատ գիտելիքներ ու հմտություններ ձեռք եմ բերել աշխատանքների ընթացքում։

Ի՞նչ նոր հմտությունների ու գիտելիքի կարիք եք զգում։

Ունեմ ցանկալի գիտելիքների համալրման բազա։ Ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում անդրադառնալ, բայց դրանք առանձնացրել եմ․

  • Project management
  • Product management
  • PPC specialist
  • Shopify specialist

Որոնք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը։

Դրական կողմերն են՝ ժամանակի կառավարումը, ինքնավստահությունը, որ կարող ես ինքնուրույն նախագծել, իրականացնել նաև լինել քո ղեկավարը ու քո աշխատողը, ինչպես նաև համեմատության կարգով բարձր աշխատավարձի հնարավորությունը։ Նաև դառնում ես ավելի պարտաճանաչ, քանի որ դրանից էլ է կախված համագործակցության շարունակությունը։

Բացասական կողմերն են՝ համագործակցության ընթացքում թույլ տրված սխալներդ, քանի որ ուղղելու հնարավորություն շատ հաճախ չի տրվում։ Ինչպես նաև համագործակցության ժամկետի անորոշությունը։

Ի՞նչպես եք պատվերներ ստանում/գործատուներ փնտրում, ինչն է օգնում էս գործում հաջողակ լինել։

Ֆրիլանսինգ հարթակների միջոցով, ինչպես նաև արդեն ձեռք բերված լավ համագործակցության առաջարկություններով ու կապերով։

Ի՞նչ եղանակներով (վճարային համակարգերով) եք գումար ստանում աշխատանքի դիմաց։

Տարբեր են։ Այստեղ ցանկանում եմ նշել, որ հայաստանյան ֆրիլանսերին անհրաժեշտ է օգնություն paypal  վճարային համակարգի ներդրման ձևաչափով։ Ցավոք, այսօր չունենք։

Աﬔնահաճելի առցանց աշխատանքը, ըստ ձեզ։

5 տարվա համագործակցությունն է մի ավստրիական ընկերության հետ, որի ղեկավարի  հետ արդեն հարազատացել եմ։

Ինչպե՞ս եք հաղթահարում ﬔկուսացման դեպրեսիան/ձանձրույթը այս օրերին։

Շատ ծանր է այս օրերին ապրելը։ Շատ հաճախ աշխատանքս տուժում է, քանի որ ամբողջովին չեմ կարողանում կենտրոնանալ։ Այս իրողությունից ծանր ոչինչ չի կարող լինել, ուստի, սփոփում եմ ինձ, որ շուտով լավ է լինելու։ Նաև կիսվում եմ իմ գործընկերների հետ, պատմում եմ Հայրենիքիս մասին, ցանկանում եմ, որ դրսում շատերն իմանան Հայաստանի մասին։

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին։

Միշտ խորհուրդ եմ տալիս, որ չվախենան փորձելուց։ Ինձ ճանաչողները կփաստեն իմ հետևյալ նախադասությունը, որը շատ եմ կրկնում․ «Դրսում շատ հեշտ է տրվում, իսկ այստեղ շատ դժվար է»։ Այո, նույնիսկ հայաստանյան ֆրիլանս հարթակում ինտեգրվելն է բարդ իրավիճակ։

Ի՞նչ հարցերով կարող են ձեզ դիմել խորհրդի համար։

SMM, SEO

Պատկերացնո՞ւմ եք ձեզ ապագայում օֆիսային 9-6 աշխատանքի անցնելիս։

Այո, ես զուգահեռ զբաղվում եմ նաև օֆիսային աշխատանքով։ Ինձ համար թե ֆրիլանսերությունը, թե օֆիսային աշխատանքը բավականին հաջողված իրողություններ են։