Kolba Interview. Նազելի Աբրահամյան

ՀարցազրույցՖրիլանս

Ես Նազելին եմ, 27 տարեկան եմ, և արդեն հինգ տարի է, ինչ թվային մարքեթինգի ոլորտում եմ, մասնավորապես աշխատում եմ քոնթենթի հետ։ Ինձ դուր է գալիս աշխատել գրավոր խոսքի, և հատկապես, բառերի հետ։ Ինձ համարում եմ այն հաջողակ մարդկանցից, ում կրթությունն օգնել է գտնել իր տեղը աշխատանքային շուկայում։

Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք ֆրիլանս

Կարիերաս սկսելուն պես՝ հինգ տարի առաջ, որոշել եմ ազատ ժամանակս ծախսել ֆրիլանս աշխատանքի վրա, բայց ընտրում եմ այնպիսի աշխատանք, որն ինձ հոգեհարազատ է, քանի որ ազատ ժամանակը հենց նրա համար է, որ զբաղվես նրանով, ինչ հաճելի է։

 

Երբ հարցնում են, «որտեղ եք աշխատում», ի՞նչ եք պատասխանում

Աշխատում եմ Ucraft ընկերությունում՝ որպես բովանդակության մասնագետ ու մենեջեր։ Այսինքն՝ բացի ֆրիլանսից ունեմ հիմնական աշխատանք։

 

Ո՞նց եք եկել ֆրիլանսինգ անելու մտքին

Ֆրիլանսի օգնությամբ կարելի է ցանկացած վայրից ու ցանկացած ժամի օգտագործել գիտելիքներս ու ռեսուրսներս՝ ի շահ ֆրիլանս առաջարկող կողմի, և ինչու ոչ, նաև ինձ համար։ Դա է հիմնական նպատակը ֆրիլանսով զբաղվելու հարցում։

 

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը / պատվերը

Առաջին պատվերս եղել է SEO հղումներ ստեղծելը, ինչը և’ օգնեց ավելի շատ գիտելիքներ ու փորձ ձեռք բերել ոլորտում, և’ պրակտիկա ունենալ ֆրիլանսի պատվիրատուի հետ աշխատելու հարցում։

 

Որտեղի՞ց եք հիմնականում աշխատում․ նկարագրեք ձեր աշխատանքային անկյունը

Հիմնական վայրը, որտեղից աշխատում եմ, իմ սենյակն է, որտեղ ստեղծել եմ հնարավորինս լավ պայմաններ աշխատելու համար։ Բացի դրանից, սիրում եմ աշխատել բացօթյա վայրերից, որտեղ ևս միջավայրը տրամադրող է։

 

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում

Անհաջողության հանդիպել եմ մեկ անգամ, որը կապված էր հաղորդակցության հետ։ Պատվիրատուն զանգի ընթացքում թերի էր նկարագրել առաջադրանքը, ինչի հետևանքով ստիպված էի կրկնակի աշխատել մի առաջադրանքի վրա։

 

Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել աշխատանքի ընթացքում

Գործնականում ձեռք եմ բերել բավականին շատ փորձ, ինչը հանգեցրել է նաև հմտությունների զարգացմանը։ Ինձ համար շատ կարևոր էր հաղորդակցության հմտությունը, քանի որ ֆրիլանս աշխատելու դեպքում մեծ կարևորություն պետք է տալ ցանկացած հարցի քննարկմանը։ Այլ հմտությունները վերաբերում են աշխատանքին, որոնք նպաստել են առավել որակյալ տեքստեր գրելուն, SEO հղումներ ստեղծելուն և թվային մարքեթինգի թրենդերին հետևելուն։

 

Ի՞նչ նոր հմտությունների ու գիտելիքի կարիք եք զգում

Կարծում եմ՝ միշտ էլ կարելի է նոր հմտություններ և գիտելիքներ ստանալ, որոնք առավել հստակ պարզ են դառնում պրակտիկ աշխատանքի ընթացքում։

 

Որոնք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը

Բացասական կողմ կարելի է համարել աշխատելուն տրամադրվելը, եթե ինչ-ինչ պայմաններ չեն նպաստում դրան։ Այդ նպատակով միշտ կարևոր է ստեղծել աշխատանքային միջավայր և խուսափել խանգարող գործոններից։ Իմ դեպքում դա կարող է իմ շունը լինել, եթե աշխատում եմ տնից։

 

Ի՞նչպես եք պատվերներ ստանում/գործատուներ փնտրում, ինչն է օգնում էս գործում հաջողակ լինել

Առավել շատ օգնում են սոցիալական ցանցերը, հիմնականում` LinkedIn սոցցանցը, որտեղ հստակ երևում է իմ աշխատանքային փորձն ու հմտությունները, ինչպես նաև Facebook սոցցանցը, որտեղ ներառված եմ ֆրիլանսի, թվային մարքեթինգի և նմանատիպ թեմաներ քննարկող խմբերում։ Այս սոցցանցերում էլ ստանում եմ առաջարկներ, կամ ինքս եմ դիմում, եթե կա հնարավորություն։

 

Ի՞նչ եղանակներով (վճարային համակարգերով) եք գումար ստանում աշխատանքի դիմաց (եթե գաղտնիք չէ)

Հիմնականում քարտային/բանկային հաշվի միջոցով ստանում եմ իմ աշխատած գումարը։

 

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին

Խորհուրդ կտայի շատ պատասխանատու լինել աշխատանքի հանդեպ և միշտ կապ պահպանել գործատուի հետ։

 

Պատկերացնո՞ւմ եք ձեզ ապագայում օֆիսային 9-6 աշխատանքի անցնելիս

Այո, սակայն գիտակցում եմ, որ բավականին դժվար կլինի, քանի որ հեռավար աշխատանքի փորձս ցույց է տվել, որ ավելի արդյունավետ է աշխատել տնից և ստանալ ավելի դրական արդյունքներ։