Հեռավար աշխատանք՝ ընկերությունները հարմարվում են նոր թրենդին

Հեռավար

Համակարգիչ, ինտերնետ կապ, հարմար բազկաթոռ ու սեղան, մեկ գավաթ թեյ կամ սուրճ. հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ բաղադրիչները սահմանափակվում են սրանով: 

Հեռավար աշխատանքը չի ճանաչում սահման ու հեռավորություն. ապրելով Հայաստանում, կարող ես առցանց գտնել այն ընկերությունը, որի հետ հաճույքով կաշխատես տան քո ամենասիրելի անկյունից կամ սրճարանից:

Ժամանակակից աշխարհում ընկերությունների մի մասը դեռ փորձում է հարմարվել հեռավար աշխատանքին, մյուսները ցանկանում են, որ աշխատակիցները որքան հնարավոր է շուտ վերադառնան գրասենյակ, որպեսզի նրանց կառավարելը հեշտ լինի: Երրորդներն էլ, գիտակցելով այդ ձեւաչափի հարմարությունը,  վաղուց անցել են հեռավար աշխատանքի ու  թույլ տվել  աշխատակիցներին կամ ամբողջովին աշխատել իրենց հարմար վայրից կամ էլ ամսվա մեջ որոշակի օրեր օգտվել այդ ձեւաչափից:

Այդ վիրտուալ ընկերությունները՝ եւ ստարտափները եւ մեծ կազմակերպությունները, արդեն մի քանի տարի է, ինչ հեռավար աշխատանքի կոնցեպտը միանգամայն նոր դաշտ են տեղափոխում. նրանք չունեն ֆիզիկական գրասենյակներ, թիմի անդամներն էլ ցրված են աշխարհով մեկ: Ճիշտ է, նրանք իրար չեն տեսնում ամեն օր եւ ոչ էլ ամիսը մեկ, սակայն անընդհատ վիրտուալ կապի մեջ են միմյանց հետ: Ղեկավարությունն էլ ֆիզիկական գրասենյակի ծախսերի վրա տնտեսված գումարը հատկացնում է աշխարհի գրավիչ անկյուններից մեկում թիմի համար տարեկան մի քանի օֆլայն հանդիպում կազմակերպելուն՝ աշխատակիցների համար այդ հանդիպումները դարձնելով տոն եւ սպասված:

Նշենք, որ նման ընկերություններ գտնելն ամենեւին էլ դժվար չէ. նրանք բազմաթիվ են, շատ են նաեւ այն հարթակները, որտեղ ընկերությունները որոնում են իրենց նոր հեռավար թիմակցին: SimplyHired, Toptal, Fiverr, Remote.co, FlexJobs, Indeed, hh.ru  ու էլի հարյուրավոր կայքեր, ընդամենը պետք է ժամանակ տրամադրել եւ գտնել երազանքի աշխատանքը:

FlexJobs-ի՝ տարեսկզբին հրապարակած հեռավար աշխատանքի համար լավագույն ընկերությունների վարկանիշի քսանյակում հիմնականում ամերիկյան ընկերություններ են, միայն չորսն են այլ երկրներ ներկայացնում:

FlexJobs-ի գործադիր տնօրեն Սարա Սութթոնի խոսքով, շատ ոգեւորիչ է, որ ընկերությունները գնալով ավելի մեծ թվով մասնագիտությունների տեր մարդկանց են թույլատրում աշխատել տանից: 2019թ. աշխարհի առաջատար ընկերությունը, որը մեծ քայլերով զարգացնում է հեռավար աշխատանքի մշակույթը, ավստրալական Appen-ն է՝ տեխնոլոգիական ընկերություն, որն օգնում է կազմակերպություններին մշակել մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության պրոդուկտներ եւ լուծումներ: Նրան հաջորդում են ամերիկյան Lionbridge-ը եւ չինական VIPKID-ը:  

Այն ընկերություններին, որոնք մինչեւ այս գարուն դեռ կասկածամտությամբ էին դիտարկում հեռավար աշխատանքի ձեւաչափը, «օգնության հասավ» COVID-19-ը, ավելի ճիշտ՝ «ներխուժեց» ու չթողեց այլընտրանք: Արդյունքում, բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող էին իրենց թույլ տալ աշխատանքի հեռավար ձեւաչափ, դա արեցին: Ընկերությունների մի մասին այդ գործընթացն այնքան դուր եկավ, որ ծրագրում են համավարակի ավարտից հետո էլ դիտարկել աշխատանքի կազմակերպման այս տարբերակը: 

Տեխնոլոգիական հսկաներ Google-ն ու Facebook-ը, որոնք հազարավոր աշխատակիցներ ունեն ամբողջ աշխարհում, արդեն իսկ հայտարարել են, որ աշխատակիցների մեծ մասը մինչեւ 2021թ. սկիզբը հեռավար կաշխատի: 

Օրինակ, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը դիմելով աշխատակիցներին, ասել է, որ հունիս – հուլիս ամիսներից սկսած աշխատանքի ֆիզիկապես կներկայանան ընկերության այն մասնագետները, որոնց ներկայությունը գրասենյակում պարտադիր է: Amazon-ը եւ Microsoft-ը մինչեւ հոկտեմբեր ամիսը դեռեւս հակված են հեռավար ձեւաչափին: Այս շարքն օրեցօր համալրվում է: 

Կարող ենք ասել, որ COVID-19-ն  «օգնեց» կազմակերպություններին թե Հայաստանում, թե այլ երկրներում արագ ադապտացվել նոր պայմաններին, հասկանալ նոր ձեւաչափի օգուտները եւ ընձեռած հնարավորությունները: Արդյունքում, ընկերությունները սկսեցին գիտակցել, թե որքան կարեւոր է աշխատակցին տալ հնարավորություն աշխատել իր սիրած միջավայրում՝ իր տան այգում, սրճարանում կամ բնակարանի բաց պատշգամբում:

Սակայն միայն գիտակցելը բավարար չէ: Հեռավար աշխատանքը ենթադրում է շարունակական ջանքեր ընկերության ղեկավարության կողմից՝ թիմի ոգին բարձր պահելու համար: Ուստի, ի հայտ եկավ նոր մշակույթ, որն այսօր ակտիվորեն կիրառվում է բազմաթիվ ընկերություններում՝ առցանց հանդիպումներ սուրճի սեղանի շուրջ, ամսվա լավագույն աշխատակցի խրախուսում, ծննդյան օրվա առցանց տոնակատարություններ եւ այլն:

Հայաստանյան ընկերություններում աշխատող մեր ընկերները պատմում են, որ կարանտինի օրերին հետաքրքիր եւ անսպասելի նվերներ են ստացել գործատուներից՝ համեղ ուտելիքի տուփեր, խաղալիքներ երեխաների համար, ալկոհոլային խմիչք՝ հատկապես գինի եւ գարեջուր՝ թիմի հետ առցանց խմելու եւ ջերմորեն շփվելու համար. սրանք էմոցիաներ փոխանցելու եւ ստանալու հիանալի տարբերակներ են, մի բան, որն այնքան բարդացել է սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտություն ունեցող աշխարհում:

noomee հայկական ստարտափի թիմը, որն աուտիզմ ունեցող երեխաների համար մոբայլ հավելված է ստեղծել, աշխատում է հեռավար ռեժիմով: Զրույցի ընթացքում ստարտափի համահիմնադիր Գայանե Հովհաննիսյանը նշում է, որ հեռավար աշխատանքը թիմի արդյունավետության վրա ընդհանրապես չի ազդում. ամեն օր ունենում են խմբային զանգեր, վիրտուալ թիմբիլդինգներ, անգամ գինու երեկոներ: 

Հայերի կողմից հիմնադրած DISQO ընկերության հայաստանյան թիմի համար ևս հեռավար աշխատանքը ձևավորված մշակույթ է: DISQO-ի թիմում կան հեռավար աշխատակիցներ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում:

«Բարեբախտաբար, վերջին տարվա ընթացքում արմատացած տվյալահեն կառավարման (Data-Driven Management) հիմքերը մեզ պատրաստել էին հեռավար աշխատանքին»,- նշում է DISQO-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քոչարեանը: Նրա խոսքով, ընկերության գրասենյակները գտնվում են տարբեր ժամային գոտիներում և աշխատանքային գրաֆիկը շատ ճկուն է՝ նպաստելով ավելի արագ հաղորդակցմանը, որոշումների կայացմանն ու աշխատանքային ժամերի արդյունավետ կառավարմանը։ 

DISQO-ի թիմն օգտագործում է տարբեր գործիքակազմեր, ինչպիսիք են՝ Slack-ը, JIRA-ն, GitPrime-ը, G-Suite-ի ամբողջական փաթեթը, և այլն։ Տեխնիկական թիմն իր հերթին օգտագործում է 15Five հարթակը՝ իրական ժամանակում օրական թարմացումների ու լրացումների համար։ Այն օգնում է առաջացած խնդիրներին ու նոր մարտահրավերներին հնարավորինս արագ լուծումներ տրվեն։

Իհարկե, հնարավոր է մտածում եք, որ հեռավար աշխատանքը հեռացնում է մարդկանց իրական շփումից, եւ որ համավարակի ավարտից հետո մարդիկ ավելի շատ են զգալու շփման անհրաժեշտությունը: Այս մարտահրավերը լուծելու համար աշխարհում մի շարք ընկերություններ արդեն իսկ մշակում են ռազմավարություններ, թե ինչպես  շարունակեն հեռավար աշխատել եւ միաժամանակ երբեմն հանդիպել՝ օրինակ ուրբաթօրյա երեկույթների ձեւաչափով, որոնց ներկա կլինի ամբողջ թիմը: Սա թիմին թույլ կտա ավելի արժեւորել միմյանց հետ կապը, եւ ավելի սրտատրոփ սպասել հաջորդ ուրբաթին:

Կարող ենք արձանագրել, որ հեռավարը կշարունակի զարգանալ ու այս ռեժիմով աշխատանքի ավելի շատ սիրահարներ կհայտնվեն՝ թե գործատուների եւ թե աշխատակիցների մեջ: Արդեն այսօր վիրտուալ գրասենյակները դարձել են մեր առօրյայի բաղկացուցիչ մասը եւ այլեւս մեզ լքելու ցանկություն չունեն: